2010 թվականին Հայաստանում ապաստան է խնդրել 50 օտարերկրացի

PanARMENIAN.Net - 2010 թվականի ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու համար ծառայություն է դիմել 50 օտարերկրյա քաղաքացի, որից 14-ի դիմումը բավարարվել է, 23-ինը մերժվել , 5-ինը կասեցվել, իսկ 8 դիմում գտնվում է քննարկման փուլում: Վերջնական մերժում ստացած 6 անձանց Հայաստանից արտաքսելու համար ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանություն, մերժում ստացած 8 օտարերկրացի դիմել է դատարան: Ապաստանի հայցով դիմողները եղել են Իրանից, Իրաքից, Աֆղանստանից, Չինաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Նիգերիայից, Կոտ դ`Իվուարից, Մալիից, Սիրիայից:

Փախստականներից 2010թ. ստացվել է հանրակացարանով ապահովման վերաբերյալ 264 դիմում, համապատասխան ուսումնասիրություններից հետո բավարարվել է 50-ը: Ներկայումս ՏԿՆ ենթակայության տակ գտնվող հանրակացարանային ֆոնդը գրեթե սպառված է: Խորհրդակցության ընթացքում միաժամանակ առաջնահերթ համարվեց Երեւանում փախստականներով բնակեցված մի շարք հանրակացարանների շենքային պայմանների բարելավման խնդիրը:

Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 284 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է 82 884:

Դեռեւս ամբողջությամբ լուծված չէ Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովման խնդիրը, եւ այդ նպատակով 2011թ. պետական բյուջեում գումարներ չեն նախատեսվել: Ներկայումս բնակարանային խնդիր ունի 1169 ընտանիք, որից 860-ը` Երեւանում: Սակայն քայլեր ձեռնարկվում են այլ միջոցներ ներգրավելու ճանապարհով խնդիրը լուծելու ուղղությամբ: Մասնավորապես` այդ նպատակով 2011թ. նախատեսվում է Երեւանում անցկացնել միջազգային դոնոր կազմակերպությունների հանդիպում-քննարկում, հայտնում է տեղական կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---