ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին որոշումը Հայաստանի ներքին գործն է

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարց է, իսկ ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին որոշումն այդ երկրի ներքին գործն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Լեհ դիվանագետի կարծիքով, Հայաստանի տարածքում ռազմակայանի ներկայության ժամկետը 49 տարով երկարացնելու փաստը դժվար թե անդրադառնա «Արևելյան գործընկերությանը» Երևանի մասնակցության վրա:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է նրան, թե որքանով է Հայաստանը պատրաստ հարմարվելու ԵՄ-ին: Դա շուկայի բաց լինելու, առողջ մրցակցության համար հնարավորությունների ստեղծման, անցագրային ռեժիմի պարզեցման հարց է»,- ասել է դիվանագետը:

Օգոստոսի 20-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի շրջանակներում Երևանում Արձանագրություն ստորագրվեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին: Արձանագրության համաձայն, Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը:

 Ուշագրավ
---