10  Հայկական բանակ

Ո՞վ պետք է դաստիարակի հայ զավակներին... թե՞ բանակը արդեն դայակություն է անում

Ո՞վ պետք է դաստիարակի հայ զավակներին... թե՞ բանակը արդեն դայակություն է անում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համընդհանուր մտահոգվություն է հայտնել բանակում ծառայած երիտասարդների հետագա ճակատագրով: Այդ խնդիրը լուծելու համար կառավարությունը որոշել է, որ այսուհետ «բանակում կաշխատեն յուրաքանչյուր զինծառայողի հետ` որոշելու համար նրա ցանկություններն ու հնարավորությունները հետագա կյանքը դասավորելու համար, աջակցություն կցուցաբերվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան որոշում կայացնել ու շարունակել կրթությունը: «Դա նշանակում է, որ ծնողները, բանակ ուղարկելով իրենց երեխաներին, պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կկարողանա հոգալ նրանց հետագա ճակատագրի մասին»,- հավելել է վարչապետը:

Պարզ ասած` կառավարությունը երիտասարդության դաստիարակության հոգսը բարդել է բանակի վրա:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երեխային առաջին հերթին պետք է դաստիարակի ծնողը, որից երեխային փոխանցվում են հիմնական կենսական արժեքները: Այնուհետև դպրոցը, որտեղ բացի գիտելիքներից երեխաների մոտ ձևավորվում է անձի մասին հասկացողությունը, պետք է օգնի կողմնորոշվել ապագայի հարցում: Եվ արդեն բանակ են գնում ծառայելու այն մարդիկ, որոնք գիտեն, «թե որն է լավ, որը` վատ»: Անգամ եթե յուրաքանչյուրն իր «լավն ու վատն» ունի:

Հարց է ծագում` ինչո՞վ են զբաղված ծնողները, մանկապարտեզը, դպրոցը, եթե զինակոչման տարիքի հասած երեխան գաղափար չունի, թե ինչ է ուզում կյանքից, և չի կարողանում կողմնորոշվել, թե ինչով է ուզում զբաղվել:

Սակայն եթե մի կողմ դնենք տվյալ դեպքում անպետք պաթոսը...

Բանակի հիմնական նպատակն է սովորեցնել մարտի հնարքներն ու մարտավարություն, զենքից օգտվելու հմտությունները: Ինչպես ասում են` բանակը Հայրենիքի պաշտպանության կառույց է, այլ ոչ թե տղամարդկանց դաստիարակչական ճամբար:

Որպես տեղեկանք. Դեռևս մեկ տարի առաջ միջազգային փորձագետներն ու տարբեր երկրների ԶԼՄ-ներ հերթական անգամ հանդես եկան Հարավային Կովկասի երկրների Զինված ուժերի մարտական պատրաստվածության գնահատականով և եկան այն եզրակացությանը, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Անգամ Ադրբեջանի համար բարեկամական Թուրքիայի առաջատար թերթերից մեկը` Zaman-ը խոստովանել է, որ անկախ փոքր տարածքից ու բնակչությունից, հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենապրոֆեսիոնալ, գրագետ ու հմուտ բանակը:

Եվ, միգուցե, ելնելով վերը ասվածից, արժե՞ թույլ տալ բանակին զբաղվել իր գործով, այլ ոչ թե դայակ կարգվել երեխաներին: Իսկ ծնողների, մանկապարտեզների և դպրոցների դերը թողնել ծնողներին, մանկապարտեզներին և դպրոցներին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
58  21.09.11 - ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---