Աբրահամյան․ Գերությունից վերադարձած զինվորի կալանքն անհամատեղելի է վնասվածքի հետ՝ ոտքի անդամահատման վտանգ կա

Աբրահամյան․ Գերությունից վերադարձած զինվորի կալանքն անհամատեղելի է վնասվածքի հետ՝ ոտքի անդամահատման վտանգ կա

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայող Արեն Արամյանին, հայտնել է, որ կալանքն անհամատեղելի է նրա վնասվածքի հետ՝ ոտքի անդամահատման վտանգ կա։

Հունվարի 21-ին փաստաբան Արա Կարապետյանի միջնորդության հիման վրա տեղի է ունենալու նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստը։

Նշվում է, որ զինծառայող Արամյանը 2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։

Արեն Արամյանը մասնակցել է 2016-ի քառօրյա պատերազմին, 2020-ի հուլիսյան դեպքերին և 2020-ի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար հրամանատարության կողմից ներկայացվել է պետական պարգևի։

«2021 թվականի նոյեմբերի 16-ին, դիմակայելով թշնամու գրոհներին, վարել է մարտական գործողություններ, որի ընթացքում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում ծնկի շրջանում, ինչից հետո թշնամին մոտեցել է ու ինքնաձիգի պոչով հարվածներ է հասցրել Արեն Արամյանի գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Գերեվարվելուց հետո ենթարկվել է խոշտանգումների։

Հայրենիք վերադառնալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել։ Տասն օր անց Արեն Արամյանը դուրս է գրվել զինհոսպիտալից և անմիջապես ձերբակալվել։

Արեն Արամյանի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ աջ ազդոսկրի դրսային կոճի ներհոդային բազմաբեկոր կոտրվածքով, աջ քունքային շրջանի կարած վերք և խորհուրդ է տրվել շարունակել ծնկահոդի ֆիքսատրով անշարժացումը ևս մեկ ամիս, որից հետո վերականգնողական բուժում: Ինչը ՔԿՀ-ում հնարավոր չէ իրականացնել:

Պաշտպանի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին 2021-ի դեկտեմբերի 22-ին հասցեագրված հարցմանն ի պատասխան, հունվարի 12-ին ՊՈԱԿ-ից ստացվել է գրություն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում խորհուրդ է տրվել պլանային կարգով կատարել Արեն Արամյանի ԷՆՄԳ հետազոտություն, իզոնետրիկ և վերականգնողական վարժություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սիմպտոմատիկ բուժում:

Նույն օրը Արամյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 2022-ի հունվարի 13-ին Արեն Արամյանը տեղեկացրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկությունում, բժիշկները առավոտյան իրեն հետազոտել են և հայտարարել, որ հիմնարկության պայմաններում, հնարավոր չէ իրականացնել ոտքի բուժումը և վերականգնումը:

Հունվարի 19-ին Արեն Արամյանը հետազոտվել է Արմեդ ԲԿ-ում, որտեղ նրան հայտնել են, որ ոտքի ներվային համակարգը գրեթե չի աշխատում և եթե բժշկական միջամտություն չլինի, ապա կարճ ժամանակ անց ոտքի վերջույթը հնարավոր է ամպուտացնեն: (Այդ մասին հայտնել է հետազոտող բժիշկը, ներկա պահին փաստաթղթային ախտորոշումը դեռևս չի ստացվել):

Անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեական գործով է անցնում զինծառայողը, ակնհայտ է, որ կալանքի տակ գտնվելն անհամատեղելի է նրա վիրավորմանն ու հետագա բուժմանը. այս պահին նույնիսկ ոտքի վերջույթի ամպուտացման վտանգ կա»,-ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը հուսով է, որ այս գործոնները հաշվի կառնվեն և զինծառայողի խափանման միջոցը կփոխվի, այլապես ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---