Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն պատրաստվում որևէ բան քննարկել Թուրքիայի հետ

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն պատրաստվում որևէ բան քննարկել Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմական ուսմունքում փոփոխությունները հակասում են նրա սահմանադրությանը, քանի որ դրանում գրված է, որ հարկավոր է ձեռնպահ մնալ ցանկացած ռազմական գործողություններից: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, եթե հարևան հանրապետությունում ռազմակայաններ տեղակայվեն, ապա Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը: «Սակայն կայաններն Ադրբեջանի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում: Սակայն Հայաստանը բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ խոսում է Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մասին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա պատգամավորներին հիշեցրել է նաև, որ Հայաստանը դեռևս 2 տարի առաջ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հիմք է ընդունել Մադրիդյան սկզբունքները: «Մինչդեռ Ադրբեջանն ինչ-որ անհասկանալի հայտարարություններ է կատարում, թե, իբր, Հայաստանը չի ընդունում այդ սկզբունքները: Մադրիդյան սկզբունքների հիմքում ԼՂՀ կարգավիճակի խնդիրն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ: Իսկ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին «լայն ինքնավարություն տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ապա դրանով ցանկանում է կանխորոշել բանակցությունների ընթացքը: Բացի դրանից, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության ամրապնդմանն ուղղված ցանկացած նախաձեռնությունից` երկար ժամանակ չհամաձայնելով կրակի գծից դիպուկահարների հեռացմանը»,- ասել է Նալբանդյանը` ավելացնելով, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով փորձում է ձախողել բանակցությունները: «Հեբբելսի ոգով ադրբեջանական քարոզչությունը ոչ մի արդյունք չի տալիս, այն միայն մոլորեցնում է Ադրբեջանի ինչպես իշխանություններին, այնպես էլ ժողովրդին»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են քննարկել ԼՂՀ հիմնախնդիրը որքան ցանկանան: «Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն պատրաստվում որևէ բան քննարկել Թուրքիայի հետ»,- ասել է նա:

Նալբանդյանը գտնում է, որ Վլադիմիր Պուտինի Ստամբուլ կատարած այցի պատճառով հայ-ռուսական հարաբերությունների առիթով ոչ մի մտավախություններ չկան` նկատելով, որ այդ հարցը քննարկվել է փակ ռեժիմով:

Ինչ վերաբերում է Գազայի սեկտորի մոտ մայիսի 31-ին տեղի ունեցած միջադեպին, երբ 9 հոգի զոհվեց, ապա ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, քանի որ Հայաստանը հանդես է գալիս ուժի կիրառման ու շրջափակման դեմ: «Բայց մյուս կողմից որոշ երկրներ, որոնք հանդես են գալիս ուժի կիրառման ու շրջափակման դեմ, շատ առումներով իրենք էլ երկար տարիներ շրջափակում ու սպառնալիքներ են ստեղծում հարևանների համար»,- ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---