Սերգեյ Մարկեդոնով.

Կովկասի վրայով անտես սավառնում է «Կոսովոյի ուրվականը»

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրները միշտ եղել են ռուս քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, սակայն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չկարգավորված հակամարտությունների պատճառով պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը երբեմն տարակուսանք է առաջացնում, եւ առաջին հերթին, Հայաստանում: «Ֆորպոստի» ստերեոտիպը աստիճանաբար անցնում է եւ դրա փոխարեն առաջանում է պրագմատիզմը: Տարածաշրջանային իրադրության վերաբերյալ իր տեսակետն է PanARMENIAN.Net-ին ներկայացրել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:
Ինչպիսի՞ն է իրականում Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

ՌԴ-ի դերը այդ հարցում կտրուկ կերպով նվազում է, ի տարբերություն ԱՄՆ-ի, քանի որ Ռուսաստանը ԼՂՀ-ին նյութական աջակցություն չի ցուցաբերում: Ռուսաստանը չի ձգտում ընդլայնել հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը ԼՂՀ մասնակցությամբ` որպես դիմակայության իրական մասնակցի, սահմանափակվելով Հայաստանի հետ շփումով: Կոսովոյի անկախության հռչակումից եւ մոտ երեք տասնյակ պետությունների կողմից դրա ճանաչումից հետո ՌԴ-ն նշել է իր դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցով, սակայն նախընտրում է «ձեռնպահ» մնալ Ղարաբաղի նկատմամբ իր դիրքորոշման ձեւավորումից: Մինչ դեռ, այդ ռազմավարությունը ոչ մի դեպքում չպետք է լինի ճանաչման եւ լռության միջեւ: Մոտեցումների շրջանակը շատ ավելի մեծ է: Մինչ դեռ, պաշտոնական Երեւանի եւ չճանաչված Ստեփանակերտի դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում: Խոսք չկա, Ռուսատանին Ադրբեջանի հետ կայուն հարաբերություններ են անհրաժեշտ: Սակայն ԼՂՀ-ի` որպես բանակցությունների մասնակցի ճանաչումը, զուտ քաղաքական իրականության ընդունումն է, այլ ոչ թե դե-ֆակտո պետության:

Չնայած միջազգային հանրության հայտարարություններին Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման բացառման մասին, Բաքուն ավելի եւ ավելի հաճախ է խոսում ուժի գործադրման մասին եւ հակահայկական հիստերիա է տարածում ԶԼՄ-ների միջոցով...

Պաշտոնական Բաքվի վարվելաձեւը պետք է դիտարկել պատճառների համալիրում: Առաջին հերթին, դա առաջիկա նախագահական ընտրություններն են: Երկրորդ հերթին, Ադրբեջանը փորձում է ընդգրկվել միջազգային հանրությունում ոչ միայն որպես էներգակիրներ մատակարարող երկիր, այլեւ դինամիկ տեմպերով զարգացող երկիր: Ի դեպ, Ադրբեջանի մասին գովազդային հոլովակներում գրեթե չի նշվում նավթի մասին: Սակայն որքան արագ կանցնի արդյունաբերության դիվերսիֆիկացիան, դեռ պարզ չէ: Սակայն ռազմատենչ հայտարարությունները կշարունակվեն: Կովկասի վրայով անտես սավառնում է «Կոսովոյի ուրվականը»: Տարածաշրջանի անկախության ճանաչումը realpolitic-ի տարրերից է, սակայն որեւէ երաշխիք չկա, որ ապագայում Լեռնային Ղարաբաղը եւս այդպիսին չի դառնա: Այնպես որ, Ադրբեջանի վախերը հիմնավորված են:

Վերադառնանք Ռուսաստանին: Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ի վարվելաձեւը Կովկասում անտրամաբանական է, առանց որեւէ ծրագրի: Ինչ ե՞ք կարծում, դա իրոք այդպես է:

Իրոք, մինչ այսօր Ռուսաստանն այդպես էլ չունի միասնական եւ հասկանալի կովկասյան քաղաքականություն: Ռուսաստանը մշտապես ուշանում է Հյուսիսային եւ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին պատասխան տալու առումով, եւ դրա օրինակներից է Վրաստանը: Ռուսաստանին շահավետ են «սառեցված» հակամարտությունները: Սակայն փորձագետները չեն ընդունում նման հասկացություն: Գոյություն չունեն «սառեցված» հակամարտություններ, կան պազապես դանդաղ ընթացողներ: Իսկ դա միեւնույն բանը չէ: Ռուսաստանը նաեւ կողմ է Կովկասի տարածքային ամբողջականությանը, սակայն նա դեմ է այդ սկզբունքի իրականացման միջոցներին: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Հայաստանին անվանում են Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանին` ռազմավական գործընկեր: Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական չափանիշներով Ռուսաստանն ավելի մոտ է Հայաստանին, սակայն Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում, Ռուսաստանի համար բարդ կլինի քաղաքականության ընտրություն կատարելը: Ռուսաստանը պետք է որեւէ ընտրություն կատարի, եւ վախենամ, որ այն սխալ լինի: Իհարկե, լավ կլիներ ընտրություն կատարելու առիթ չլիներ:

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ:

Ադրբեջանա-իրանական հարաբերություններում կան դրական տեղաշարժեր, ինչը գրեթե անհնարին էր Հեյդար Ալիեւի օրոք: Իրանը վերջերս փոխել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հօգուտ Բաքվի եւ, բնականաբար, հարաբերությունները ջերմացան: Երկու երկրներն էլ բազմաթիվ ընդհանուր խնդիրներ ունեն. Կասպից ծոցը, Հարավային Ադրբեջանը: Ճիշտ է, քաղաքական գործիչները հասկանում են Հարավային եւ Հյուսիսային Ադրբեջանների միավորման անիրականությունը:

Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 20 տարիներին շատ վատ են: Ինչ ե՞ք կարծում, հնարավոր է արդոք հարաբերությունների բարելավումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջեւ:

Անցյալ դարի 90-ականների սկզբում Հայաստանը պատրաստ էր հարաբերությունների բարելավմանը, սակայն գործընթացը համաձայնեցված չէր: Ապա սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, եւ Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ: Հասկանալի բան է, որ հարաբերությունների բարելավման մասին անգամ խոսք լինել չէր կարող: Անկարան հաշվի էր առնում երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալայի արտահայտությունը, ով հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում օսմանյան ժառանգության համար: Նա դա ասել է անհանգստանալով Նախիջեւանի ճակատագրի համար, ուր կարող էին մտնել հայկական զորքերը, ըստ Բաքվի եւ Անկարայի: Այսօր Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն կա նաեւ շատ հզոր ադրբեջանական լոբբի, որը ակտիվորեն դիմակայում է այդ գործընթացին: Երկու երկրների հարաբերությունների գլխավոր խնդիրը հենց Լեռնային Ղարաբաղն է, այլ ոչ թե Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումը:
---