Սերժ Սարգսյանը մեկնելու է Բուխարեստ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին կմեկնի Ռումինիա` մասնակցելու Բուխարեստում հրավիրված Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Եղիշե Սարգսյանը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարներ: Այցի շրջանակներում, ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների աշխատանքային ճաշին, որի ընթացքում տեղի կունենա «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով քննարկում: Բուխարեստում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարական պատվիրակությունը նույն օրը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
---