Ռոբերտը ցանկանում է ֆիլմում նկարահանվել Ջեսիկա Ալբայի հետ, իսկ Հենրիխը չի պատկերացնում իրեն առանց գնդակի և խաղակոշիկների

Ռոբերտ Արզումանյան և Հենրիխ Մխիթարյան.

Ռոբերտը ցանկանում է ֆիլմում նկարահանվել Ջեսիկա Ալբայի հետ, իսկ Հենրիխը չի պատկերացնում իրեն առանց գնդակի և խաղակոշիկների

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը EURO-2012-ի ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ կներկայացնի հարցազրույցներ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, որոնք կպատմեն իրենց մասին, Հայաստանի հավաքականի մասին և կկիսվեն ֆուտբոլային գիտելիքներով: Գործակալության առաջին զրուցակիները դարձան Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և լեհական «Յագելոնիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
2010-ը Հայաստանի հավաքականն ավարտեց Սլովակիայի և Անդորրայի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակներով, և բոլոր սկսեցին հավատալ, որ հավաքականն ի զորու է հաղթահարել EURO-2012-ի խմբային փուլը: Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականի շանսերը:
Հենրիխ. Դեռ վաղ է խոսել Հայաստանի հավաքականի շանսերի մասին, կարող եմ ասել միայն, որ յուրաքանչյուր խաղում մենք դաշտ ենք գուրս գալիս հաղթելու համար: Եվ շատ լավ է, որ վերջին խաղերում մենք հաղթանակ ենք տարել: Մենք կարող էինք մեր արխիվում ավելի շատ միավորներ ունենալ 4 խաղերի արդյունքում, բայց ժամանակ դեռ կա և տեսնենք, թե ինչ կհաջողվի մեզ այս տարի: Հուսով եմ, որ կկարողանանք ավելի լավ հանդես գալ:

Ռոբերտ. Կարծում եմ, որ 2010-ը մենք լավ ավարտեցինք: Իհարկե, եղել են խաղեր, որտեղ մենք կարող էինք սխալներ թույլ չտալ և ավելի շատ միավորներ վաստակել: Բայց մեր խմբում հանդես են գալիս ուժեղ թիմեր, և այն, որ մենք կիսում ենք 2-3-րդ տեղերը Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականների հետ, շատ լավ արդյունք է: Աստված տա, որ մենք հայտնվենք ԵԱ եզրափակիչ փուլում:

Փետրվարին մեր հավաքականը Կիպրոսում կանցկացնի հավաքներ և ընկերական խաղում կմրցի Վրաստանի հավաքականի դեմ: Ի՞նչ կտա այդ խաղը մեր հավաքականին:
Հենրիխ. Դե, ընկերական խաղը կօգնի մարզիչին որոշել այս տարվա լավագույն կազմը և ծանոթանալ խաղացողների հնարավորությունների հետ: Կարող եմ ասել, որ ամեն ինչ մարզիչի ձեռքերում է, և լավ ռազմավարության դեպքում մենք կարող ենք ցույց տալ լավագույն խաղ և հասնել արդյունքի:

Ռոբերտ. Յուրաքանչյուր ընկերական խաղ կարևոր է հավաքականի համար, և այն օգնում է ֆուտբոլիստներին ավելի լավ ճանաչել միմյանց, ուղղել սխալները և պատրաստվել արդեն ստուգողական խաղերին: Ի տարբերություն ակումբների, որտեղ ֆուտբոլիստները մարզվում են և իրար հետ խաղում ամեն օր, հավաքականի խաղացողները հանդիպում են տարեկան 5-6 անգամ, ընկերական խաղերն օգնում են հասնել լավ արդյունքների:

Մարտին Հայաստանի հավաքականը կխաղա B խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, ի՞նչ կարող եք ասել մրցակիցների և նրանց խաղի մասին:
Հենրիխ. Ես դիտել եմ Ռուսաստանի հավաքականի խաղերի մի քանի տեսագրություններ և կարող եմ ասել, որ դա շատ լավ թիմ է, բայց մենք ամեն ինչ կանենք լավ հանդես գալու և հաղթելու համար:

Ռոբերտ. Նույն ոգևորությունը, որը մենք ունենք 2010-ին, կլինի նաև Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում: Մնում է միայն, որպեսզի ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան և մենք լավ մարզավիճակում լինենք: Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է և մեր խմբի առաջատարներից մեկը, բայց մենք կխաղանք միայն հանուն հաղթանակի:

Ֆուտբոլիստները տարբեր կերպ են արտահայտում իրենց զայրույթը պարտությունից հետո, ինչպե՞ս եք վերաբերվում 3 միավորի կորստին:
Հենրիխ. Ես վերլուծում եմ խաղը, և ինքս փորձում եմ պարտության պատճառները գտնել, իհարկե, ժամանակ առ ժամանակ չարանում եմ, բայց փորձում եմ հանգիստ և դրական լինել: Նայում եմ առաջ և փորձում ուղղել սխալները:

Ռոբերտ. Լինում է, որ չարանում եմ ինքս ինձ վրա, բայց ամեն ինչ մի քանի րոպեից անցնում է: Օրինակ, մակեդոնացիների դեմ խաղից հետո, երբ խաղն ավարտվեց ոչ ոքի, ես բարկությունից քիչ մնաց կոտրեմ ապակին: Բայց դա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է տեղի ունենալ:

Դուք աշխատել եք տարբեր մարզիչների հետ, ի՞նչ եք սովորել նրանցից և, եթե կարող եք, համեմատեք նրանց:
Հենրիխ. Ես իսկապես աշխատել եմ տարբեր մարզիչների հետ և շատ բան եմ սովորել նրանցից: Չեմ կարող նրանց համեմատել, քանի որ բոլորն ունեն իրենց առանձնահատկությունները, և կարծում եմ, նրանք դրանով են տարբերվում իրարից:

Ռոբերտ. Ես աշխատել եմ շատ մարզիչների հետ ինչպես ակումբներում, այնպես էլ հավաքականում, և նրանք բոլորն ինձ շատ բան են տվել: Ֆրանսիացի մարզիչ Բերնար Կազոնին ինձ հնարավորություն է տվել խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, և ես նրան շատ եմ սիրում: Ֆուտբոլիստները միշտ սիրում են այն մարզիչներին, որոնք նրանց տեղ են տալիս հիմնական կազմում:

Դուք խաղացել եք տարբեր մարզադաշտերում, իսկ կա՞ ձեզ համար ինչ-որ յուրահատուկ մարզադաշտ:
Հենրիխ. «Շախտյորի» մարզադաշտը` «Դոնբաս Արենան»:

Ռոբերտ. «էյնդհովենի ՊՍՎ» մարզադաշտը, որտեղ ես անցկացրել եմ երկրորդ խաղը Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական խաղերում, և նման մեծ մարզադաշտում դեռ չէի խաղացել: Իհարկե, հետո շատ անգամներ դուրս եմ եկել նման մեծ դաշտ, բայց այն, ինչ քո կյանքում տեղի է ունենում առաջին անգամ, հիշվում է միշտ:

Հիշո՞ւմ եք աշխարհի առաջին առաջնությունը, որին հետևել եք, ո՞ր թիմին էիք երկրպագում:
Հենրիխ. Դա 1998-ին էր, ես երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին:

Ռոբերտ. 1994-ի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Այդ ժամանակ ես երկրպագում էի Գերմանիայի հավաքականին, որը քառորդ եզրափակիչում պարտվեց Բուլղարիայի հավաքականին: Հիշում եմ, որ նույնիսկ լաց եղա, քանի որ իմ սիրած թիմը դուրս մնաց հետագա պայքարից: Հետագայում իհարկե փոխվեցին իմ սիրած թիմերը, հիմա աշխարհի ուժեղագույն հավաքականն աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, ընդհանրապես ես սիրում եմ գեղեցիկ ֆուտբոլ:

Առաջին անգամ ե՞րբ եք մարզադաշտում ֆուտբոլ դիտել:
Հենրիխ. 1996-ին դիտել եմ Գերմանիայի հավաքականի խաղը:

Ռոբերտ. Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր խաղերը դիտել եմ մարզադաշտում:

Անվանեք երկու իրեր, առանց որոնց չեք կարող դիմանալ կյանքում:
Հենրիխ. Գնդակ և խաղակոշիկներ:

Ռոբերտ. Ինտերնետ և հեռախոս:

Եթե դուք գիրք գրեիք ձեր ֆուտբոլային կյանքի մասին, ինչպե՞ս կանվանեիք այն:
Հենրիխ. Այդ մասին երբեք չեմ մտածել և հետևաբար չեմ կարող պատասխանել այդ հարցին:

Ռոբերտ. Այն ամենն, ինչին հասել եմ կյանքում և ֆուտբոլի մեջ, ինձ դժվարությամբ է տրվել: Չգիտեմ, բայց եթե երբևէ գիրք գրեմ, հավանաբար կանվանեմ «Դժվարություններով լի ճանապարհ» (ծիծաղում է):

Ո՞ր ֆիլմում կցանկանայիք հանդես գալ գլխավոր դերում:
Հենրիխ. Երբեք չեմ երազել ֆիլմում նկարահանվելու մասին:

Ռոբերտ. Եթե նման հնարավորություն ընձեռվեր, ապա կցանկանայի նկարահանվել ռոմանտիկ ֆիլմում Ջեսիկա Ալբայի հետ:

Ի՞նչ պետք է միշտ լինի ձեր սառնարանում:
Հենրիխ. Այն, ամենագլխավորը, պետք է միշտ միացած լինի (ծիծաղում է), և նրա մեջ պետք է լինի համեղ ուտելիք:

Ռոբերտ. Ջուր, ես չեմ կարող առանց սառը ջրի:

Ավարտեք նախադասությունը. «Յուրաքանչյուր պարտությունից հետո…»
Հենրիխ. Վերլուծում եմ իմ խաղը և գնահատում այն:

Ռոբերտ. Ես տխրում եմ:

Դավիթ Վիլյան Հարավային Աֆրիկայում ասել է, որ ֆուտբոլը սպորտի ունիվերսալ տեսակ է և սազում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, և հատկապես ընդգծել է կին երկրպագուների դերը: Ձեր կարծիքով, որքանո՞վ են օգնում նրանք Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ:
Հենրիխ. Խաղի ժամանակ մենք տրիբունաներին չենք նայում և չենք տեսնում, թե որքան երկրպագու կա այնտեղ, գլխավորը, որպեսզի մարզադաշտը լիքը լինի:

Ռոբերտ. Իհարկե, հաճելի է, երբ կանայք հետաքրքրվում են ֆուտբոլով և երկրպագում են մեզ, բայց խաղի ժամանակ մենք չենք նայում տրիբունաներին:

2010-ի ֆուտբոլի աշխարհայի առաջնությունում միայն երեք հավաքականների կազմում են խաղացել այդ երկրների առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներ: Ո՞ր երկրների:
Հենրիխ. Հայաստանի հավաքականը (Իրականում Հայաստանի հավաքականը դեռ երբեք հանդես եկել ԱԱ-ում` խմբ. դիտ.)

Ռոբերտ. Գերմանիա, Անգլիա և Իտալիա:

ԱԱ-ում Իսպանիան խփել է 8 գնդակ, և աչքի են ընկել 3 ֆուտբոլիստներ: Կարո՞ղ եք ասել նրանց անունները:
Հենրիխ. Ինյետսա, Վիլյա և Պույոլ:

Ռոբերտ. Դավիթ Վիլյան խփել է 5 գնդակ, Անդրես Ինյեստա, իսկ Կառլես Պույոլն աչքի է ընկել Գերմանիայի հավաքականի դեմ խաղում: Այդ ժամանակ ես «Ռանդերսի» հետ հավաքի էի մասնակցում, և մենք միասին ենք դիտել խաղը: Ես ասացի, որ խաղը կավարտվի 1:0 հաշվով հօգուտ իսպանացիների, և աչքի ընկավ Խավին:

Ի՞նչ ես անելու 2011-ի հոկտեմբերի 11-ին (այդ օրը Հայաստանի հավաքականն անցկացնելու է վերջին խաղը ԵԱ խմբային փուլում Իռլանդիայի հավաքականի դեմ):
Հենրիխ. Հավանաբար, նշելու ենք մեր հավաքականի հաղթանակը և ԵԱ եզրափակիչ փուլ դուրս գալը:

Ռոբերտ. Հուսով եմ, որ մենք ուրախանալու առիթ կունենանք, և հուսով եմ, որ դուրս ենք գալու փլեյ օֆ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---