ՆԱՏՕ-ն չի կարող ստիպել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

Ռոբերտ Սիմոնս.

ՆԱՏՕ-ն չի կարող ստիպել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, ինչը հաստատում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: IPAP ծրագրի իրագործման մեկնարկից ի վեր անցած մեկ տարում մեծ առաջընթաց է գրանցվել երկրի զինված ուժերի բարեփոխման գործում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին եւ Կոսովոյում ու Իրաքում ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին: ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հետագա հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների` IPAP ծրագրի շրջանակներում:

ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի հետ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (IPAP) նախատեսված պաշտպանական բարեփոխումների իրականացման հարցում: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը լավ հիմք է դրա համար: Համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական ոլորտի բարեփոխման հարցում IPAP-ի չորս առանցքային դրույթներից մեկն է: Մենք մտադիր ենք աջակցել Հայաստանին պաշտպանական դոկտրինի մշակման եւ կիրառման հարցում, այդ թվում պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության իրագործման, քաղաքացիական անձնակազմի ավելացման, ինչպես նաեւ բյուջեի ձեւավորման հարցերում: ՆԱՏՕ-ն կշարունակի նաեւ քաղաքական համագործակցությունը: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները ներկայումս շատ բարեկամական են եւ արդյունավետ: ՆԱՏՕ-ի տարեկան զեկույցում նշվում են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման դրական միտումները:

Ինչպիսի՞ն է Հարավային Կովկասի երկրների ապագան Դաշինքին անդամակցելու առումով

Ինչպես գիտեք, Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: Արդեն բազմիցս Դաշինքի անունից ասվել է, որ մասնակցությունը IPAP ծրագրին ոչ մի կերպ կապված չէ կազմակերպությանն անդամակցելու հետ: Այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել Դաշինքին, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, կաշխատեն այլ ժամանակացույցով: Ինչ վերաբերում է Վրաստանին, նա, առաջին հերթին պետք է կարգավորի հարաբերությունները հարեւան երկրների եւ Ռուսաստանի հետ, հետո արդեն հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման մասին: Մենք մտադիր չենք դառնալ դիմակայության մասնակիցներ, ՆԱՏՕ-ն այլ խնդիրներ ունի: Ամեն դեպքում, 2008 թվականին Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, դա երկարատեւ գործընթաց է: Վրաստանն այժմ աշխատում է ՆԱՏՕ-ի ինտենսիվ ծրագրով: Եթե նախատեսված պահանջները կատարվեն, հնարավոր կլինի խոսել հաջորդ փուլի մասին: Որքան գիտեմ, Ադրբեջանը եւս մտադիր չէ մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարց չկա:

Ինչպե՞ս գնահատել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի հայտարարությունն այն մասին, թե լավ կլիներ, եթե Թուրքիան զորքեր մտցներ Նախիջեւան եւ նշանառութայն տակ առներ Երեւանը:

Ես ծանոթ չեմ այդ արտահայտությանը, սակայն կարող եմ հստակ ասել, որ Թուրքիան նման քայլի չի գնա: Այդ երկիրը Դաշինքի ակտիվ անդամներից է եւ նրա քաղաքականությունը չի հակասում դաշինքի նպատակներին եւ խնդիրներին:

Կարո՞ղ է ՆԱՏՕ-ն նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես, Հայաստանի հետ սահմանի բացմանը:

Ինչպես արդեն ասել եմ, ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է նորմալ հարաբերություններ ունենան հարեւանների հետ: Թուրքիան եւ Հայաստանը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները: Դաշինքն այդ հարցում չի կարող ճնշել, ստիպել Թուրքիային: Հիշեցնեմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանն ուղղակի մասնակցում է Դաշինքի ծրագրերին, եւ այդ առումով չի կարող ազդել երկու երկրների հարաբերությունների վրա: Հայաստանին աջակցում են Դաշինքի բոլոր անդամները, եւ ես հուսով եմ, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը կլուծվի եւ սահմանը կբացվի:

Ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն վերաբերվում է ԵՍՍՍՊ-ից Ռուսաստանի դուրս գալու մտադրությանը

Մենք հիասթափված եւ մտահոգված ենք միակողմանի կարգով անդամակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրին` ԵՍՍՍՊ-ին դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմամաբ: Դաշինքի բոլոր անդամները հավատարիմ են մնում Պայմանագրի պայմանների կատարմանը եւ հուսով են, որ Ռուսաստանը կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն կսկսի, ուղղված համագործակցության հետագա ապահովմանը: Մենք պետք է շարունակենք մեր բանավեճը Ռուսաստանի հետ եւ հուսով ենք, որ նա կվերանայի իր որոշումը:
---