Օվերչուկ․ Ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում

Օվերչուկ․ Ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները, ասել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։

Նա ընդգծել է, որ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Սկզբունքային պահն այն է, թե աշխարհագրորեն որ մասով է անցնելու երկաթգիծը։ Մենք դա հնչեցրել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը», - ասաց Օվերչուկը։

Ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանեց դա կախված է Հայաստանի Հանրապետությունից:

Հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:

Հանդիպումից հետո կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

 Ուշագրավ
Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն
Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը
«Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա
---