«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

«Մենք ենք այս քաղաքի տերերը». Մեզ չի հետաքրքրում, թե ով է «Ուսանողական այգում» շինարարական աշխատանքներ կատարում, մեզ հետաքրքրում է, թե ով է այդ շինարարության թույլտվությունը տվել

Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:

PanARMENIAN.Net - Ըստ նախաձեռնող խմբի, մի քանի սերունդների համար սիրելի դարձած «Ուսանողական այգին» (նախկինում` Ղ.Ղուկասյանի անվան) վերացման վտանգի տակ է: Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը: «Ընդամենը մեկ շաբաթում մենք դարձել ենք 2300 հոգի և պատրաստ ենք օգտագործել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր միջոցները զբոսայգու կառուցապատումը կանգնեցնելու համար: Տասնյակ կամավորներ արդեն իսկ մասնակցում են ստորագրահավաքին: Սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ», նշվում է հայտարարության մեջ:

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում «Ուսանողական այգու» խնդրի քննարկման նպատակով։ Հանդիպումից հետո կողմերը հանդես եկան հակասական հայտարարություններով: 3 ժամ տևած քննարկման արդյունքում Գագիկ Բեգլարյանը խոստացավ արգելել քաղաքի «կանաչ տարածքների» կառուցապատումը: Նա առաջարկեց շարժման ակտիվիստներին համագործակցել քաղաքապետարանի հետ քաղաքի խնդիրների լուծման հարցում: Նախաձեռնության հեղինակներն իրենց հերթին ընդգծեցին, որ կշարունակեն պայքարը բոլոր հնարավոր իրավական միջոցներով: Երևանի քաղաքապետարանն իր հերթին հայտարարել է, որ կառուցապատողին քաղաքաշինական առաջադրանք է տրվել` հիմնանորոգման շնորհիվ ապահովել Աբովյան փողոցից Վիկտոր Համբարձումյանի արձանի տեսանելիությունը: «Վերակառուցման հետևանքով զգալիորեն փոքրացել են նաև տաղավարների ծավալներն ու մակերեսները: Ամբողջովին փոխվելու և նորացվելու են Վ. Համբարձումյանի արձանի շրջակայքի ու ճեմուղու սալահատակն ու եզրաքարերը, թարմացվելու են տարածքի թփերն ու սիզամարգերը: Վերակառուցման նախագիծը մշակվել ու հաստատվել է` բացառելով ծառահատման հնարավորությունը: Քաղաքապետարանը ծառահատման որևէ թույլտվություն չի տրվել: Նշենք նաև, որ զբոսայգիների, այգիների, պուրակների ու, ընդհանրապես, կանաչ տարածքների վերականգնումը, պահպանումն ու խնամքը Երևանի քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղություններն են», ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: Սակայն հայտարարությունները սրանով չավարտվեցին: Ելնելով այն փաստից, որ Երևանի քաղաքապետարանի մայիսի 7-ին հրապարակած հաղորդագրությունը «Ուսանողական այգու» խնդրի շուրջ չի արտացոլում քաղաքապետի հետ հանդիպման էությունն ու գլխավոր շեշտադրումները` «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտնում է հետևյալը. «Քննարկման մասնակիցների ճնշող մեծամասնության կողմից պահանջվել է դադարեցնել շինարարությունը և լիարժեք կերպով վերականգնել հանրային զբոսայգին՝ նշելով, որ այգում իրականացվող երկու կառուցապատումները բնապահպանական, ճարտարապետական, քաղաքաշինական չափանիշներով և, ըստ ՀՀ օրենսդրության պահանջների, տեղ չունեն հանրային զբոսայգում և պետք է ապամոնտաժվեն»: Քաղաքապետարանի մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նա հրաժարվում է իր պատասխանատվությունից վերոնշյալ կառուցապատման համար: Քաղաքապետի հետ քննարկմանը հաջորդող օրերին շարունակվել է նշված երկու կառույցների շինարարությունը, ինչն ավելի է բարդացնելու խնդրի վերջնական հանգուցալուծումը: «Ինձ հուզում են այն լայնածավալ շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են «Ուսանողական այգում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քանդակագործ, Երևանի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր, Վիկտոր Համբարձումյանի արձանի հեղինակ Տարիել Հակոբյանը: «Ես առաջին հերթին խոսում եմ ոչ թե որպես քանդակագործ, որի ստեղծագործությունը տուժելու է այդ գործողություններից, այլ որպես քաղաքացի, Երևանի բնակիչ: Չի կարելի քանդել մեր քաղաքի այգիները: Դա ուղղակի զայրացուցիչ է: Ինչպե՞ս կարելի է ծառերի փոխարեն բետոնե պատեր կառուցել: Բացի դրանից, բոլոր այդ սրճարանները, ռեստորանները, ժամանցի կենտրոնները շեղում են երիտասարդներին. հատկապես այս դեպքում, երբ շինությունը կանգնելու է այդտեղ` ուսումնական և գիտական հաստատությունների կողքին»,- ասել է քանդակագործը: Մայիսի 14-ին «Ուսանողական այգում» շինարարության իրականացման դեմ ստորագրահավաքի վերջին օրն է: PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն ասել է, որ քաղաքապետարանի հետ հանդիպումները միայն ճարտասանության առիթ են տվել: Ոչ մի քայլ այդպես էլ չի ձեռնարկվել: Ավթանդիլյանի խոսքերի համաձայն, իրենց հետագա քայլերը կախված են ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի նամակին տված քաղաքապետի պատասխանից: Ավթանդիլյանը նաև նշել է, որ այգում կատարվող շինարարության դեմ ակտիվիստների նախաձեռնությամբ հավաքվել է, մոտավոր տվյալների համաձայն, 16000 ստորագրություն: 90-ականներն իրենց դրոշմը թողեցին քաղաքի վրա. սրճարաններ այգիների փոխարեն, գիշերային ակումբներ բնակելի շենքերի տարածքում, ամենուր առևտրի կրպակներ: Վերջերս ամենաթողության նման դրսևորումների դեմ բողոքելու ակտիվ փորձերն ուրախալի են: Սակայն, հռետորական հայտարարություններից զատ, ակտիվ գործողություններ, հատկապես իշխանությունների կողմից, չեն ձեռնարկվում: Ինչպես «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի դեպքում, խոսեցին ու մոռացան: Շատերին ուղղակի ամբիոն է հարկավոր հայտարարությունների համար, ընդ որում, թեման կարևոր չէ, միայն թե ելույթ ունենալու առիթ լինի: Եվ որքան էլ ակտիվիստները խորհրդանշական ակցիաներ անցկացնեն, որքան էլ ծառերին «փաթաթվեն», բոլոր այդ քայլերը խորհրդանշական կմնան, քանի որ եթե հասարակությունը գտնվում է կայացման ճանապարհին, ապա նրա այդ նախաձեռնությունները միայն առաջին քայլերը կարող են լինել: Կարելի է միայն հուսալ, որ այդ գործողություններն արդյունավետ կլինեն: Եթե ոչ այսօր, գոնե`երբևէ:

Արմեն Եսայանց / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---