Ընտրությունից հետո. «Ես մեղավոր չեմ», «Լեգիտիմ չէ», «Ազնիվ չէ»

Ընտրությունից հետո. «Ես մեղավոր չեմ», «Լեգիտիմ չէ», «Ազնիվ չէ»

PanARMENIAN.Net - ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը բոլոր այն հրապարակային և ոչ հրապարակային կասկածներին, թե ինչքանով օբյեկտիվ է եղել բացառապես հանրապետականների կողմից բաղկացած ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կողմից ԱԺ նախագահի քվեարկության արդյունքների ամփոփումը, պատասխանում է մեկ նախադասությամբ. «Թող բարի լինեին՝ գային, ներկա լինեին: Մենք իրենց համար ստեղծել էինք և՛ հնարավորություններ, և՛ առաջարկ՝ մասնակցելու։ Բոկոտեցին՝ մեկ: Երկու՝ Հրանտ Բագրատյանին ես մոտեցա՝ ասացի, որ եթե ուզում եք, կարող եք գալ, մասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստին: Հիմա ե՞ս եմ մեղավոր, որ իրենք չգիտեն՝ ինչ են անում»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

ԱԺ-ում ապրիլի 28-ին ժամը 18:30-ին ՀՀԿ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որում քննարկվել է ՀՀ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունելու վերաբերյալ հարցը: ԱԺ 6 խմբակցություններից 5-ը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՕԵԿ, հրաժարվել էին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որի հետևանքով 11 հոգանոց հանձնաժողովում քվորում չէր ապահովվում, իսկ ԱԺ նախագահի ընտրությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը գործի:

ՀՀԿ խմբակցությունը որոշել է ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ անդամների թիվը 5-ից դարձել 7: Այդ դեպքում արդեն 13 հոգանոց հանձնաժողովում 7 անդամների առկայությունն ապահովում է քվորում և հանձնաժողովը կարող է գործել: Թեև ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին քվերակությունը, 68 կողմ ձայնով որոշումն ընդունվեց:

«Ժառանգություն» խմբակցութան պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ապրիլի 29-ին տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրությունից հետո հայտարարել է, որ ԱԺ ընդդիմությունը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ հաշվիչ հանձաժողվի ստեղծումը, կարող է հայտարարել` ԱԺ նորընտիր նախագահ ոչ լեգիտիմ է:

Ազգային ժողովում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ 101 կողմ և 3 դեմ ձայով ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Երկրորդ թեկնածու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օգտին կողմ քվեարկած քվեարթերիկների թիվը 3-ն է, իսկ դեմ՝ 101-ը։ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, այսինքն առկա է եղել 106 քվեաթերթիկ, որոնցից 2-ը ճանաչվել է անվավեր։

Ըստ parliament.am կայքի՝ «Հանրապետական» խմբակցության կազմում ընդգրկված է 70 պատգամավոր։ Թեև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները մինչ քվեարկությունը հայտարարել էին, որ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության հարցում, բայց փաստորեն այն պատգամավորները, ովքեր նախընտրել են մասնակցել քվեարկությանը, իրենց ձայնը տվել են մեծամասնական խմբակցության թեկնածուին, գրում է Tert.am-ը։

Ավելի ուշ ԲՀԿ-ական պատգամավորները ոչ պաշտոնապես հայտարարել են, որ 11 ձայն են տվել Հրանտ Բագրատյանին: «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Facebook-ի իր էջում գրել է. « Հետևելով ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ տարատեսակ հայտարարություններին, կարծիքներին և վերլուծություններին և օգտվելով ԲՀԿ խմբակցության կայացրած որոշումից, այն է՝ ընտրություններին խմբակցության անդամները կարող են քվեարկել ազատ, հայտնում եմ, որ ես իմ խղճի և համոզմունքների թելադրանքով քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին»: ԲՀԿ կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս արձանագրել է, որ ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները «մշակել է» 7 հանրապետական պատգամավոր, և դեռ հայտնի չէ՝ ինչ է այնտեղ տեղի ունեցել։

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահի երեկվա ընտրություններին, մասնավորապես, ընտրությանը ոչ իշխանական ուժերի մասնակցության փաստին, նշել է. «Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկել, կարծում եք՝ նա իշխանության մա՞ս է»:

«Քառյակի նախնական հայտարարությունն այն էր, որ իրենք չպետք է մասնակցեն քվեարկությանը, տյունինգ մի արեք այն հայտարարությունները, որոնք ես եմ լսել և մի փորձեք հարմարեցնել ձեր ուզածին: Ես շատ ողջունում եմ, որ Ազգային ժողովում այդ ընտրություններին մասնակցել է պատգամավորների գերակշիռ մասը: Ես ողջունում եմ, որ այդ ընտրություններին մասնակցել են նաև պատգամավորներ ոչ իշխանական խմբակցություններից` ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր, քանի որ կարծում եմ` այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող է դիտվել, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում: Ե՛վ ԲՀԿ-ի, և՛ ՕԵԿ-ի, և՛ «Ժառանգության» անդամ Ալիկ Արզումանյանի և Փաշինյանի մասնակցությունը ես բարձր եմ գնահատում, քանի որ քաղաքական գործընթացները, այդուհանդերձ, որոշակի արժեհամակարգային շրջանակ ունեն»,- ասել է Աշոտյանը, գրում է Panorama.am-ը:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը քվեարկելուց անմիջապես հետո հայտարարել է, որ իր բարոյական պարտքն էր համարում քվեարկել գործընկերոջ օգտին, իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ ոչ միայն ասել էր, որ քվեարկել է Բագրատյանի օգտին, այլև լուսանկարել իր քվեաթերթիկը՝ հետագայում տարբեր շահարկումներից խուսափելու համար:

Անդրադառնալով ԱԺ նախագահի ընտրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 30-ին նշել է, որ երեկ ահազանգ է հնչել բոլոր մասնակցող ուժերի համար. «Ցավալի է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության ժամանակ չկար միահամուռ մոտեցում չորս ուժերի մոտ: Եվ սա վերջին ահազանգն է ուժերի համար` մինչև կառավարության ծրագրի ներկայացումը»,-ասաց նա՝ խորհուրդ տալով, որ ամեն մեկը ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ դրսևորած իր վարքը մեկնաբանի. «Սա վերջին քննությունն է»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն էլ նշել է. «Հաղթեց ո՛չ թե քաղաքական սկզբունքը, այլ՝ տարբեր-տարբեր շահեր: Իհա՛րկե, ազնիվ չէ»:

Ապրիլի 28-ին Ազգային ժողովում տեղի էր ունեցել թեկնածուների առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում։ «Հանրապետական» խմբակցության անունից հանդես էր եկել խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, որը նշել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և համանուն խմբակցությունը քննարկել և միաձայն որոշել է առաջադրել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել էր ինքնաառաջադրման մասին:

Ապրիլի 26-ին ՀՀԿ Գերագույն մարմնի ու Խորհրդի նիստերից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն միաձայն առաջադրել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Նախագահի առաջարկով քաղխորհուրդը Սահակյանի թեկնածության համար քվեարկել է միաձայն։ «Գալուստ Սահակյանը խորհրդարանական աշխատանքի իր երկարամյա փորձով այս պահին կարող է լավագույնս ղեկավարել Հայաստանի օրենսդիր մարմինը, և սա միայն իմ կարծիքը չէ՝ նախագահն ու ՀՀԿ խորհուրդն էլ են այդպես մտածում»,- նշել էր Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկել են միայն Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

Ապրիլի 3-ին արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, արդեն ամսի 13-ին Հայաստանի նախագահը նոր վարչապետի պաշտոնում նշանակել էր մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին։ Նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ով է Հովիկ Աբրահամյանի փոխարեն զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել էր, որ նման քննարկում չի եղել՝ հավելելով, որ հարցը կքննարկեն մինչև ապրիլի 28-ը կայանալիք ԱԺ լիագումար նիստը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---