Հայ բլոգերները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի

PanARMENIAN.Net - 7-ին լրանում է ջավախահայ ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Նա շինծու մեղադրանքների հիման վրա վրացական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Մի խումբ հայ բլոգերներ ստորագրահավաք են կազմակերպել և կոչ են անում բոլորին իրենց ստորագրությունը դնել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախահայության իրավունքների հանրագրի տակ: Հանրագիրը հասցեագրված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ՄԱԿի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին: Հանրագրում մասնավորապես ասվում է. «Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը երկրի հայ ազգային փոքրամասնության, մասնավորապես պատմականորեն Վրաստանի հարավ-արևմտյան շրջաններում (Ջավախք) համախումբ բնակվող հայության նկատմամբ: Ոտնահարվում են ջավախահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական, մշակութային տարրական իրավունքները: Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչները, որոնք փորձում են բողոքել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, հետապնդվում են:

Այսպես, 2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1,000 օրը: Ձերբակալված լինելով 2008թ. Հնգօրյա պատերազմի նախօրյակին` նա վրացական դատարանի կողմից խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա հանրային գործունեությանը:

Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել: Ջավախահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների հարկադիր և տոտալ վերահսկողության տակ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, աշխատանքից են ազատվում այդ գործընթացի դեմ ձայն բարձրացնող հայ ուսուցիչները: Ջավախքահայության համընդհանուր հիասթափության և բոյկոտի պայմաններում կեղծվեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունները»:

«Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ, ձեռնարկել անհապաղ միջոցներ ուղղված ջավախքահայության նկատմամբ խտրական քաղաքականության կասեցմանը: Ի մասնավորի, մենք պահանջում ենք.

1. անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները:

2. տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում,

3. իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները,

4. վերացնել Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովական անցակետում` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքը,

5. կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացմանն ուղղված ծրագրերը,

6. վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքը: 2011թ. Մերձավոր Արևելքում ծայր առած իրադարձությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատմանը, կոչ ենք անում միջազգային և եվրոպական կառույցներին ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ.,-ասվում է բլոգերների կազմած հանրագրում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---