Էդվարդ Նալբանդյանը Դովիլում ընդունված հայտարարության մասին. պարզ է, թե ում են ուղղված միանշանակ ուղերձները

Էդվարդ Նալբանդյանը Դովիլում ընդունված հայտարարության մասին. պարզ է, թե ում են ուղղված միանշանակ ուղերձները

PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ մայիսի 26-ին Դովիլում Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարության վերաբերյալ: Արտգործնախարարը մասնավորապես նշում է.

«Այսօր, Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարեւոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար:

Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը:

Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը», հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ձևական ընդունումը, աջակցություն ցուցաբերել հաշտության պայմանագրի մշակմանը և ապա օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ համատեղ»,- նշվում է հայտարարության մեջ:

«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության և հաշտության հանգեցնել` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը «համոզված են, որ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ դիմակայության և անկայունության ներկայիս իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ և սնանկություն կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- նշել են նախագահները:

Նրանք արձանագրել են, որ «երկու կողմից, ինչպես նաև բոլոր մակարդակներում գործադրված ջանքերի արդյունքում համանախագահ երկրները զգալի առաջընթացի են հասել»: «Մարտի 5-ին Սոչիում քննարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակն արդար և հավասարակշռված հիմք է դնում համապարփակ հաշտության պայմանագիր պատրաստելու համար»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ: Համանախագահների կարծիքով, այդ փաստաթուղթը «կողմերին հնարավորություն է ընձեռում հաղթահարելու ներկայիս անհաղթահարելի իրադրությունը»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---