Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան են անցնում արտասահմանյան ակումբներում

Հունվարի 10-13-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ֆուտբոլ. Հունվարի 12-ին FIFA-ն (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է 515 միավորով զբաղեցնել 60-րդ տեղը: Հայաստանի հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստան` 13-րդ տեղը, Սլովակիա` 20-րդ, Իռլանդիա` 35-րդ, Մակեդոնիա` 81, Անդորրա` 202:

PanARMENIAN.Net - «Միկան» Սանկտ Պետերբուրգ է մեկնելու հունվարի 15-ին և այդ օրն անցկացնելու է առաջին խաղը «Տոբոլի» հետ (Ղազախստան): Հայկական ակումբը հանդես է գալիս B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու «Սկոնտոն» (Լատվիա) և «Բունդեսկորը» (Ուզբեկստան): Փետրվարին «Միկան» երկու ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Կիպրոսում, որից հետո վերադառնալու է Հայաստան:

Հունվարի 11-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական հանդիպում է անցկացրել «Շիրակի» դեմ: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով: «Շիրակի» մարզիչ Սամվել Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նրա թիմը դեռ չի ձևավորվել, քանի որ խաղացողները միասին մարզվում են հունվարի 4-ից ֆուտբոլի ակադեմիայում: «Այդ հավաքից հետո մենք հունվարի 19-ին մեկնելու ենք Ծաղկաձոր, իսկ փետրվարի 7-ից հավաք ենք սկսելու Անթալիայում: Թիմում խաղում են փորձառու մարզիկներ, և 2011-ին պայքարելու ենք բարձր տեղերի համար»,- ասել է Պետրոսյանը:

Հունվարի 13-ին «Շիրակն» անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումն «Ուլիսի» հետ, և խաղը կրկին ավարտվել է ոչ ոքի: Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան են անցնում արտասահմանյան ակումբներում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, որոնք փորձաշրջան են անցնում «Կուբան» ռուսական ֆուտբոլային ակումբում, Բելեկ քաղաքում հավաքի ժամանակ անցել են ֆիզիկական պատրաստվածության թեստ:

2010-ի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանը Մաքսիմ Ժավներչիկի, Ռոման Բուգաևի և դարպասապահ Ալեքսանդր Բուդակովի հետ միասին բոլորից լավ է հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը: Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան է անցնում լեհական «Սլասկ» ակումբում (Վրոսլավ): Հունվարի 13-ին Արզումանյանը սկսել է մարզվել ակումբի հետ: Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանը վերադարձել է Դոնեցկի «Մետալուրգ»:

Բռնցքամարտ. Հունվարի 29-ին Համբուրգում (Գերմանիա) Սյուզի Կենտիկյանը (27-0-0, 16 KO) թեթևագույն քաշային կարգում անցկացնելու է WIBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսների հերթական պաշտպանությունը: Կենտիկյանի մրցակիցն է լինելու թայլանդացի բռնցքամարտիկ Տաարապոն Պաննիմիտը (13-3-0, 5 KO), որը Բանկոգից Գերմանիա է ժամանելու հունվարի 22-ին:

«Sauerland Event» բեռլինյան փրոմոութերական ընկերության ղեկավար Վիլֆրիդ Զաուերլենդը պատմել է Արթուր Աբրահամի և Անդրե Ուորդի գալիք մենամարտի մասին:

«Մենամարտից առաջ միջանկյալ մարտի վերաբերյալ դեռ ոչինչ չի որոշվել, մենք բանակցություններ ենք վարում: Արթուրի համար նման մարտն օգտակար կլիներ, նա պետք է ամրապնդի հավատն իր ուժերի նկատմամբ: Առավել ևս, Ուորդի հետ մարտը կայանալու է մայիսին, իսկ դա նշանակում է, որ Արթուրը պետք է երկար սպասի: Նա վարժվել է կանոնավոր կերպով մարտեր անցկացնելուն»,- ասել է Զաուերլենդը:

Շախմատ. - Տեղի է ունեցել կանանց շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրը: Այս տուրում կայացել են 5 պարտիաներ: Հաղթանակներ են տարել Լիա Մարտիրոսյանը, Շուշաննա Սարգսյանը, Աստղիկ Մեսելջյանը: Արմինե Բաբայան- Վարդուհի Քալաշյան և Սիրանուշ Անդրիասյան-Նարինե Գասպարյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Չեմպիոնը ստանալու է 300 հազար դրամ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողները` համապատասխանաբար 200 հազար և 150 հազար դրամ: Լևոն Արոնյանը հունվարի 14-30-ը հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում մասնակցելու է գլխավոր շախմատային փառատոնին: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2814), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2810), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2784), Ալեքսանդր Գրիշուկը (Ռուսաստան, 2773), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2751), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա, 2744), Յան Նեպոմնյաշին (Ռուսաստան, 2733), Վան Հաոն (Չինաստան, 2731), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 2722), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2715), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2686), Յան Սմիթսը (Նիդերլանդներ, 2662), Էրվին Լ’Ամին (Նիդերլանդներ, 2624): Վարկանիշով հայ շախմատիստը 2805 միավորով մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը հանդես է գալու B մրցաշարում, որտեղ խաղալու են ևս 14 գրոսմայստերներ:

Թենիս. Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Heineken Open-2011-ի քառորդ եզրափակչում 6:4, 7:6 հաշվով հաղթել է Ջոն Այզներին (ԱՄՆ) և դուրս եկել կիսաեզրափակիչ: Դավիթ Նալբանդյանը Heineken Open-2011-ի կիսաեզրափակչում խաղալու է Նիկոլաս Ալմագրոյի (Իսպանիա) դեմ: Նրանց ուղիները հատվել են 4 անգամ, և դեռևս հաշիվը հավասար է` 2:2:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ և ծանրամարտ. «Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքում, որը կանցնի հունվարի 28-30-ը «Դինամո» մարզասրահում, կձևավորվի հավաքականը, որը կսկսվի պատրաստվել 2011թ. միջազգային մրցաշարերին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

Արդեն փետրվարի 3-ից հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում և կմեկնի աշխարհի գավաթի խաղարկության, որը կանցնի փետրվարի 17-20-ը Մինսկում (Բելառուս):

«Նույն շրջանում Սլովենիայում տեղի կունենա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն հավաքականի մյուս անդամները»,-ասել է մարզիչը:

Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը կանցնի Դորթմունդում (Գերմանիա) մարտի 29-ից ապրիլի 3-ը, հավաքականը ևս երկու հավաք կանցկացնի:

Եվրոպայի չեմպիոն և 2010-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գերմանական «Ալեն» ակումբի կազմում դարձել է Բունդեսլիգայի հաղթող:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 5-ը իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ծաղկաձորում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ասել է, որ հավաքին կմասնակցեն 17 ծանրորդներ:

«Հավաքից հետո փետրվարի 7-ից մենք կնախապատրաստվենք Աբովյանում, այնուհետև ծանրորդները փետրվարի 18-23-ին հանդես կգան Հայաստանի առաջնությունում: Այն ժամանակ էլ հայտնի կդառնա Հայաստանի հավաքականի կազմը, որն ապրիլի 11-17-ին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը Կազանում»,-ասել է Պողոսյանը:

Իսկ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշել է, որ Հայաստանի առաջնությունից առաջ կանանց հավաքականը հավաք կանցկացնի Գյումրիում: «Մինչ Եվրոպայի առաջնությունը մենք 3 հավաք կանցկացնենք, վերջինը, հավանաբար, Մերձմոսկովյան որևէ վայրում կամ Կազանում»,-ասել է Ներսիսյանը:

Ըստ մարզչի, հայ ծանրորդուհիները լավ մարզավիճակում են գտնվում, ոտքի վնասվածքից հետո արդեն սկսել է մարզվել 2009թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---