15  08.05.14 - Չտեսնված Երևան. Ծիծեռնակաբերդ. Երևանի ամենահին բնակատեղին Ք.Ա. XII դար
Չտեսնված Երևան. Ավելի հին, քան Էրեբունին. Երևանի սիրտը` Ծիծեռնակաբերդ

Չտեսնված Երևան. Ավելի հին, քան Էրեբունին. Երևանի սիրտը` Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդի հին պարիսպը ուշ բրոնզեդարի, վաղ երկաթի դարի է` XII-IX դար մ.թ.ա.

Ներկայիս Երևանի գրեթե կենտրոնում` նրանից քիչ դեպի հյուսիս-արևմուտք շեղված, գտնվում է տեղանքի նկատմամբ իշխող մի բլրախումբ` Ծիծեռնակաբերդի բլուր կոչվող ընդհանուր անվամբ: Հրազդանին մոտ գտնվելը, որը կարող էր սնուցել և միևնույն ժամանակ պաշտպանել այստեղ հանգրվանողներին, գնահատվել էր արդեն նախնադարում: Գետի միջին հոսանքում` Եռաբլրից մինչև Արզնի, կատարված են պալեոլիթի տարբեր փուլերին վերաբերող քարի գործիքների գյուտեր: Մեզոլիթին են առնչվում Երևան-1 և Երևան-2 քարայրները Հրազդան գետի աջ ափին` Ծիծեռնակաբերդից մոտ 2 կմ հարավ:

PanARMENIAN.Net - Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, պեղումներն իրականացնող խմբի ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյանը PanARMENIAN.Net ին պատմեց պեղումներն իրականացնելու առիթի և ամենաարժեքավոր գտածոների մասին: Պեղումներն անցել են 2 փուլով, առաջինը` 1998-ին:

Պրոֆեսորը նշեց, որ 1998-ին ահազանգ է ստացվել Երևանի կենտրոնում` Հրազդանի ձորում, Մանկական երկաթուղու կայարանի հանդիպակաց` աջ ափին սկսված ծավալուն շինարարության մասին, որի հետևանքով անխուսափելի էր դարձել ակնկալվող հնագիտական շերտերի ավիրումը:

«Ապագա առանձնատան սեփականատերը պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել պեղումները: Նա ինձ տվեց ժամանակ ու բանվորներ: Հենց այդ ժամանակ շինարարության բանվորների հետ պարզեցինք, որ Ծիծեռնակաբերդի բլուրը եղել է ամրոց, ունի հզոր պարիսպներ, առնվազն վաղ երկաթի դարի` Ք.Ա. X դար: Ցավոք, ժամանակը` ընդամենը 1 ամիս, չբավականացրեց ու չկարողացանք ավելի մանրամասն ուսումնասիրել, գուցե պատերը դրված են ավելի հին` բրոնզեդարյան հիմքերի վրա: Փոքրիկ մի տարածք հետո օտարվեց առանձնատան շինարարության համար, բայց դրանից վերև ու ներքև կարող էինք պեղել:

Պարզեցինք, որ նախնական պարսպից ներքև ժամանակի ընթացքում ընդարձակվել է բնակավայրը, երևի Երևանի ամենահին բնակավայրերից է, ավելի հին, քան Կարմիր բլուրն (Ք.Ա. VII դար) ու Էրեբունին (Ք.Ա. VIII դար): Իսկ Ծիծեռնակաբերդի բնակավայրը եղել է մինչև ուրարտացիների նվաճումը»,- ասաց Հակոբյանը:

Ի դեպ, ըստ պատմաբան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Էրեբունին ու Ծիծեռնակաբերդը եղել են երկու տարբեր բնակավայրեր, քանի որ այն ժամանակների չափանիշներով, գտնվել են իրարից բավական հեռու: Եվ իրականում հենց Ծիծեռնակաբերդն է Երևանի սիրտը, և ոչ թե Էրեբունին:

Եվ այսպես, այս հատվածում բացվել է պարիսպ, դրա առաջ դարավանդներ են ` 4-5 մետր լայնությամբ: Տերասաների վրա բազմաթիվ XII-XIII դարի թոնիրների են բացվել, հետաքրքիր խեցեղեն, կավամաններ, ջնարակած խեցեղեն և մի սնդկաման, որն օգտագործում էին Չինաստանից և Հնդկաստանից անուշահոտ յուղեր տեղափոխելու համար. «Տերասաներից մեկի տարածքում թոնիրների շերտից ներքև բացվեց մի շատ հետաքրքիր սենյակ, պեղեցինք մի անկյունը, մյուս անկյունները չկային, քարից սարքած կանոնավոր օջախ կար, մեջը` սև փայլեցված սրվակ, որը բնորոշ է Ք.Ա. XI-IX դարերին: Հետաքրքրական է, որ գետնի վրա ընկած էր վառված գերան` մի ծայրը գետնի վրա էր, մյուսն` ավելի վերև: Ենթադրաբար, հրդեհ էր եղել, ու առաստաղը փլվել էր: Դա մենք կապեցինք ուրարտական զորքերի հարձակման հետ բնակավայրի վրա: Դրանից հետո բլրի տարածքում պետք է ուրարտական ժամանակաշրջանի բնակավայրեր լինեն»:

Պրոֆեսորը նշեց, որ ապագա խոշոր առանձնատան տարածքից տեղահանվել և Ծիծեռնակաբերդի բլրի գագաթ էր տարվել բարձր լարման վիթխարի աշտարակը: Այն տեղափոխելու համար օգտագործվել էր նորագույն տեխնիկա, իսկ նրա առաջխաղացման նպատակով` բլրի գագաթի մի հատված տաշվել էր ծանր տեխնիկայի ճանապարհ կառուցելու համար. «Հիշյալ աշտարակն այսօր դարձել է բլրի համայնապատկերի անբաժան մասը և երևում է Կիևյան կամրջից Երևանի հարավային կողմը դիտելիս: Այս աշտարակը կանգնեցվել էր բլրի բարձր եզրին, որի երկաթբետոնե հենակների համար այստեղ փորվել էր մի լայն խանդակ: Այն զննելիս էլ երևաց հին բնակավայրի միջնաբերդը ժամանակին օղակած հաստահեղույս պարսպի հատվածը, արտաքին և ներսի ուղղահայաց կանգնեցված ճակատներով հանդերձ: Նշված կետից, որը գտնվում է Մանկական երկաթուղու կայարանի դիմաց` բլրի գագաթին, որձաքարից չոր շարվածքով կառուցած պատկառելի կիկլոպյան պարսպի մի գիծը (մոտ 1.5 մ հաստությամբ) այսօր ձգվում է «Հրազդան» մարզադաշտի ուղղությամբ: Այն ունի առնվազն 600 մ երկարություն»:

1998 թ. անհրաժեշտ էր արագ ուսումնասիրել Ծիծեռնակաբերդի լանջի այն հատվածը, որն անհետանալու էր մասնավոր կառույցի հիմքերի տակ: Հետևաբար, նվազ ուշադրություն է դարձվել հարակից տարածքի վրա, որի ուսումնասիրության համար առայժմ արգելքներ չեն հարուցված: Պեղման մեջ ընդգրկված տեղամասը հյուսիսից հարավ տարածվում էր 15 մ, իսկ լանջն ի վար` արևմուտքից արևելք, իջնում էր 20 մ: Այս հատվածում` անմիջապես Մանկական երկաթուղու կայարանի հանդիպակաց ափին, բնակավայրը զարգանում էր մ.թ. IX դ.: Իր ուսումնասիրություններն ամփոփող հոդվածում Հայկ Հակոբյանը գրել է, որ կյանքն այստեղ հարատևել էր հավանաբար մինչև XVII դարը. «1998-ին սահմանափակ գոտու վրա արված պեղումները թույլ տվեցին զգալի չափով համալրել մեր գիտելիքները Երևան քաղաքի կենտրոնում գտնվող և նախկինում հնագիտորեն չշոշափված բազմաշերտ բնավայրի սահմանների, կյանքի շրջափուլերի, մշակութային նկարագրի և պատմական բախտի վերաբերյալ»:

Ծիծեռնակաբերդի պատմության համար հույժ կարևոր են բյուզանդական պատմագրության մեջ հիշատակված հետևյալ տվյալները, որոնք վերաբերում են 1047 թ.: Համաձայն Հովհաննես Սկիլիցեսի, բյուզանդական կայսր Կոստանդին Մոնոմախը Դվինի ամիրա Շադդադյան Աբոի-լ-Ասվարի (Ապլեսֆարես) դեմ ուղարկեց Իբերիա բանակաթեմի դուքս Կատակալոն Կեկավմենոսին և ծագումով սարակինոս, զորավար-ավտոկրատես Կոստանդինին: Նրանք խուսափեցին հարձակվել Դվինի վրա, այլ փորձեցին նվաճել Անիի Բագրատունյաց նախկին տիրույթներին սահմանակից ամրությունները. Սուրմառի բերդը, Ամբերդը, Սուրբ Գրիգորը: Ապա «նրանք եկան նաև Խելիդոնիոն կոչված բերդը, որը գահավեժ լեռան վրա է կառուցված և գտնվում է Դվինից ոչ հեռու: Ահա այդ բերդը խրամատներով և ցանկապատով օղակի մեջ առնելով, ջանում էին (երկարատև) պաշարմամբ տիրանալ. պաշարյալները պարենի պակաս էին զգում, անակնկալ հարձակման պատճառով նրանք չէին հասցրել իրենց պարենով ապահովել: (Հռոմայեցիները) այս (բերդն) էլ կգրավեին, եթե Արևմուտքում հանկարծակի չբռնկվեր պատրիկ Լևոն Թոռնիկի ապստամբությունը: …դրա համար Իբերիա` Կոստանդինի մոտ պետական ձիերով սուրհանդակ է ուղարկվում` կայսերական նամակով, որով հրամայվում էր ձեռքի գործը թողնել և [զինական] ուժերով շտապ մայրաքաղաք վերադառնալ: (Կոստանդինն) նամակն ստանալով, հակառակ այն բանի, որ համարյա գրավել էր բերդը, վերացնում է պաշարումը, Ապլեսֆարեսի հետ հաշտություն կնքում… որից հետո վերցնելով զորքը շտապում է դեպի մայրաքաղաք: Խելիդոնիոնն ահա այսպես խույս տվեց գրավումից»:

2007-ին մեկնարկել է պեղումների երկրորդ փուլը. «Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պաշտոնպես դիմեց մեզ` պեղումներ իրականացնելու խնդրանքով: Մութ տարիներին բավական ակտիվ ծառահատումներ էին կատարվել Ծիծեռնակաբերդի անտառում, դրան հետևել էր կոճղերի այրումը: Այդ տարածքում, մեզ հասած տեղեկության համաձայն, առանձնատներ կառուցելու հեռահար նպատակ կար, որն անթույլատրելի է: Մի բան պարզ էր, այդ հատվածում անտառը վերականգնելն ահռելի միջոցներ ու մարդկային ռեսուրս էր պահանջում, ինչը Ցեղասպանության ինտիտուտի կարողություններից վեր էր: Որոշվել էր այդ հատվածի խողովակաշարը տեղափոխել անտառի խորքը` խտացնելու կանաչապատ գոտու ոռոգման ցանցը:

Սակայն պարզ էր, որ յուրաքանչյուր խողովակ հանելիս կարող էր հնություն վնասվել: Դեմոյանի խնդրանքը հետևյալն էր` հնագետները պետք է տեղում հետևեին գործընթացին ու խորհուրդ տային` շարունակել ապամոնտաժումը, թե` ոչ: Այսպես Ծիծեռնակաբերդում հայտնվեցի 2-րդ անգամ:

Հին չգործող խողովակաշարը և ջրավազաններն ապամոնտաժելու, դեպի արևմտյան կանաչ գոտին տեղաշարժելու աշխատանքները, անխուսափելիորեն, զուգորդվելու էին այս հատվածի անդրանիկ հնագիտական ուսումնասիրությունների հետ: Սա թելադրված է ինչպես բլրի մի ահռելի հատված բարեկարգելու, այնպես էլ նրա պատմամշակութային անցյալը վեր հանելու, գործող թանգարանի գործունեության անբաժան մասը դարձնելու նպատակով»:

Հայկ Հակոբյանը, ուսումնասիրելով տեղանքը, առանձնացրել է 4 տեղամաս, որտեղ, ըստ հնագետի, իմաստ ուներ առաջին քայլն անել: Դրանցից առաջինը` Ծիծեռնակի բերդ կոչվող փոքր բլրակը` բլրաշարի արևելյան մասում իշխում է ամբողջ տարածքի նկատմամբ: Այստեղ հետախուզության ժամանակ ամրագրվեցին պարսպի կանոնավոր հաստ պատերը և գագաթին ավերված դղյակի ներքին բաժանումների հետքերը, որոնք առանց պեղելու դժվար է նույնացնել:

«Հետախուզեցինք, բռոնզե դարի խեցեղեն կար և պարսպի ներսի ճակատն էր երևում, ամենաբարձր կետում դղյակի մնացորդներ են, դա չպեղեցինք, բայց ֆիքսել ենք, որ միջոցներ լինեն պեղենք: Անմիջապես ներքև` ստորոտում, լավ երևում է պարիսպ: Որոշեցինք բացել դրսի և ներսի ճակատներից գոնե 20 մ երկարությամբ: Պարիսպն առաջին հայացքից լայն պատ է: Հնագիտության մեջ, նայած` քարերն ինչ չափի են, նորմալ են կտրված, թե կիսամշակ են, կարող է ժամանակային ուղեցույց լինել; Այսպիսով, կարող ենք փաստել, որ այս դեպքում հին պարիսպը ուշ բրոնզեդարի, վաղ երկաթի դարի է` XII-IX դար մ.թ.ա: Բայց դրա հիմքի վրա հետագայում բարձրացվել էր մեկ ուրիշ պարիսպ, արդեն անտիկ ժամանակ` մ.թ.ա. I - մ.թ. I դարեր: Եթե ևս մեկ մետր էլ պեղեինք, հավանաբար ուրարտական շերտ էլ կգտնեինք»,- ենթադրում է Հակոբյանը:

Դղյակի ստորոտում` ձորակի մոտ, հավանաբար, գտնվում էր դարպասներից մեկը, որտեղից թեք պանդուսով իջնում էին դեպի Զանգվի ափը: Հյուսիսից հարավ ձգվող հարակից պարիսպն ունի մոտ 2 մ հաստությունը և կառուցված է միջին ու մեծ չափի ճեղքված բազալտի զանգվածներից` առանց համակցող շաղախի: Պարսպի գծից անմիջապես հարավ` հիշյալ դղյակով բլրակի ստորոտից մոտ 20 մ արևմուտք, բացվեց առաջին քառակուսին` 5x5 մ մակերեսով: Այրված ծառերի կոճղերն ու հողի վերին շերտը հեռացնելիս` ուրվագծվեցին անտիկ շինության մանրամասեր: Սենյակի մեջ նկատվում էին հին ավերածության հետքեր. հատակին ընկած էին պատից ներս շրջված զանգվածեղ քարեր:

Շինության հյուսիս-արևելյան կողմում դրված էր խոշոր ժայռաբեկորից տաշած պրոսոպոմորֆ կուռք: Այս անկյունում կուտակված էին բազմաթիվ ձվաձև գետաքարեր, որոնց նշանակությունն այստեղ դեռևս պարզված չէ, սակայն ենթադրվում է, որ օգտագործվել են ինքնապաշտպանական նպատակով` որպես կատապուլտայի արկ: Կուռքից քիչ հեռու հատակին դրված էր քարից մի բազմանկյուն խարիսխ: Սենյակի համար հյուսիսային պատ էր ծառայում բուն պարիսպը, իսկ գրեթե ուղիղ անկյան տակ նրան կցակառուցած արևելյան պատը, տեղանքի անկայունության հետևանքով, դեֆորմացվել էր` դառնալով գոգավոր: Սենյակի մուտքն ու մյուս պատերը հարկ կլինի փնտրել հարևան քառակուսիներում:

Հատակից մոտ 0.5 մ ավելի բարձր տարածվում էին միջնադարյան ինչ-որ կառույցի մասեր հին` արևելյան պատի առաջ դրված սալաքարերից կառուցած օջախով հանդերձ: Այստեղից գտնվող ամենամասսայական նյութը XI-XIV դդ. տիպիկ միջնադարյան խեցեղենն է: Այն բազմազան է և չի տարբերվում 1998 թ., արևելյան լանջի դարավանդներից պեղված համաժամանակյա խեցեղենից:

Երկրորդ տեղամասը նշվածից գտնվում է մոտ 35 մ դեպի հարավ: Այստեղ XX դ. կեսերի ծառատունկից, ավելի ուշ առուներ և ջրավազաններ կառուցելիս զգալի խաթարվել է հին մշակութային շերտը: Տեղում, դատելով այստեղ վատ պահպանված հզոր հիմքերի մնացորդներից, գտնվում էր մի մոնումենտալ շենք: Դղյակից դեպի հարավ-արևելք և արևելք փռված ընդարձակ բլրի հարթ գագաթից հարավ դեպի ձորն իջնում էին աստիճանաձև կառուցված լայն դարավանդներ: Պեղումներից հնարավոր դարձավ պարզել դրանց կառուցման սկզբունքը: Դարավանդ-աստիճանների վրա էին կառուցվել բլրի վրա եղած շինությունները, որոնցից այս պահին մնացել են փշրանքներ:

«Քանի որ բնակավայրն այստեղ ևս` 1998 թ. պեղված արևելյան լանջի նմանությամբ, հաջորդական դարավանդներով իջնում էր դեպի Հրազդանի ոլորանը` հույս կա, որ ստորոտին հին կառույցների մնացորդներն ավելի լավ պահպանված կլինեն»,- նշում է պեղումներն իրականացնող խմբի ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյան:

Երրորդ տեղամասը առաջինից գտնվում է մոտ 25 մ արևմուտք` երեք կողմից Հրազդանի հոսանքին նայող նույն ընդարձակ բլրի հյուսիսային եզրին: Պեղումները ձեռնարկելուց առաջ էլ այստեղ հիանալի երևում էին մի գծի վրա շարված ուղիղ ճակատով մեծ քարերը, որ ձգվում են մոտ 7 մ արևելքից արևմուտք: Արևմտյան ծայրում ուղիղ անկյան տակ բեկվելով` դրանք ստեղծում են մի փոքր ներքին բակ, որի ներսում դրված է ավելի քան 2 մ երկարություն և 1,5 մ լայնություն ունեցող զոհասեղանը: Պաշտամունքային այս համալիրը, նախնական դիտարկումների համաձայն, պետք է ունեցած լինի առնվազն անտիկ ժամանակներ հասնող վաղեմություն:

Չորրորդ տեղամասը գտնվում է Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի լանջից սկսվող ձորակից մոտ 500 մ արևելք` Ծիծեռնակաբերդի մեծ բլրի հարավարելյան հատվածում: Բարձր լարման հոսանքազրկված աշտարակի և դիմացի ափից երևացող եռանկյունի բացվածքով քարանձավի միջև տարածվում է առ այսօր հնագիտորեն չշոշափված, մասամբ մարդածին միջամտության հետքեր ունեցող բրոնզեդարյան դամբարանադաշտը: Անտառակի մեջ պահպանվել են լայն պատերով, սալահատակված մակերևույթով մի մոնումենտալ շենքի հարակից արևելյան և հյուսիսային պատերը:

«Անտառոտ մասում, որը դեռևս չի պեղվելու, բայց նկատի կունենանք, ուսումնասիրում էի քարանձավերն ու բացել եմ մի մեծ առանձնատան սենյակներից մեկը, դա պիտի լինի առնվազն հռոմեական շրջանի վերջ, և մի տեղ էլ բացվեց մի հսկայական դամբարան` վաղ երկաթի դարի: Դրանք սովորաբար ունենում են մի քանի տոննայանոց ծածկասալեր, մեկի կողքից փորել էին գանձագողերն ու հնարավոր ամեն ինչ տարել: Այս տարածքում շատ ուրիշ դամբարաններ կան, նպատակահարմար է մի արշավախումբ բերել ու նշված տեղամասերում պեղումներ անել, որ Ծիծեռնակաբերդը լինի ոչ միայն սգո ու պայծառ ապագայի կանխատեսմամբ հուշարձան, այլ` Երևանի անցյալը ցույց տվող անձնագիր: Նաև հայտնի է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցելիս ճարտարապետը տեսել է կավամաններ, հանձնել է անվանի հնագետներից մեկին: Դրա շնորհիվ հնագիտությանը հայտնի է, որ միջին բրոնզի ժամանակ` Ք.Ա. XX դար, այստեղ եղել է բնակավայր»,- նշեց Հայկ Հակոբյանը` որպես վերջաբան հավելելով, որ Եղեռնի թանգարան-ինստիտուտի տնօրինությունն ու ԳԱԱ-ն պատրաստ են համագործակցել և սպասում են միջոցների` գործը շարունակելու համար:

Ծիծեռնակաբերդի բլրաշարի չկառուցապատված արևելյան և հարավային մասերում ամենուրեք, նույնիսկ անզեն աչքով, տեսանելի են բնակելի կառույցների և դամբարանների մանրամասներ, որոնք անհապաղ անհրաժեշտ է ուսումնասիրել` փրկելով անտարբերությունից և անգամ կանխամտածված ոչնչացումից` վերստին առնելով այս բոլորը պահպաման գոտու մեջ: Անշուշտ, Երևանի կենտրոնում գտնվող այս հնագիտական կղզին ավելի հարուստ շերտագրություն ունի, քան հարակից տարածքի հուշարձանները և, իրավամբ, կարելի է դիտել որպես Նախնադարյան, Հին և Միջնադարյան Երևանի պատմության ու մշակույթի մի բացառիկ կենտրոնատեղի, որը վաղուց, թեև ուշացած` կարոտ է հնագիտական ուսումնասիրության և իմաստավորման:

Պեղումների մասին տեղեկություններն ու պատմական նյութը` «Հայկ Հակոբյան, Ծիծեռնակաբերդի 1998, 2007թթ. հնագիտական ուսումնասիրությունների նախնական արդյունքները»: Հուշարձան. տարեգիրք Զ, նվիրված Բ.Բ.Պիոտրովսկու ծննդյան 100- և Հ.Մ.Ջանփոլադյանի 90-ամյակներին, Երևան, 2010, էջ 21-34, ռեզյումեները ռուս. և անգլ.

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---