44-օրյայում զոհվածների ծնողները մեկնում են Սյունիք. Փորձելու են Տեղի անցակետով մտնել Բերձորի միջանցք

44-օրյայում զոհվածների ծնողները մեկնում են Սյունիք. Փորձելու են Տեղի անցակետով մտնել Բերձորի միջանցք

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական-քաղաքական գործիչներ, մարտի 31-ին ժամը 13.00-ին Եռաբլուր պանթեոնից շարժվելու են դեպի Սյունիք՝ փորձելու են հասնել Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ ու մտնել Բերձորի միջանցք:

Այցի նպատակն է տեղում պարզել, թե ինչպես են մարտի 30-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաջողել ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք: Այս պահին Սյունիք մեկնող խաղաղ ցույցի մասնակիցներն արդեն Եռաբլուրում են, հայտնում է Aravot.am-ը։

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը տեղեկացրել է, որ Եռաբլուրից հայտարարություն են տարածելու՝ ակնկալիքով, որ հանրային այլ շրջանակներ ևս կմիանան իրենց նախաձեռնությանը։

Նա փոխանցել է, որ ՊՆ-ի ներկայացուցիչները թույլ չեն տալիս, որպեսզի զոհվածների ծնողները Եռաբլուրի տարածքից հնչեցնեն իրենց կոչ-հայտարարությունը՝ ասելով, որ այդ տարածքում տեսանկարահանումներ չեն թույլատրվում:

Նաիրա Մելիքյանն ասել է, որ փորձելու են Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետով մտնել Բերձորի միջանցք։

«Հաագայի դատարանի որոշում կա, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի, Ալիևն էլ առավոտից-իրիկուն հայտարարում է, որ ճանապարհը բաց է։ Հիմա մենք գնում ենք այնտեղ, եթե կարողանանք տեսնել դիտորդներին, ապա հարցեր կուղղենք միջազգային դատարանի որոշման ու դրա չկատարման վերաբերյալ»,-ասել է նա։

Նա հավելել է, որ, իհարկե, փորձելու են հասնել մինչև Լաչինի միջանցք, բայց մինչ այդ կա հայկական անցակետ ու հնարավոր է՝ իրենց թույլ չտան անցնել։

Ակցիայի մասնակիցները ցանկանում են սեփական աչքերով տեսնել, թե ադրբեջանական զինուժը որքա՞ն է մխրճվել հայկական տարածք և տեղում գտնվող պատասխանատուներից ստանալ պարզաբանումներ, թե ինչպե՞ս է դա հնարավոր եղել:

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---