Վահան Տեր-Ղեւոնդյան.

Պետք է փոխել մահմեդական աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Մերձավոր Արեւելքի եւ, մասնավորապես, Լիբանանի հայ համայնքը հաճախ, իրենց կամքից անկախ, ներգրավված է լինում քաղաքացիական պատերազմերում, որոնք պարբերաբար լինում են այդ անկայուն տարածաշրջանում: Ավելին, հայ համայնքները պետք է դիմակայեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ տարվող քարոզչական պատերազմին: Լիբանանի հայ համայնքի ներկայիս վիճակի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Ինչպիսի՞ գնահատական եք տալիս Մերձավոր Արեւելքում, այդ թվում Լիբանանում, հայկական համայնքների դրությանը:

Այդ համայնքները առանձնանում են հետեւյալ պատճառներով. ա/ Այստեղ հայախոսությունն ու ազգային ոգին գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա քան սփյուռքի այլ համայնքներում: Թեեւ վերջին տասնամյակներին նկատվում է որոշ նահանջ:

բ/ Չնայած արտագաղթին ու հայության թվի նվազմանը, այնուամենայնիվ, պահպանվում են եկեղեցական, քաղաքական, մշակութային ու մարզական կառույցների կենտրոնները: Այստեղից են ղեկավարվում հայկական շատ ավելի մեծաթիվ համայնքները:

գ/Գտնվելով Հայաստանից ոչ հեռու այս համայնքները մաս են կազմում հայաստանամերձ հայության, որն ունի նաեւ որոշակի ստրատեգիական նշանակություն: Այս ամենից բացի Լիբանանը աչքի է ընկնում եւս մեկ յուրահատկությամբ: Սա Հայաստանից դուրս թերեւս աշխարհի միակ երկիրն է, որտեղ շնորհիվ այդ երկրի համայնքային պետական կառույցի, հայությունը օրենքով ամրագրված իրավունք ունի ունենալու խորհրդարանականներ, նախարարներ եւ այլ բարձր պաշտոնյաներ: Ցավոք վերջին գրեթե 40 տարիների ընթացքում այս տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական բոլոր ցնցումներն իրենց բացասական անդրադարձն են ունեցել Մերձավոր Արեւելքի հայության կյանքում: Դեռ 60-ական թվականներին «եգիպտական սոցիալիզմի» կառուցումը հանգեցրեց եգիպտահայ համայնքի կտրուկ նվազեցմանը, ապա 1975-ին սկսվեց Քաղաքացիական պատերազմը Լիբանանում, որի հետեւանքով 15 տարվա ընթացքում գրեթե երկու երրորդով կրճատվեց համայնքը, շատ չանցած տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը Իրանում եւ դրան հաջորդած իրանաիրաքյան պատերազմը: Այս երկար շարքի մեջ վերջին իրադարձություններն էին ԱՄՆ հարձակումը Իրաքի դեմ եւ նախորդ ամռանը Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա: Այսօր արդեն իրաքահայությունը խիստ նվազած շարքերով գոյության պայքար է մղում, իսկ լիբանանահայությունը թեեւ ամուր կառչած է իր տանն ու ազգային կառույցներին, բայց մեծ մտահոգությամբ է նայում ապագային:

Արդյոք Լիբանանն իր դիրքորոշումն ունի՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ:

Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն Լիբանանը մասնակցում է այդ կազմակերպության շրջանակներում Արցախի խնդրին առնչվող բոլոր քննարկումներին: Սակայն մեզ համար թերեւս էլ ավելի կարեւոր է Լիբանանի դիրքորոշումը որպես Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ պետություն: Հատկապես վերջինում որտեղ ակտիվ գործում է Ադրբեջանը եւ նրան սերտորեն աջակցող որոշ պետություններ Լիբանանը աշխատում է չարտահայտվել կամ ձեռնպահ մնալ հակահայկական բանաձեւերի նկատմամբ: Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք միջազգային կազմակերպություններում Լիբանանի ու Հայաստանի համագործակցության մակարդակից:

Հայաստանը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի հայկական համայնքներն ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել Ադրբեջանի քարոզչությանը հակազդելու հարցում:

Իսկապես որ սա մի բնագավառ է որտեղ լուրջ արդյունքների հասնելու համար մենք պետք է առավելագույն չափով մոբիլիզացնենք մեր ուժերը, համադրելով Հայաստանի արտաքին գերատեսչության եւ սփյուռքյան կազմակերպությունների ու ազդեցիկ անհատների բոլոր կարողությունները:

Բանն այն է, որ դեռեւս 1988 թվականից մինչեւ այսօր ադրբեջանական քարոզչությունը փորձում է մոլորության մեջ գցել հատկապես իսլամական աշխարհի հանրությանը արցախյան հիմնախնդիրը ներկայացնելով որպես կրոնական հակամարտություն, խտացված գույներով ու մտացածին պատմություններով ներկայացնելով «մոլեռանդ» ու «դաժան» հայերի «գազանությունները» բարի ու խաղաղասեր մահմեդականների դեմ: Այս քարոզչության արդյունքն են «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ընդունած մի շարք հակահայկական բովանդակության բանաձեւերը, այլ միջազգային կազմակերպություններում որոշ երկրների ոչնչով չհիմնավորված միակողմանի դիրքորոշումները: Մասամբ այդ քարոզչության հետեւանքն է այն, որ առ այսօր մի շարք կարեւոր պետություններ, այդ թվում արաբական աշխարհի առաջատար պետություն Սաուդյան Արաբիան, կամ աշխարհի մեծ պետություններից մեկը` Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել Հայաստանի հետ: Մեծ հավանականությամբ այս բոլոր պետությունները արցախյան հիմնախնդրի լուծման հետ մեկտեղ կդիմեն այդ քայլին, բայց միաժամանակ ոչինչ չի խանգարում նրանց այդ անել հենց այսօր: Հայաստան-սփյուռք ուժերի համատեղումով անհրաժեշտ է քարոզչական նյութեր պատրաստել ու տարածել հատկապես մերձավորարեւելյան երկրներում ու իսլամական աշխարհում Արցախի հարցը ներկայացնելով իբրեւ ինքնորոշման հարց (ի դեպ նույնպիսի մի հարց է նկատվում պաղեստինյանը), իսկ Հայաստանը ներկայացնելով իբրեւ խաղաղասեր, այլ ազգերի ու կրոնների հանդեպ հանդուրժող, մասնավորապես մահմեդական ժողովուրդների հետ խաղաղ գոյակցող ու նրանց ստեղծած մշակույթը հարգող մի երկիր: Վատ չէր լինի հատուկ մի անդրադարձ ունենալ թե ինչպես վերականգնվեց Կապույտ մզկիթը Երեւանում, ինչպես մոռացումից փրկվեց Արգավանդի թուրքմենական դամբարանը, ինչպես նորոգվեցին մզկիթները Շուշիում: Նման տեսանյութերի ու ֆիլմերի ցուցադրումը օրինակ «Ալ-Ջազիրա» եւ այլ կայաններով կարող են հսկա անդրադարձ ունենալ եւ փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Այս հարցում բացի Հայաստանի դեսպանություններից ու հյուպատոսարաններից, մեծ դեր կարող են խաղալ հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ որոշ սփյուռքահայ անհատներ, որոնք բարձր դիրքերի են հասել ինչպես քաղաքականության մեջ այնպես էլ գործարար աշխարհում:

Որքա՞ն լուրջ է արտաքին ուժերի միջամտությունը Լիբանանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Դեռեւս 19-րդ դարի 40-ական թվականներին Ավստրիայի նշանավոր կանցլեր, իշխան Մետեռնիխը խոսելով Լիբանանի մասին ասել է «Այդ փոքրիկ երկիրը... որն այնքան կարեւոր է»: Թե այդ ժամանակներում, թե դրանից հետո Լիբանանը թեեւ տարածքով աշխարհի ամենափոքր երկրներից է բայց այստեղ բախվում են բազմաթիվ պետությունների, այդ թվում եւ մեծ դերակատարների շահերը: Դա կարելի է բացատրել թե Միջերկրականի ափերին ունեցած ստրատեգիական դիրքով, թե բազմակրոն ու բազմահամայնք հասարակությամբ, Իսրայելի հետ անմիջական հարեւանությամբ եւ մի շարք այլ պատճառներով: Այսօր եւս մեծ է հետաքրքրությունը Լիբանանի, հատկապես առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Բանն այն է որ այս հարցը չի դիտվում որպես մեկուսի մի հարց, այլ Մերձավոր Արեւելքում «արեւմտամետ» եւ «հայրենասիրական» ուժերի միջեւ ծավալված հսկա պայքարի մի դրվագը: Նույնպիսի երկու ճամբարներում են խմբավորվել նաեւ Լիբանանյան քաղաքական ուժերը: Միաժամանակ երկու կողմերում էլ կան քաղաքական գործիչներ, որոնք շատ լավ հասկանում են, որ հարցի լուծումը պետք չէ դրսում փնտրել, որ Լիբանանի նախագահի ընտրության հարցը կարող է ունենալ միայն մեկ` լիբանանակենտրոն լուծում: Հուսով ենք որ այս վերջին մոտեցումը կհաղթանակի եւ բարեկամ այս երկիրը պատվով դուրս կգա այս իրավիճակից, հարգելով սահմանադրական նորմերն ու պահպանելով երկրի ամբողջականությունը:

Իրո՞ք ուժեղ է Սիրիայի գործոնը Լիբանանի ներքին քաղաքականությունում:

Լիբանանը ունի ընդամենը երկու հարեւան` Իսրայելը եւ Սիրիան: Ավելորդ է նշել թե ինչպիսին են եղել Իսրայելի ու Լիբանանի հարաբերությունները այդ երկու պետությունների գոյության ողջ ընթացքում: Բնականաբար Սիրիան (որն ի դեպ տարածքով, բնակչության թվով ու ռեսուրսներով բազմակի գերազանցում է հարեւանին) միշտ էլ կարեւոր դեր է ունեցել եւ ունի Լիբանանի կյանքում: Բացի այդ, կա լեզվական ընդհանրություն, ինչպես նաեւ պատմական ու ազգակցական բազմաթիվ ու բազմապիսի կապեր:
---