Գարնանային տոներին հայ կանանց մեկ փունջ ծաղկեփունջ նվիրելը միջինը կարժենա 15 000 դրամ

Տոների նախաշեմին Հայաստանում ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով

Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում գարնանային տոները նշվում են մի ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Եվ, ինչպես միշտ, տոների նախաշեմին ծաղիկների շուկայում սկսվում է իրարանցում, ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով: «Ծաղիկների գները գարնանային տոների շրջանում թելադրում է շուկան, և պետք չէ գուշակել, թե որ ծաղիկն ինչ կարժենա»,- հավաստիացրել են Flowers Armenia Inc-ից: Այստեղից նաև PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ մեծ պահանջարկ ունի ծաղիկների թագուհին՝ վարդը, ինչպես նաև հերբերան և շուշանը: Վերջին շրջանում հաճախորդներին հետաքրքրում են էկզոտիկ ծաղիկները, յուրօրինակ խոլորձները, կալա հիշեցնող կարմիր ծաղիկները՝ անտուրիում, որոնք վաճառվում են ինչպես փնջով (5000 դրամ), այնպես էլ առանձին: Նման ծաղիկների տեղափոխման դեպքում ռիսկը մեծ է, քանի որ դրանք տեղափոխվում են ջերմաստիճանային նորմերը հաշվի առնելով և կարող են «ապրել» 20-30 օր, իսկ ջերմաստիճանի անկման դեպքում դրանց «կյանքը» զգալիորեն կրճատվում է:

PanARMENIAN.Net - Հայաստանում ծաղիկների մանրածախ և մեծածախ գինը զգալիորեն տարբերվում է: Հոլանդական վարդերի մեծածախ գինը Հայաստանում տատանվում է 5-10 դոլարի միջև, իսկ տեղական վարդերի գինը՝ 2-5 դոլար: Մեխակների մեծածախ գինը կազմում է 150-200 դրամ, հերբերայինը՝ շուրջ 300 դրամ:

Ֆլորիստների կարծիքով, Հայաստանում ավելացել է ջերմոցային ծաղիկների արտադրությունը, մասնավորապես, հայ ֆլորիստները սկսել են աճեցնել կալա և գերբերա, որը պահանջում է մանրակրկիտ խնամք, քանի որ արագ է վարակվում ծաղկային հիվանդություններով, ուստի յուրաքանչյուր ծաղիկ աճեցվում է առանձին տարայի մեջ:

Չնայած նրան, որ նախորդ տոնի՝ «Սուրբ Վալենտինի օրվա» ժամանակ կակաչները դեռ մեծ պահանջարկ չէին վայելում, ինչպիսին նարգիզը, ձնծաղիկները և միմոզան, դրանք նույնպես իրենց տեղն ունեն, առավել ևս վաճառքում կարելի է տեսնել գեղեցիկ դեղին կակաչներ: Միջինը ծաղկեփունջը գարնանային տոներին արժի 15 000 դրամ (շուրջ 40 դոլար): Ինչպես նշում են ֆլորիստները, ծաղիկների գները գարնան գալուստի հետ բարձրացել են՝ սկսած մարտ ամսից: Այսօր տեղական մեկ կակաչն արժե 300 դրամ, իսկ հոլանդական դեղին կակաչը՝ 800 դրամ, 1 հատ տեղական վարդն արժե 500 դրամ, իսկ հոլանդականը՝ 1000 դրամ, 1 նարգիզն արժե 150 դրամ, ձնծաղիկների փունջը կարելի է գնել 300 դրամով:

Հայաստանում ծաղիկների խոշոր ներկրողներ են «Վարդերի աշխարհը», «Բրաբիոնը», իսկ սենյակային բույսերի՝ «Մարմարի աշխարհը», «Մամա Ֆլորան», Green palace-ը:

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, 2010-ին Հայաստան է ներկրվել 917 հազար ծաղիկ և կոկոն, մաքսային արժեքը կազմել է 537 հազար դոլար 2009-ի 315 հազարի փոխարեն (428 հազար դոլար): Բացի դրանից, նշված շրջանում ներկրվել է 7տոննա ծաղիկ և կոկոն, մաքսային արժեքը կազմել է 120 հազար դոլար, 2009-ի 5 տոննայի փոխարեն (316 հազար դոլար):

Միաժամանակ, 2010-ին Հայաստանից արտահանվել է 228 հազար ծաղիկ և կոկոն, մաքսային արժեքը կազմել է 32 հազար դոլար 2009-ի 14 հազարի փոխարեն (2 հազար դոլար):

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---