ԱԱԾ․ Շիրակում կոռուպցիոն բացահայտումներ կան` մոտ 42 մլն դրամ է հափշտակվել

ԱԱԾ․ Շիրակում կոռուպցիոն բացահայտումներ կան` մոտ 42 մլն դրամ է հափշտակվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 41,800,000 դրամ հափշտակելու դեպքեր:

«Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ, 2012-2019 թթ․ ընդհանուր 9 անձի հրամանագրել է տարբեր հաստիքներում և նրանց աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով անհիմն կարգով ելքագրվել է ընդհանուր 23,800,000 դրամ։

Գումարն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից։

Մեկ այլ քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2001-2019 թթ․ զբաղեցնող անձինք, նախնական համաձայնության գալով նույն կազմակերպության հաշվապահի հետ, «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարբեր հաստիքներում որպես աշխատակիցներ հրամանագրել են 10 անձի, որից հետո, վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում, կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման։

Արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Գյումրու համայնքապետարանի գույքային ֆոնդից անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 18,000,000 դրամ, որը հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նշված կազմակերպություններում կոռուպցիոն մեխանիզմն ամբողջությամբ բացահայտելու, պետությանն ու համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---