Հայաստանում հաշմանդամությամբ մարդկանց համար նախատեսված սպորտային ծրագիր է իրականացվում

PanARMENIAN.Net - «Armenian camp» հասարակական կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է սպորտային մի ծրագիր, որի նպատակը հաշմանդամությամբ մարդկանց ներգրավումն է պրոֆեսիոնալ մակարդակով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Armenian camp» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Ռոստոմյանը, ծրագիրը սկսել է իրականացվել մեկ ամիս առաջ, բայց հաշմանդամությամբ մարդկանց սպորտի մեջ ներգրավելու գործընթացը բարդ է:



«Մեր կազմակերպությունը 2005թ.-ից հաշմանդամությամբ մարդկանց համար զանազան սպորտային միջոցառումներ է կազմակերպում: Մենք նախկինում էլ ենք ծրագիր իրականացրել հաշմանդամներին արվեստի եւ սպորտի միջոցով հասարակության մեջ ինտեգրելու նպատակով: Այս տարի մենք կփորձենք Հայաստանում կազմակերպել պրոֆեսիոնալ մակարդակով սպորտային առաջնություններ: Բայց դրա համար հարկավոր է, որպեսզի այդ մարդիկ ցանկանան զբաղվել սպորտով: Այդ նպատակով մենք Ազգային Ֆեդերացիա ենք ստեղծել հաշմանդամությամբ մարդկանց համար»,- ասել է Ռոստոմյանը:



Սպորտային ծրագրի մեջ ներառված է 17 սպորտաձեւ, այդ թվում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձիասպորտ, լեռնադահուկային սպորտ, առագաստային սպորտ, թիավարության սպորտ, լող, սեղանի թենիս, ծանր աթլետիկա, թեթեւ աթլետիկա, ձյուդո, հրաձգություն եւ նետաձգություն, գոլբոլ եւ բոչիա:



Ռոստոմյանի խոսքով, այդ ծրագրի իրականացման ճանապարհին խոչընդոտ է հանդիսանում մարդկանց մտածելակերպը, որոնք սպորտ բառի տակ հասկանում են բուժման մեթոդներից մեկը:



«Մենք փորձում ենք հաշմանդամությամբ մարդկանց պարզապես կոչ անել առողջ ապրելակերպի, մոր գաղափարի ենթատեքստը հիմնականում սպորտ է ենթադրում: Բայց շատերը չեն հասկանում, թե ինչպես կարող է ֆիզիկական արատ ունեցող մարդը սահել դահուկներով: Միեւնույն ժամանակ ամբողջ աշխարհում շատ զարգացած է հաշմանդամների համար նախատեսված սպորտը,- նշել է Ռոստոմյանը,- ներկա պահին մենք պայմանավորվածություն ունենք մի քանի ֆեդերացիաների հետ մարզումների կազմակերպման համար պայմանների ստեղծման վերաբերյալ: Մենք արդեն պայմանավորվել ենք լողի ֆեդերացիայի հետ, որ Հայաստանի առաջնության հետ զուգահեռ, որը տեղի կունենա հոկտեմբերին, կանցկացվի նաեւ հաշմանդամությամբ մարդկանց առաջնությունը»,- ավելացրել է նա:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---