Ղարաբաղի հարցի տեղափոխումը ՄԱԿ միայն օգուտ չէ, որ կարող է բերել Ադրբեջանին

Վլադիմիր Կազիմիրով.

Ղարաբաղի հարցի տեղափոխումը ՄԱԿ միայն օգուտ չէ, որ կարող է բերել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն աստիճանաբար դառնում է «հավերժականներից» մեկը դիվանագիտության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը դեռեւս ոչ մի զգալի արդյունքի չեն հանգեցրել եւ ադրբեջանական կողմից հաճախակի են դարձել կարծիքները ձեւաչափը փոխելու մասին: Ճիշտ է, ոչ մի համոզվածություն չկա, որ հարցի տեղափոխումը ՄԱԿ կարող է ինչ-որ բան փոխել: PanARMENIAN.Net-ի խնդրանքով ներկայիս իրավիճակի մասին պատմել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:
Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի հաճախ է հաղորդում ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի եւ փոխհրաձգության զոհերի մասին: ԼՂՀ-ն եւ Հայաստանը հաճախ հերքում են այդ հաղորդագրությունները: Ինչպե՞ս եք գնահատում այդ տարբերությունները ղարաբաղյան հակամարտության կողմերի գնահատակններում:

Նման տարաձայնությունները նորություն չեն. կողմերը հաճախակի են իրար բացառող հայտարարություններ անում: Գործի էությունը դժվար չէ պարզաբանել` ի՞նչ են տալիս զինված միջադեպերն ներկա հանգամանքներում: Առաջին հերթին, դա լարվածությունը, մոբիլիզացիան պահպանելու եւ նույնիսկ ավելի խթանելու, հակառակ կողմի հանդեպ ատելությունը լարելու, նրա դիրքերի եւ մարտունակության տեղային ստուգման ցինիկ միջոց է: Միջադեպերն առաջանում են այն պատճառով, որ Բաքուն հրաժարվեց կողմերի ուժերը շփման գծից ետ քաշելու գաղափարից, պահպանելով պատերազմական շրջանի մի քանի մետրանոց հեռավորությունը, իսկ վերջերս նույնիսկ կրճատում էր այն: Հաճախ մարդիկ են զոհվում, ոչ միայն զինվորներ եւ սպաներ, այլ նաեւ խաղաղ բնակիչներ: Տեղին է հետեւյալ հարցը` ի՞նչն է այս կամ այն կողմի համար կարեւոր` մարդկանց կյանքը թե լարվածության մթնոլորտը: Ո՞ր կողմին է այն ավելի հարկավոր: Գուցե՞ այն կողմին, որ անընդհատ ռեւանշով է սպառնում:

Կա այս թեմայի եւս մեկ շերտ: Հիշեցնեմ, որ 1995թ. փետրվարի 4-ին ԵԱՀԿ հովանու ներքո Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ Շվեդիայի մասնակցությամբ հակամարտության բոլոր երեք կողմերը համաձայնագիր ստորագրեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Նրանք պարտավորվեցին անմիջապես շփման մեջ մտնել հակառակ կողմի հետ միջադեպերի տեղայնացման եւ հարթեցման համար` քարոզչական միջոցներով նրա ուռճացումը թույլ չտալու համար: Փաստաթուղթը ստորագրեցին պաշտպանության նախարարները, սակայն մենք շվեդացիների հետ միասին այնպիսի ձեւակերպում գտանք, որպեսզի ոչ ոք չկասկածեր, որ այն ստացել է գերագույն ղեկավարության` Հեյդար Ալիեւի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հավանությունը: Սակայն կողմերն այդպես էլ չկատարեցին այդ համաձայնագիրը: Իմ կողմից այդ անոմալիայի վերաբերյալ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ-ից եւ Սեյրան Օհանյանը ԼՂ-ից շուրջ երկու տարի առաջ հրապարակայնորեն պատրաստակամություն հայտնեցին վերադառնալ համաձայնագրի կատարմանը, եթե նույն կերպ վարվի նաեւ Բաքուն: Իսկ Սաֆար Աբիեւից ոչինչ չլսեցինք (մշտական սպառնալիքներից բացի): Նույնիսկ իր արտահայտություններում զգուշավոր Էլմար Մամեդյարովը հետաձգում է միջադեպերի խնդրի լուծումը մինչեւ հակամարտության ամբողջական կարգավորումը, իսկ մինչ այդ, թող այդպես էլ մնա: Բաքվին հարկավոր չեն ոչ ԼՂ մասնակցությունը այդ համաձայնագրին, ոչ էլ սերտ շփումները կողմերի միջեւ: Իսկ հարկավո՞ր է արդյոք միջադեպերի կարգավորումը: Ահա եւ նշմարում է ձեր հարցի պատասխանը:

Դուք ասացիք, որ այդ համաձայնագիրը կնքվել է ԵԱՀԿ հովանու ներքո: Իսկ ինչո՞ւ համաեվրոպական կազմակերպությունը չի պնդում , որ կողմերը կատարեն այն:

Հարցը տեղին է: Ահա այդպես անօգնական եւ անփույթ են վարում գործերը նրանք, ով ձգտում էր կենտրոնական դեր վերապահել Մինսկի խմբի համար ղարաբաղյան կարգավորման հարցում: Ընդ որում ԵԱՀԿ ակտիվում չկա մեկ այլ համաձայնագիր կողմերի միջեւ` սա միակն է: Նույնիսկ դեսպան Անջեյ Կասպրշիկը , որը բոլորից մոտ է կանգնած միջադեպերի խնդրին (10 տարի շարունակ ամիսը երկու անգամ շփման գծի դիտարկումներ է անցկացնում), իմացել է դրա մասին ոչ թե 1996թ. ԵԱՀԿ կենտրոնակայանից, այլ ընդամենը 2003 թ. իմ հոդվածից: Համանախագահները հիշատակել են համաձայնագիրը 2005թ. Լոնդոնում ընդունած հայտարարության մեջ, սակայն հարցը կտրուկ չեն դրել` թե ինչո՞ւ կողմերն այն չեն կատարում: Դրա համար հարկավոր է լոկ քաղաքական կամք, սակայն ճի՞շտ է արդյոք այն ուղղված: Եթե Բաքվի համար այդ համաձայնագիրն անկատար է, կարելի է ասել այդ մասին, փոխել այն, լրացնել: Ավելի դժվար է, սակայն կարելի է նաեւ նորը կնքել: Խնդիրն ակնհայտ է` մարդիկ զոհվում են, մթնոլորտը բարդանում է: Տառացիորեն Բաքվում մեկ օր անգամ չի անցնում առանց միջադեպերի մասին հաղորդագրությունների, իբր այնտեղ բոլորը լրջորեն մտահոգված են դրանով: Սակայն ո՞ւր է տրամաբանությունը, ո՞ւր են կոնկրետ առաջարկները: Թե՞ ամեն ինչ այդպես էլ պետք է լինի:

ՎՈՒԱՄ-ը կրկին փորձում է «սառեցված հակամարտությունների» մասին հարցն արծարծել ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանում, քննարկման մեջ ներառել այն պետությունների ներկայացուցիչներին, որոնք գաղափար չունեն, օրինակ, ղարաբաղյան հակամարտության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործոնի ազդեցությունը Ղարաբաղում կարգավորման գործընթացի վրա:

Իսկ որքան քիչ ունենան, այնքան լավ նման հարցերը օրակարգում ընդգրկելու նախաձեռնողների համար: Սակայն Ադրբեջանին դա միայն օգուտ չէ որ կբերի: «Կիզակետում» կլինեն Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ-ի բանաձեւերը կատարելու կոչերը, սակայն ինչպես թաքցնել, որ ԱՀ-ն եւս չի կատարել այդ 4 բանաձեւերի թեկուզ մեկ էական պահանջը, հրադադարից բացի: Այն էլ ոչ միանգամից եւ ոչ լիովին` դադարեցվել են միայն մարտական գործողությունները, ոչ թե ռազմական, ավելանում են միջադեպերը: Ամենակարեւոր պահանջը` դադարեցնել կրակը հենց Բաքուն չէր կատարում մեկ տարուց ավելի, 1993-94 թթ. նա տապալեց 4 պայմանավորվածություններն այդ մասին եւ խաղաղապահ այլ նախաձեռնությունները: Դա վկայող փաստաթղթեր կան: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն 1993 թ. հոկտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց անմիջապես հետո եւ Ղարաբաղի վերաբերյալ բոլոր 4 բանաձեւերը չկատարելու պատճառով դադարեց բանաձեւեր ընդունել: Իսկ ի՞նչ է մեկ տարվա պատերազմը: Այստեղ քիչ է մեկ օրը երկուսի տեղ հաշվել` որքան մարդ զոհվեց մեկ տարում, որքանը լքեցին իրենց տները: Այդ շրջանում եղավ նաեւ օկուպացիայի ընդլայնումը: Այնտեղ թաքցնում են թե ինչպես առաջացավ այդ ֆենոմենը, ուժին ապավինելու ո՞ւմ համառ ձգտումն ընդլայնեց այն: Բոլորից շատ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւրի չկատարման կարուստները կրում էր Ադրբեջանի ժողովուրդը: Չէ որ Բաքուն զինադադարի գնաց ոչ թե բանաձեւերի պատճառով, այլ լիակատար անկման սպառնալիքի առջեւ: Նախկինում այնտեղ երբեք զինադադարի չէին գնում, իսկ 1994 թ. մայիսին հանկարծ իրենք սկսեցին արագացնել այդ գործընթացը: ՄԱԿ-ի ԳՎ-ում կարող են ջրի երես դուրս գալ նաեւ այլ փաստեր: Այնպես որ ՎՈՒԱՄ-ականներին Նյու Յորքում հեշտ չի լինելու:

Ուրեմն ինչպե՞ս կարգավորենք այդ հակամարտությունը, եթե Ադրբեջանը չի գնում փոխզիջման եւ համաձայնության եւ, նույնիսկ ստորագրելով համաձայնագրերը, չի կատարում դրանք:

Իրոք, այս հակամարտության մեջ հարցականի տակ է նաեւ կողմերի պայմանավորվելու ունակությունը, ստանձնած պարտավորությունների կատարման հարցում նրանց լրջությունը, ինչը բոլորովին էլ պատվաբեր չէ ճանաչված պետությունների համար: ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի եւ 1995թ. փետրվարյան համաձայնագրի մասին օրինակներին կարելի է հավելել նաեւ ակնհայտ հակասությունը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունների եւ ուժային լուծմանը վերադառնալու սերիական սպառնալիքների միջեւ: Թեեւ այստեղ միայն բառացի սպառնալիքներ չեն, այլ նաեւ իրական գործեր` օրինակ, անտրամաբանորեն լարվում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում եւ ատելությունը հարեւան ժողովրդի հանդեպ:

Այժմ երեքից երկու կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել կարգավորման «սկզբունքների» մասին, իսկ որքան ջանք կպահանջվեր «սկզբունքները» համաձայնության լեզվով շարադրելու համար: Իսկ հետո ոչ մի համոզվածություն չկա, որ կողմերը կկատարեն համաձայնագիրը, եթե այն ստորագրվի: Չէ որ կարեւորը ոչ թե ստորագրելն է, այլ կատարելը: Ուստի ԵԱՀԿ-ն նախապես պետք է հաշվի առնի դա եւ բոլոր ուղղություններով զերծ մնա ավելորդ «հանդուրժողականությունից» Ղարաբաղում պատերազմի եւ խաղաղության հարցերում: Այժմ հայերը շատ հմուտ կերպով օգտվում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի եւ այլ գործերում ադրբեջանական կողմի պարտավորություններին չհետեւելու ակնհայտ վարմունքից: Սակայն կարելի էր մրցել ընդդիմադիրների հետ ոչ միայն ժողովրդավարության մասով, այլ նաեւ որպես պետություն կայանալու կարողությամբ: Այժմ դա կարեւոր գործոն է միջազգային ասպարեզում:
---