Հայաստանի օմբուդսմենը քննարկում է կազմակերպել «Հեռուսատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում առկա վիճահարույց և տարակարծիք մեկնաբանությունների արժանացած դրույթների վերաբերյալ: Ինչպես հայտնել է PanARMENAIN.Net-ին ՀՀ օմբուդսմենի մամլո ծառայությունը, քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք այլ շահագրգիռ անձիք:

Հանդիպման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց իր համար մտահոգության տեղիք տվող դրույթները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին փոխանցեց օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:

Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց մտահոգող դրույթների մասին մոտ երկու տասնյակ հարցադրումներ: Վերջիններիս հիմնականում պատասխանում էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որոնք ընդունեցին որոշ հարցադրումների իրավացիությունը, որոշների վերաբերյալ հայտնեցին իրենց անհամաձայնությունը և ներկայացրին պարզաբանումներ:

Ըստ Ներսես Երիցյանի հնչեցված բոլոր խնդիրներն ու հարցադրումներն արձանագրվել են և առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում դրանց վերաբերյալ կտրվեն համապատասխան սպառիչ մեկնաբանություններ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն առաջարկեցին բոլոր մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ կազմել հարցաշար և գրավոր տեսքով ներկայացնել օրինագծի հեղինակներին: Էկոնոմիկայի նախարարը նշված առաջարկին դրական արձագանքեց և խոստացավ ներկայացնել իրենց դիրքորոշումն առաջիկա քննարկումներին, որոնց մասնակցության պատրաստակամություն հայտնեց նաև Արմեն Հարությունյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---