Հնարավոր է` 2011-ի մենամարտերից մեկն անցկացնեմ Հայաստանում

Վիկ Դարչինյան.

Հնարավոր է` 2011-ի մենամարտերից մեկն անցկացնեմ Հայաստանում

PanARMENIAN.Net - Վախթանգը կամ, ինչպես սիրում են նրան անվանել, Վիկ Դարչինյանն առաջին հայ մարզիկներից էր, ով Հայաստանին համաշխարհային փառք բերեց: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը սկսել է հանդես գալ Ավստրալիայի դրոշի տակ և նվաճել բազմաթիվ գոտիներ, իսկ արդեն 2009-ից սկսել է ներկայացնել Հայաստանը: 2010-ը չի կարելի հեշտ համարել Դարչինյանի համար: Բռնցքամարտիկը, ճիշտ է, հաղթանակներ տարավ, բայց տարեվերջին Աբներ Մարեսից տարած անակնկալ պարտությունը փոխեց նրա բոլոր պլանները: Ներկա պահին հայ բռնցքամարտիկը Հայաստանում է: PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմեց Մարեսի հետ մարտի և 2011-ի իր պլանների ու մենամարտերի մասին:
Մեքսիկացի Աբներ Մարեսի հետ մենամարտից առաջ թեթևագույն քաշային կարգի մրցաշարում դու շատ վստահ էիր քո հաղթանակի մեջ և համարվում էիր ֆավորիտ: Ի՞նչ պատահեց իրականում, ինչո՞ւ հաղթանակը շնորհվեց հակառակորդին:
Մինչև մենամարտի վերջ` 12-րդ ռաունդ, ես համոզված էի, որ հաղթանակն ինձ կշնորհվի, այդ պատճառով բռնցքամարտում էի նոր ռազմավարությամբ: Բոլորը գիտեն, որ ես ուժեղ եմ ֆիզիկապես, այլ ոչ թե տեխնիկապես, ահա թե ինչու ես շատ էի շարժվում ռինգում և ցուցադրում տեխնիկական հնարքներ: Մենամարտի վերջում վրդովված էի միայն այն պատճառով, որ ցանկանում էի հաղթել նոկաուտով, և ոչ մի դեպքում չէի կասկածում, որ այդ մենամարտում հաղթանակն իմը կլինի: Բայց չգիտեմ ինչու, մրցավարները միավորներով հաղթանակը տվեցին Մարեսին:

Քո թիմը բողոքարկեց մրցավարների խմբի որոշումը: Արդեն կա՞ն կոնկրետ որոշումներ այդ առիթով:
Մենամարտի ժամանակ արդեն երևում էր, որ Մարեսը մտադիր է հարվածել գոտկատեղից ներքև, և կատարեց մի քանի նման հարվածներ: Տարօրինակ էր այն, որ ռինգի մրցավարը չարձագանքեց Մարեսի նման գործողություններին: Նրանց միջև, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պայմանավորվածություն կար: Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես 8-րդ ռաունդում մրցավարը, չդադարեցնելով մենամարտը, ասում է մեքսիկացուն, որ պետք չէ հարվածել գոտկատեղից ներքև, քանի որ նա «այլևս չի կարող նրան օգնել»: Իմ թիմը բողոքարկեց մենամարտի ելքը և որպես ապացույց ներկայացրեց տեսագրությունը: Մենամարտի մասին վերջնական որոշում կհրապարակվի մի քանի շաբաթ անց: Խաղարկվում էր երկու գոտի, և Գոտիների ֆեդերացիան նույնպես շահագրգռված է, որպեսզի դատարանի որշումը հնարավորինս շուտ կայացվի:

Մարեսից կրած պարտությունից հետո դու հայտարարեցիր, որ այլևս թույլ չես տա, որպեսզի մենամարտի ելքը որոշեն մրցավարները: Կարո՞ղ է դա նշանակել, որ կոլումբիացի Յոննի Պերեսի հետ մենամարտում մենք նոկաուտի ականտես կլինենք:
Այո, իմ նպատակն է հաղթել հենց նոկաուտով: Դա մրցավարներին հնարավորություն չի տա ինձանից խլել հաղթանակը, ինչպես դա արդեն պատահեց: Ես միշտ կաշխատեմ հաղթել նոկաուտով:

Ե՞րբ ես սկսելու պատրաստվել Յոննի Պերեսի դեմ մարտին, և ի՞նչ կտա քեզ այդ մենամարտը:
Այդ մենամարտը շատ կարևոր է: Եթե Մարեսի հետ մենամարտի ելքը ոչ ոքի համարվի, ապա Պերեսին պարտության մատնելուց հետո ես կստանամ մրցաշարի եզրափակիչում Մարես-Ջոզեֆ Ագբեկո զույգի հաղթողի հետ մրցելու և կորցրած գոտիները վերադարձնելու իրավունք: Մարզումները կսկսեմ փետրվարի 2-ից Ավստրալիա վերադառնալուց հետո:

Արդեն որոշվա՞ծ է, թե երբ և որտեղ տեղի կունենա մենամարտը:
Մենամարտը տեղի կունենա ապրիլի 23-ին Լոս Անջելեսում, Հայաստանում կցուցադրվի ապրիլի 24-ին: Բոլորը գիտեն, թե դա ինչ օր է հայերի համար, ուստի մենամարտը կրկնակի կարևոր է ինձ համար:

Դու դեռ անցյալ տարի խոստացար բռնքամարտի հայ երկրպագուներին, որ քո մարտերից մեկը, հնարավոր է, տեղի ունենա Հայաստանում: Կարո՞ղ ենք մենք այս տարի տեսնել այդ մենամարտը հայրենիքում:
Հուսով եմ, որ այս տարի կհաջողվի Հայաստանում մարտ կազմակերպել: Շատ բան կախված է Showtime ընկերությունից: Դրա համար պետք է Հայաստան բերել հսկայական քանակությամբ տեխնիկա: Անհրաժեշտ է նաև մրցակցի համաձայնությունը: Տեսնենք, թե ինչպես կստացվի, բայց հավանականությունը մեծ է:

Թեթևագույն քաշային կարգում մենամարտից բացի ինչպիսի՞ մարտեր ես նախատեսում անցկացնել 2011-ին:

Հավանաբար կանցակցնեմ 3 մենամարտ, ցանկանում եմ մեկ քաշային կարգով վերև բարձրանալ և նվաճել նոր տիտղոսներ: Քանի որ ես արդեն երիտասարդ չեմ, ցանկանում եմ հաղթահարել նոր բարձունքներ և անհասանելի դառնալ մյուս բռնցքամարտիկների համար:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---