Հայկական ժառանգության եւ իրենց` հայերի վրացականացման մեջ մեղավոր է Երեւանի լռությունը

PanARMENIAN.Net - Հայ պատմաբան Սամվել Կարապետյանը ոչնչում չի մեղադրում Վրաստանի ձուլված հայերին: Այդ մասին նա հայտնեց Վրաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին պատմող «Լռություն» ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Ես նրանց մեղավոր չեմ համարում: Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց արդյունքում կարող են նման բաներ կատարվել... Վերջիվերջո, գոյություն ունի հայկական պետականություն, որը պետք է պատասխանատու լինի ոչ միայն 30 000 քառ. կմ-ի բնակչության, այլեւ առնվազն հարեւան երկրներում բնակվող հայրենակիցների համար»,- ասաց նա:



Պատմաբանը ներկայացրեց վրացալեզու հայերի համառոտ պատմությունը: «Նրանք Երեւանի խանությունից Վրաստան էին վերաբնակեցվել վրացական արքաների կողմից 18-րդ դարում հյուսիսկովկասյան ցեղերի դեմ պայքարելու համար, եւ տեղափոխվել էին գրեթե նույն մեթոդներով, որոնք օգտագործել էր Շահ Աբբաս II-ը, երբ հայերին վերաբնակեցնում էր Պարսկաստանի եւ Ռուսաստանի սահմանի երկարությամբ: Կովկասյան լեռնաշղթայի լանջերին եւ Դաղստանի հետ սահմանի վրա բնակեցվեց 103 գյուղ: Արդեն 20-րդ դարի սկզբին այնտեղ բնակվող հայերը հիմանականում մոռացել էին հայերեն լեզուն, բայց բազմաթիվ փորձեր էին ձեռնարկում նույնության վերականգնման համար, այդ թվում` նամակներ էին գրում հայոց կաթողիկոսին, թբիլիսյան հայկական կազմակերպություններին` դիմելով վրացալեզու հայկական թերթ ստեղծելու խնդրանքով: Բայց բոլոր դիմումներն անպատասխան մնացին: Եւ արդեն ստալինյան շրջանից հետո փորձերը դադարեցին»,- պատմեց Կարապետյանը:



Բայց դրանում նա մեղավոր չի տեսնում վրացական կողմին. «վրացական ղեկավարությունն անում է ամեն ինչ իր ժողովրդի համար, հայ ժողովրդի առջեւ նա պատասխանատու չէ»: «Եւ նրանք մինչեւ վերջ կգնան. նրանք վրացականացնում են ամեն ինչ մինչեւ վերջին հայկական եկեղեցին եւ վերջին հայը: Մեղավորը մեր լռությունն է»,- ասաց պատմաբանը` զուգահեռ անցկացնելով 2005թ. դեկտեմբերին Հին Ջուղայում հազարավոր խաչքարերի ոչնչացման հետ: «Այդ ժամանակ ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգության շատ կարեւոր մասը, բայց հայկական կողմը, առաջին հերթին` Արտաքին գործերի նախարարությունը, միայն պատրանք ստեղծեց, որ չի լռում, բայց ոչինչ չձեռնարկվեց: Ի տարբերություն վրացիների, հայերը չունեն ազգային պետություն»,- ընդգծեց Կարապետյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---