«Տարվա մարդ» Էրդողանն ընտրության առաջ է

Անկարայի հակաճգնաժամային հռետորությունը, ինչպես նաև պաղեստինցիների և Գազայի հատվածի աջակցությունը, իհարկե, ուղղված է ոչ թե Իսրայելի դեմ, այլ դեպի արաբները` նրանց աջակցությունը ստանալու և մերձարևելյան ԵՄ-ի նմանօրինակը ստեղծելու համար

Որքան էլ օրթոդոքսալ իսլամն ընդդիմանա «Արևմուտքի կործանարար ազդեցությանը», բայց «Տարվա մարդու» նորաձևությունը հասել է նաև մահմեդական աշխարհին: Բնական է, որ ֆավորիտ էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն արժանացավ «Տարվա մարդ 2010» կոչմանը արաբալեզու CNN հեռուստաալիքի վարկածով: Ինչպես հաղորդում է Today's Zaman-ը, Էրդողանը հավաքել է ձայների 74 տոկոսը:

PanARMENIAN.Net - Այդ անվանակարգում թուրք վարչապետի ընտրությունը բոլորովին պատահական չէ. Թուրքիայի վերջին մի քանի տարիների արտաքին քաղաքականությունն ուղղված է եղել նրան, որպեսզի այն դառնա միջնորդ արաբական և թուրքական աշխարհներիի միջև: Եվ պետք է խոստովանել, որ դա որոշ առումով հաջողվում է: Էրդողանի համար աստղային ժամը վրա հասավ 2009-ին Դավոսում, երբ նա լքեց համաժողովը` նախօրոք վիճելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ «Ձուլածո արճիճ» օպերացիայի պատճառով: Ինչպես հիշում են բոլորը, Թուրքիայում Էրդողանին դիմավորեցին ազգային հերոսի նման, և իսկույն սկսվեց հաակասեմիթական քարոզարշավ: Իր դեմարշով Էրդողանը սպանեց միանգամից երկու նապաստակ. արաբներին ցույց տվեց, որ Թուրքիայի համակրանքը վաղեմի դաշնակցի` Իսրայելի կողմը չէ, այլ պաղեստինցիների կողմն է, և Թուրքիան ամուր կանգնած է իսլամի պաշտպանության, ավելի ճիշտ պանթուրքիզմի համար: Կամ ավելի ճիշտ` օսմանիզմի, առանց «նեո» կցորդի: Անկարայի հակաճգնաժամային հռետորությունը, ինչպես նաև պաղեստինցիների և Գազայի հատվածի աջակցությունը, իհարկե, ուղղված է ոչ թե Իսրայելի դեմ, այլ դեպի արաբները` նրանց աջակցությունը ստանալու և մերձարևելյան ԵՄ-ի նմանօրինակը ստեղծելու համար: Թեև, այդ մասին խոսակցություններն ընթանում են բավական վաղուց` Մեծ Մերձավոր Արևելքը, որն ԱՄՆ-ի զավակն է, կարող է իրագործվել Էրդողանի օգնությամբ: Հավանաբար, հենց այդ պատճառով Վաշինգտոնը մատների արանքով է նայում Անկարայի հակաիսրայելական և երբեմն հակաամերիկյան ելույթներին:

Կարելի է ասել, որ Էրդողանը երկու նպատակ ունի. ԵՄ մտնել և Մերձավոր Արևելքում նման կառույց ստեղծել` ԽՍՀՄ որոշ նախկին պետությունների ընդգրկմամբ: Շատ հնարավոր է, որ երկու նպատակին էլ հասնի, եթե Արդարություն և զարգացում կուսակցությունը 2011-ի ընտրություններից հետո մնա իշխանության ղեկին: Ինչում, ի միջի այլոց, քչերն են կասկածում: Աթաթուրքի ժառանգությունը, իհարկե, պետք է պահպանել, սակայն Թուրքիան, բացառությամբ Ստամբուլի և Անկարայի, ամբողջությամբ իսլամական երկիր է: Երկրի կենտրոնական մասում դեռ ապրում են շարիաթի կանոններով, և հազիվ թե մոտ ապագայում ինչ-որ բան փոխվի: Ռեդյարդ Կիպլինգի անմահ «Արևմուտքն արևմուտք է, Արևելքը` արևելք, և նրանք տեղից չեն շարժվի» արտահայտությունն արդի է նաև այսօր: Եվ որքան էլ Անկարան պնդի, որ քաղաքակրթությունների խաչմերուկ է, կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև, միևնույն է, իսլամական երկիրը մնում է իսլամական երկիր:

Բայց, իհարկե, այդ երկու նպատակներով Թուրքիայի համար ոչինչ չի ավարտվում: Կան դեռևս երկու հսկայական գլխացավեր` քրդերը և օսմանյան պատմությունը: Քրդերի հետ ամեն ինչ հասկանալի է` նրանց խոստացել են անկախ Քուրդիստան, և վաղ թե ուշ այն կստեղծվի չորս երկրների հողերի վրա` Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի: Թե հետո ինչ կսկսվի տարածաշրջանում, դժվար է պատկերացնել, իսրայելապաղեստինյան հակամարտությունն ուղղակի մանկական խաղալիք կլինի «Քուրդիստանի անկախության համար պայքարի» համեմատ:

Եվ վերջինը և ամենացավալին, որովհետև Օսմանայն կայսրության պատմությունն ի զորու չէ փոխել ժամանակակից Թուրքիայի ոչ մի առաջնորդ: Հարցը միայն Հայոց ցեղասպանությունը չէ, այլ նաև հույների, ասորացիների, սիրիացի քրիստոնյաների: Եթե երիտթուրքերը կոտորեին միայն հայերին, Թուրքիայի համար ավելի հեշտ կլիներ: Եվ առավել ևս հույների և մնացածների նկատմամբ «ռուսական գաղութ» պատրվակները չեն անցնի: Հենց դա է Հայոց ցեղասպանության համառ ժխտման գլխավոր պատճառներից մեկը:

Եթե Էրդողանն իրեն հատկացված ժամանակում լուծի այդ խնդիրների գոնե մի մասը, ուրեմն մրցանակը նրան իզուր չեն հանձնել: Թեև հազիվ թե կարողանա` օսմանական մտածողությունը թույլ չի տա: Մյուս կողմից, պատեհ հանգամանքների դեպքում նա կարող է մոտենալ նրան, որ փորձի դառնալ երկրորդ Նասեր: Միակ բանը, որ պետք է հիշեցնել նրան և մյուս թուրքերին. արաբները նրանց տանել չեն կարողանում, և իսլամական եղբայրության մասին բոլոր խոսակցություններն ընդամենը միջոց են սեփական նպատակներին հասնելու համար, որոնք մեծամասամբ բոլորովին տարբեր են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---