Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը նոր հնարավորություններ է բացում եվրաինտեգրման խորացման համար

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Վիեննայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Եվրոպական նոր հարեւանության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդների, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ Մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի, ԵՄ խորհրդի Արտաքին եւ ռազմաքաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ռոբերտ Կուպերի, Մարշալի հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տնօրեն Դեմեշ Պավոլի, եվրոպական հեղինակավոր հետազոտական-վերլուծական կենտրոններից մեկի` Ավստրիական հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Քրիստոֆ Միխալսկու հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումների ժամանակ, կարեւորելով Եվրամիության կողմից Հայաստանի գործողությունների ծրագրի հնարավորինս շուտ մեկնարկը, հույս հայտնեց, որ այն նոր հնարավորություններ կբացի Եվրոպական ինտեգրման հետագա խորացման համար: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների խորացման, առաջիկա համապետական ընտրություններին, Եվրոպական ինտեգրմանը, քաղաքական եւ ընտրական համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:



Նույն օրը Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ ԵՄ նախագահող երկրի հովանու ներքո կազմակերպված Ավստրիայի Հումանիտար գիտությունների ինստիտուտի կազմակերպած «Հետհամայնատիրական երկրներում ժողովրդավարության աջակցության Եվրոպական ռազմավարություններ» թեմայով խորհրդաժողովում:
 Ուշագրավ
---