Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 3-րդ«Հրազդանի» տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը կքննարկվի ԱԺ ընտրություններից հետո PanARMENIAN.Net- ը «Հրազդանի» մասին պատմող հոդվածաշարի 3-րդ մասում կներկայացնի ստադիոնի այսօրվա վիճակը. ի՞նչ խնդիրներ կան լուծելու, ինչպե՞ս է նախապատրաստվում Իտալիայի դեմ խաղին և վերջապես, կկառուցվի՞ ստադիոնի տարհանման գոտում առևտրի կենտրոն: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար PanARMENIAN.Net-ը զրուցել է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, «Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի և շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարի հետ: 20 ապրիլի 2012 PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա խաղից առաջ «Հրազդանի» վերանորոգման համար ծախսվել է 2,5 մլն դոլար. «Հրազդան» ստադիոնը մասնավորեցվել է 2005 թվականին Աշոտ Աղաբաբյանի կողմից: Մասնավորեցման պայմանագրով նախատեսված էր, որ մինչև 2010 թվականը ստադիոնի սեփականատերը պետք է կատարի 2 մլն դոլարի ներդրում: «Կար հստակ ժամանակացույց, թե ամեն տարի որքան գումար պետք է ծախսվեր: Սակայն 2008 թվականի Հայաստան-Թուրքիա խաղն առիթ դարձավ, որ ստադիոնի վերանորոգման համար ծախսվի 2,5 մլն դոլար: Ամեն ինչ արվեց, որ մինչև հանդիպումը «Հրազդանը» պատրաստ լինի»,- ասում է «Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ ժամանակ վերանորոգվել են հանդերձարանները և յարուսը, բուժկետը, դոպինգ ստուգման սենյակը, մամուլի ասուլիսի սրահը, որն ունի 80 տեղ, ասֆալտապատվել է հանդիսատեսի և խոտածածկի միջև ընկած հատվածը: «Նստարանների թիվը պակասել է` դառնալով 55 հազար, քանի որ տեղադրվել են անհատական նստարաններ: Արժե նշել, որ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ երկրպագուները կոտրել էին նոր նստարանները, և ազգային հավաքականի խաղից առաջն բոլոր աթոռները կրկին փոխվել են: Ողջ գումարը տրամադրվել է տոնավաճառի շահույթից»,- շարունակում է Սարգսյանը: «Հրազդանի» տարհանման գոտին հնարավոր է վերածվի առևտրի կենտրոնի. Այս խաղից հետո անցել է չորս տարի, և այսօր «Հրազդան» ստադիոնը կանգնած է մեկ այլ խնդրի առջև: 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, մարզադաշտի տարհանման գոտում պետք է կառուցվի 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: Ճարտարապետ, «Հրազդան» ստադիոնի նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի խոսքով, նման կենտրոնի կառուցումը վտանգավոր է և անհամատեղելի սպորտային համալիրի հետ: «Հրազդան» ստադիոնի այսօրվա տոնավաճառի տարածքում մարդիկ էին հավաքվում, և մուտքերի կտրվածքն արված է նրա համար, որ մարզադաշտը դատարկվի 8-10 րոպեի ընթացքում: Այսօր բաց է միայն Աթենքի փողոցը: Երբ խաղից հետո 60 000 երկրպագու դուրս գա մարզադաշտից, ինչպե՞ս են այդքան քիչ ժամանակի ընթացքում հասցնելու ազատել տարածքը: Ու, Աստված չանի, եթե ինչ-որ արտակարգ իրավիճակ առաջանա այդ ժամանակ, ընդհանրապես հնարավոր չի լինի իրականացնել տարհանում»,- ասում է Մուշեղյանը:
«Ստադիոնը ընդգրկում է 35 հա տարածություն, և յուրաքանչյուր 1000 մարդու անվտանգ շարժվելու համար հարկավոր է 0,7-0,10 հա տարածություն, սակայն այս շինությունը կառուցելու դեպքում այդ ամենը անհնար կլինի իրականացնել»,- շարունակում է ճարտարապետը: Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում թույլատրվել է ստադիոնների տարածքում առևտրով զբաղվել, որպեսզի ստացված եկամտով կարողանան պահել և հոգալ ստադիոնի ծախսերը: Այսօր արդեն ստադիոնների տարածքում նմանատիպ առևտրի կրպակներ արդեն չկան: Բացառություն է կազմում Երևանի «Հրազդան» մարզադաշտը: Ավելին, Մուշեղյանի խոսքով, 2011 թվականին առևտրի ապօրինի կրպակները օրինականացվել են, և այդ տարածքը սպորտայինից վերածվել է խառը գոտու: «Տարհանման ժամանակ փողոցների կտրվածքները չեն բավականացնի այդքան հանդիսականների հեռացման համար: Արտակարգ իրավիճակների համար պետք է լինեն չկառուցապատված տարածքներ, որպեսզի մարդիկ այդտեղ կուտակվեն այնքան ժամանակ, մինչև որ կարողանան հեռանալ: Եվ հիմա այդ ազատ գոտում ցանկանում են առևտրի կենտրոն կառուցել, ինչը պարզապես անհեթեթություն է»,- ավելացնում է ճարտարապետը: Ստադիոնի «հարցը» քննարկման կդրվի մայիսին` ԱԺ ընտրություններից հետո 2011 թվականի հոկտեմբերի 19-ի Արտակարգ իրավիճակների վարչության որոշմամբ, «Հրազդան» մարզադաշտի տարածքում անթույլատրելի է համարվում կատարել նման շինարարություն: Ճարտարապետների միությունը դիմել է տարբեր գերատեսչությունների, այդ թվում` նաև Երևանի քաղաքապետարան, որպեսզի այդ առևտրի կենտրոնը չկառուցվի: Սակայն մինչ օրս ոչ մի հստակ պատասխան չկա, թե Հայաստանի ամենամեծ ստադիոնի տարածքում ի վերջո կկառուցվի՞ առևտրի համալիր թե ոչ: Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ «կառուցապատողի կողմից ներկայացվել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոնի կառուցման էսքիզային նախագիծ, որը, սակայն, Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության չի արժանացել»։ Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այս հարցի քննարկմանը իրենք կարող են անդրադառնալ՝ «Հրաղդան» մարզադաշտի և դրան հարակից տարածքի կարգավիճակի վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում։
«Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նշում է, որ ստադիոնի տարհանման գոտում առևտրի կենտրոնի կառուցման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի մայիսին, ավելի ստույգ` ԱԺ ընտրություններից հետո: «Անգամ եթե այդ շինությունը կառուցվի, կանենք այնպես, որ ստադիոնի անվտանգության հետ կապված նորմերը պահպանվեն»,- ասել է Աղաբաբյանը: Ըստ նրա, «Հրազդան» մարզադաշտի տերը ժողովուրդն է, իրենք ընդամենը ղեկավարում են այն և որոշակի իրավունքներ ունեն, և ինքը շատ ուրախ կլինի, որ ստադիոնը կրկին ծառայի իր բուն նպատակին: ՈւԵՖԱ. Եթե նման շինություն կառուցվի, ապա կարգելվի «Հրազդանում» որևէ հանդիպում անցկացնել. «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում շինության կառուցումն առաջ բերեց նաև ֆուտբոլային երկրպագուների զայրույթը: Նրանք կազմակերպեցին բողոքի ակցիա` ի պաշտպանություն մարզադաշտի: Սակայն այդ բողոքի ակցիան շարունակական բնույթ չկրեց, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրեց, որ ինքը զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, և նա նշել է, որ նման որոշում քաղաքապետարանը չի կայացրել: «Եվ ես չեմ կարծում, որ կլինի նման որոշում: Ուղղակի օգոստոսին եղել է նախագիծ, և ՈւԵՖԱ-ից մենք նամակ ենք ստացել, համաձայն որի, եթե «Հրազդանի» տարհանման գոտում նման շինություն կառուցվի, ապա կարգելվի այնտեղ որևէ հանդիպում անցկացնել»,- նշել է Հայրապետյանը: Երևանի քաղաքապետը հանդիպել է երկրպագուների ՖԱՖ շարժման ներկայացուցիչներին, ովքեր քաղաքապետին են փոխանցել «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտուն կից հատվածում առևտրային համալիր կառուցելու վերաբերյալ իրենց մտահոգությունները: Տարոն Մարգարյանը նկատել է, որ բարձրացվող խնդիրը, ըստ էության, առարկայական հիմնավորում չունի, քանի որ մինչև այսօր վերոնշյալ տարածքում շինություն կառուցելու որևէ նախագիծ ներկայացված չէ: Անկախ ամեն ինչից, «Հրազդանը» վերանորոգվում է` պատրաստվելով Հայաստան-Իտալիա խաղին. ՀՖՖ նախագահի կարծիքով, Հայաստանը հնարավորություն չունի կառուցել 500-600 մլն դոլարանոց ստադիոն, մինչդեռ 15-20 միլիոնով կարող է «Հրազդանը» համապատասխանեցնել միջազգային չափանիշներին. «Կարևոր չէ, թե ստադիոնն ումն է, կարևորը, որ այն ծառայի իր նպատակին: Այսօր արդեն սկսվել են ստադիոնի վերանորոգման աշխատանքները, և շատ է մեծ ցանկությունը, որ այն ընդունի Հայաստան-Իտալիա հանդիպումը»: Հայրապետյանը ստույգ չի կարողացել նշել, թե ինչքան գումար կծախսվի շինարարութան վրա, քանի որ վերանորոգումը աստիճանաբար է արվում, և երբեմն չնախատեսված աշխատանքներ են առաջանում: Արժե նշել, որ արդեն 2013-ից կառուցվելու է ստադիոնի ծածկը, և մոտավորապես կծախսվի 10-15 մլն դոլար:
Ստադիոնի վերակառուցման համար գումար է ներդրել նաև «Հրազդանի» ղեկավարությունը: Աղաբաբյանի խոսքով, դա շատ քիչ գումար է ՀՖՖ տրամադրած գումարի համեմատ. «Ստադիոնում իրականացվող բոլոր աշխատանքները վերահսկում է ֆուտբոլի ֆեդերացիան: Մեր նպատակն է «Հրազդանը» համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որպեսզի հավաքականն իր հանդիպումներն անցկացնի այստեղ: Վերանորոգումից հետո հնարավորություն կստեղծենք, որ ստադիոնում անցկացվեն նաև ատլետիկայի մրցումներ»,- ասել է նա: Վերանորոգումն ընթանում է մի քանի փուլերով. «Հրազդանի» վերանորոգումը ընթանում է մի քանի փուլերով. նախ վերանորոգվում են հանդերձարաններն ու սանհանգույցները, իսկ մայիսից կփոխվեն խոտածածկն ու բոլոր լույսերը:
Ըստ մարզադաշտի շինարարության պատասխանատու Վահագն Դավթյանի, այս պահին իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ: «Մի քանի օրից կսկսնեք աշխատել հանդերձարաններում, կվերակառուցենք ջերմամեկուսացման, օդափոխության համակարգերը: Այս ներքին հարդարման աշխատանքները պլանավորում ենք ավարտել մայիսի 1-ին, ու սրանից հետո կսկենք հողային աշխատանքները, ապա կանցնեք տրիբունաների ու լուսատախտակի փոփոխությանը»,- ասում է Դավթյանը: Շինարարները կոնկրետ աշխատանքային ժամեր չունեն, աշխատում են և առանց հանգստյան օրերի: Բոլորի մոտ էլ մեծ է ցանկությունը «Հրազդանը» վերանորոգել ժամանակին: «Հրազդանը» կհարմարեցվի նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար. «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միությունը ՀՖՖ-ին առաջարկում է ստադիոնի մուտքերը, նստատեղերը, սանհանգույցները, ինչպես նաև ավտոկայանատեղերը հարմարեցնել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սա կնպաստի նաև, որ վերջիններս կարողանան օգտվել մարզադաշտի բոլոր ծառայություններից այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի:
ՀՖՖ նախագահը նշել է, որ ֆեդերացիան միշտ խրախուսել է հաշմանդամություն ունեցող ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ և, որ նրանց համար սովորաբար հատկացվել են տեղեր դաշտին կից վազքուղու վրա կամ առաջին շարքում: Նա առաջարկել է մինչև մայիսի 8-ը ներկայացնել կոնկրետ քայլեր և հստակ պահանջներ կապված հարմարեցումների հետ և հայտնել է իր պատրաստակամությունը դրանք ապահովելու համար: Ի՞նչ սպասումներ ունի մարզադաշտից մեր հավաքականը, կպատմենք հոդվածաշարի վերջին` 4-րդ մասում: Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |