25  23.04.14 - Հայոց ցեղասպանության 99 ամյակին նվիրված ջահերով երթը

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ. Մասնակիցները բաց նամակ են հանձնել նախագահին

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ. Մասնակիցները բաց նամակ են հանձնել նախագահին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Ազատության հրապարակից արդեն 15-րդ անգամ մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ, որը, ինչպես միշտ, կազմակերպել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունը:

Երիտասարդներն այս անգամ էլ իրենց ջահերը վառեցին Թուրքիայի այրվող դրոշի կրակից:

«Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար: Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում: Այսօր թուրքիայի վարչապետը հայտարարություն է տարածել, քանի որ վախեցել է ձեզնից և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող նմանատիպ երթերից և փորձել է խաբել աշխարհին՝ ներողության փոխարեն ցավակցություն հայտնելով, կարծես թե երկրաշարժ է եղել, և մարդիկ են մահացել: Մենք «Ո´չ» ենք ասում ժխտողական քաղաքականությանը և շարունակելու ենք պայքարը: Մեր պահանջն է՝ արդարություն, հատուցում, ճանաչում»,- Ազատության հրապարակում իր ելույթում նշել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, գրում է Tert.am-ը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին զարմացրել է բոլորին՝ պատմության մեջ առաջին անգամ նա իր պետության անունից ցավակցել է 20-րդ դարեսկզբին «իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին: «Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»,- իր հայտարարությունում, որը թարգմանվել է 8 լեզվով, այդ թվում՝ արևմտահայերեն ու արևելահայերեն, նշել է Էրդողանը։

Թուրքիայում տեղի ունեցածն այդ երկրի վարչապետը ձևակերպել է որպես «1915 թվականի իրադարձություններ» և «ընդհանուր ցավ» որակել: «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղած ցավալի իրադարձոթյունները բոլորիս ընդանուր վիշտն են: Պատմության այդ ցավալի շրջանին արդարամիտ հիշողության տեսնակյունից նայելը մարդկային և գիտական պատասխանատվություն է»:

Էրդողանի գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բազմակարծություն է Թուրքիայում, ինչը կարևոր է խոսքի ազատության տեսանկյունից։ Նրա խոսքով, անընդունելի է, որ 1915-ի դեպքերը քաղաքական կոնֆլիկտներ ստեղծելու համար Թուրքիայի դեմ որպես պատրվակ օգտագործվեն:

Այնուհետև երիտասարդները ջահերով, հայոց եռագույնով ու պաստառներով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերի հուշահամալիր: Ճանապարհին երիտասարդները երգել են ազգային-ազատագրական երգեր:

Երթի ընթացքում ՀՅԴ երիտմիության անդամները ՀՀ նախագահի նստավայրի մոտ բաց նամակ են հանձնել նախագահի աշխատակազմի անդամին` ուղղված Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես նշվում է.

«Մեծարգո պարոն նախագահ,

- Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռևս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,

- Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,

- Նկատի ունենալով «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիրը,

- Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը,

- Հիմք ընդունելով ՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,

Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից»:

Երթին միացած Հայ առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ իրենց հետ Ծիծեռնակաբերդի բարձունք տարան փայտե մեծ խաչ: Այնուհետև հուշակոթողի ներսում՝ Անմար կրակի շուրջը ծաղիկներ դնելուց հետո հոգեհանգստյան կարգ են մատուցել՝ 99 տարի առաջ թուրքական յաթաղանին զոհ դարձած 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:

Հոգեհանգստյան կարգի ավարտից և հոգևորականների հեռանալուց հետո երթի մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ:

Արդեն 15 տարի ապրիլի 24-ի նախօրեին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ջահերով երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության հուշահամալիր: Կազմակերպիչները մեկնաբանում են, որ ջահը հաղթանակի, պայքարի խորհրդանիշ է:

Երթն առաջին անգամ կազմակերպվել է 1999-ին և ունեցել ընդամենը 200-300 մասնակից: Վերջին տարիներին մասնակիցների թիվը հասնում է 10-12 000-ի: Տարիների ընթացքում երթը կորցրել է քաղաքական ենթատեքստը: «Դատապարտում, ճանաչում, փոխհատուցում» խորագրի ներքո անցկացվող երթին մասնակցում են երիտասարդներ` անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից:

Երթն ավարտվում է գիշերը 23-24-ի սահմաններում: Երթին հաջորդում է հսկման գիշերը: Երթի մասնակիցները ջահերով շրջկալ են կազմում հուշահամալիրի մոտ, կրակ վառում` փորձելով իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել Թուրքիայի ու ամբողջ աշխարհի համար:

Ջահերով երթեր են կազմակերպվում նաև Սփյուռքի գաղթօջախներում և Հայաստանի շրջաններում` Իջևանում, Գյումրիում, Վանաձորում, Սիսյանում, Կապանում և այլն:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---