Լեռնային Ղարաբաղը` որպես քաղաքական իմիջի ամրապնդման միջոց

Երբեմն Ղարաբաղի մասին այնպիսի մարդիկ են խոսում, որոնք քարտեզի վրա չեն կարող անգամ ցույց տալ, թե որտեղ է գտնվում այդ պետությունը

Ով ասես, որ չի պատրաստվում լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, որը, ինչպես մենք բազմիցս գրել ենք, լուծվել է 1994 թվականին: Երբեմն թվում է, թե ամեն մի քաղաքական գործիչ, ով որևէ առնչություն ունի Հարավային Կովկասի հետ, պարզապես իր պարտքն է համարում կարգավորման հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնել: Օրերս «փայլեց» Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, որը հայտարարեց, թե Հարավային Կովկասում իրադրությունը կարող է պայթել ցանկացած պահի:

PanARMENIAN.Net - Վրաստանի դիվանագետը գտնում է, որ տարածաշրջանում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցության հիանալի փորձառություն կա, երբ հսկայական տնտեսական նախագծեր են իրականացվում: «Օրինակ կբերեմ երկու գործող նավթատարները (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբլիսի-Էրզրում), կառուցվում է երկաթուղի, որը կապելու է Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը, և ապա միացնելու է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ: Ավելի մանր նախագծերի մասին ես կլռեմ: Մյուս կողմից իրադրությունը շատ փխրուն է, որովհետև կան օկուպացված վրացական տարածքներ. Վրացական տարածքի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից, երկրի բնակչության 10%-ն իրենց տանը փախստականների ու բռնի տեղափոխված անձանց են վերածվել: Կա Լեռնային Ղարաբաղի, այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը: Կա Թուրքիայի ու Հայաստանի միջև չկարգավորված հարաբերությունների խնդիրը: Այս խնդիրներից ցանկացածը կարող է յուրաքանչյուր պահին պայթեցնել իրադրությունը»,- գտնում է Վրաստանի նախարարը: Տարօրինակ է, որ նախարարը չի հիշատակել եղբայրական Ադրբեջանի 20% տարածքի ու միլիոնավոր փախստականների մասին: Ըստ երևույթին, պետք չէր, իսկ միգուցե և մոռացավ: Բայց և այնպես Վրաստանն առաջին տարին չէ, որ մի կողմից մյուսն է գլորվում` այդպես էլ չկողմնորոշվելով, թե ում հետ է ավելի շահավետ` իսլամական աշխարհի, թե քրիստոնեական:

Հակամարտությանը միանում են նաև ցանկացած պաշտոնական անձինք, ովքեր այցելում են Հայաստան ու Ադրբեջան: Նրանց հայտարարություններն արդեն հերթական մանտրա են դառնում` տարածքային ամբողջականություն, խաղաղ կարգավորում և մեկումեջ` ինքնորոշման իրավունք: Երբեմն Ղարաբաղի մասին այնպիսի մարդիկ են խոսում, որոնք քարտեզի վրա չեն կարող անգամ ցույց տալ, թե որտեղ է գտնվում այդ պետությունը: Իսկ եթե նույնիսկ գիտեն, ապա հաստատ շփոթում են Ադրբեջանի հետ: Թուրքական Hurriyet թերթում հայտնված հաղորդագրությունը Ադրբեջանին երկու շրջանների իբր ենթադրվող հանձնման մասին բացի մնացած հարցերից առաջ բերեց մեկն ու ամենակարևորը` իսկ ինչո՞ւ հենց Լաչինն ու Քելբաջարը: Նույն հաջողությամբ կարելի էր հնչեցնել Աղդամի և Ֆիզուլիի անունները, կամ ևս երկու այլ շրջանների… Երկրորդ հարցը` ինչու է Թուրքիան նախանձելի հաճախականությամբ օժանդակում Բաքվի ագիտացիոն քարոզչությունը` շատ լավ գիտակցելով, որ վերջինս միանշանակ սխալ է: Իսլամական համերաշխությունն այստեղ բոլորովին կապ չունի, ավելի շուտ հաշվի են առնվում քաղաքական դիվիդենդները: Եվ եթե վաղը Անկարան իր քաղաքական իմիջը բարձրացնելու համար պետք է աջակցի Հայաստանին, նա առանց մտածելու կգնա այդ քայլին:

Իսկ առայժմ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետությունում սպասվող խորհրդարանական ընտրությունների առիթով: «Պաշտոնական Անկարան չի ճանաչում մայիսի 23-ին կայանալիք ընտրությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դե եթե չի ճանաչում, պետք էլ չի: Վերջիվերջո, Բաքուն պետք է մի պարզ բան հասկանա. իրենից չէ կախված աշխարհի քարտեզի վրա ԼՂՀ գոյությունը ճանաչել կամ չճանաչելը: Դա նույնքան անիրական է, որքան և այն, որ Թուրքիան կարող է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալ: Ընդ որում, այդ մասին խոսում ենք ոչ թե մենք, այլ հենց թուրքական կողմը, որը դժվար թե կարող է Հայաստանի բարեկամների շարքը դասվել: «Թուրքիան երբեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ չի դառնա, դա պարզապես անհնար է: Դրա դեմ հանդես է գալիս Հայաստանը, հետևաբար, հարցը հանվում է օրակարգից: Իսկ թուրքական ղեկավարության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ քաղաքական քայլեր են, առանց որոնց դժվար է կառուցել սեփական վարքը տարածաշրջանում»,- հայտնել է Անկարայում Տնտեսության և տեխնոլոգիայի համալսարանի (TOBB) դոցենտ Միթաթ Չելիքփալան:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---