Տիգրան Սարգսյան. Միջազգային զբոսաշրջային քարտեզներում հայտնվեց նոր կենտրոն

Տիգրան Սարգսյան. Միջազգային զբոսաշրջային քարտեզներում հայտնվեց նոր կենտրոն

PanARMENIAN.Net - Տաթևի ճոպանուղու բացումով միջազգային զբոսաշրջային քարտեզներում կհայտնի նոր հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն, որը տարբերվում է իր բացառիկ ինժեներական լուծումներով և իր երկարությամբ: Այդ մասին Տաթևի վանական համալիրում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ ճոպանուղիներով հետաքրքրվող զբոսաշրջիկները կվերցնեն այդ քարտեզը և կընտրեն Տաթևը, ինչը հնարավորություն կտա նրանց տեսնել հիանալի ճարտարապետական գլուխգործոցը:

«Ակնհայտ է, որ ճոպանուղու շինարարությունը և ճանապարհների վերանորոգումը նպաստում են նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը»,- նշել է ՀՀ վարչապետը: Նա նաև ասել է, որ կառավարության նպատակն է հասնել տարեկան զբոսաշրջիկների 3 մլն-անոց հոսքի:

«Մենք զարգացնում ենք զբոսաշրջության ոլորտը ոչ միայն «Տաթևի վերածնունդ» ծրագրով: Մենք իրագործում ենք նաև այլ ծրագրեր: Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի հովանու ներքո գոյություն ունեն զբոսաշրջության զարգացման ծրագրեր, որոնք ընդգրկում են Դիլիջանը, Սևանը և Ծաղկաձորը: Ոլորտի զարգացմանը աջակցում է նաև ենթակառույցների և առավել մատչելի հյուրանոցների կառուցումը»,- ասել է վարչապետը:

Նա ցավով նշել է, որ տնտեսական ճգնաժամը հարված է հասցրել երկրի տնտեսությանը և շատ ծրագրեր հետաձգվել են: «Եթե համաշխարհային տնտեսությունը տարեկան աճի 3 տոկոսով, Հայաստանը կարձանագրի 10-15 տոկոս աճ, և մեր նպատակը` զբոսաշրջիկների 3 մլն-անոց հոսքը, կիրականանա 6-7 տարի անց»,- հայտարարել է Տ. Սարգսյանը:

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: Ճոպանուղու առաջին ուղևորները դարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և մերձակա գյուղերի 7 երեխաներ: Միջոցառումը Տաթև է բերել հարյուրավոր հյուրերի աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերը ծրագրի բարերարներն են: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---