Արսեն Մելիք-Շահնազարով.

Վրաց-օսական հակամարտությունը զգալի ազդեցություն ունեցավ ղարաբաղյան գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակման 17-ամյակը: Օգոստոսի վերջում Հարավային Կովկասում, եւ ողջ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները այսպես, թե այնպես կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ճակատագրի վրա: Եվ եթե Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը, հազիվ թե նա նման քայլի դիմի ԼՂՀ-ի հարցում, դա արդեն Հայաստանի գործն է: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN-ի համար մեկնաբանում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը:
Կարո՞ղ է արդյոք վրաց-օսական դիմակայությունն անդրադառնալ Ղարաբաղի վրա:

Գուցե արդեն անդրադարձել է: Թվում է, արտաքնապես ոչինչ չի փոխվել ոչ ադրբեջանա-ղարաբաղյան, ղարաբաղյան հակամարտության, ոչ էլ կարգավորման գործընթացների վրա: Սակայն դա զուտ արտաքնապես: Իրականում կարեւոր բան է կատարվել` բոլոր դիմակները նետված են: Եկել է խաղն ընտրելու ժամանակը: Ակնհայտ դարձավ, որ ղարաբաղցիները, ինչպես նաեւ օսերն ու աբխազները, մարդ չեն համաշխարհային «խաղացողների» համար: Նրանց համար փոքր ժողովրդներն ուղղակի աղբ են, որ խանգարում է նավթագազային հոսքերի վերահսկմանն եւ արթնացած Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված նրանց շահամոլ ծրագրերին: Ըստ այդմ էլ հարկավոր է եզրակացություններ անել:

2008թ. օգոստոի 8-ի Ցխինվալը դա 1992թ. փետրվարի Ստեփանակերտն է: Պատկերացրեք, թե ինչ կարող էր պատահել այսօր, եթե ԼՂՀ-ն չունենար «անվտանգության գոտի» ի դեմս Արցախի ազատագրված տարածքների, եթե ադրբեջանցիները շարունակեին նստած մնալ Խոջալույում, Շուշիում, Մալիբեյլիում, ԼՂՀ-ի մայրաքաղաքը շրջապատաող բարձունքներում: Եվ ինչ կլինի, եթե վաղը ադրբեջանական զորքերը վերադառնան Աղդամ, Ֆիզուլի, առավել եւս` Քելբաջար: Չէ որ ի տարբերություն վրաց իշխանությունների, որոնք քողարկում էին առաջիկա կոտորածը սիրո խոստովանություններով առ «համաքաղաքացի օս եղբայրների», Բաքվում ոչ միայն չեն դադարեցնում, այլ ուժգնացնում են ռազմատենչ եւ ռասիստական ճարտասանությունը: Ուստի այսօր անհրաժեշտ է բեկում մտցնել բանակցային գործընթացում առաջացած փակուղային վիճակում, որն իր ներկա տեսքով տապալման է դատապարտված:

Հաշվի առնելով Հարավային Օսիայի ողբերգությունը, անհրաժեշտ է որպես բանակցությունների շարունակման պայման առաջարկել, որ երեք կողմերը իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր կնքեն ուժ չկիրառելու մասին, որը կնախատեսի խիստ միջազգային պատժամիջոցներ խախտող երկրի համար: «Ընդ որում համաձայնագիրը, ընդգծում եմ, պետք է ստորագրեն Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը: Այսինքն ղարաբաղյան հակամարտության այն երեք կողմերը, որոնց մասին ասվում է ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում` 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում, ԵԱՀԿ գործող նախագահի 1995թ. Պրահայի հայտարարության մեջ եւ այլ փաստաթղթերում, որոնք բոլոր վերջին տարիներին միտումնավոր կերպով անտեսվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» կողմից: Առանց դրա շարունակել աշխատանքը ինչ-ինչ սկզբունքների համաձայնեցման վրա, ինչպես էլ դրանք կոչվեն, կնշանակի մազոխիզմով զբաղվել եւ խաբել ինքներս մեզ եւ մեր ժողովրդին:

Ի՞նչ եք կարծում, Կոսովոն «եզակի դեպք է», որը չի կարող ազդել հակամարտությունների կարգավորման վրա:

Կոսովոյի դեպքում եզակի ոչ մի բան չկա: Այն նույնքան «եզակի է», որքան Սուդետների անջատումը Չեխոսլովակիայից 1938թ.` այդ երկրի հետագա մասնատման նախաշեմին: Ավելին, ոչ մի ինքնորոշում Կոսովոյում չի եղել` միթե՞ այնտեղ հանրաքվե է անցկացվել: Ոչ, եկել են ՆԱՏՕ-ի զորքերը եւ «յուրացրել» այդ բնիկ սերբական երկրամասը, ինչպես 1920-21թթ. արեցին թուրքերն ու բոլշեւիկները Նախիջեւանում` դա հայկական Կոսովոն է: Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյում չի եղել եւ չկա ոչ մի կարգավորում բուն Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ, կա զուտ ուժի թելադրանք դրսից, որն ակնհայտորեն հակասում է ՄԱԿ-ի ԱԽ այդ հարցով ընդունած 1244 բանաձեւին:

Այնպես որ, ըստ իս, ոչ մի եզակիություն ու «նախադեպ» Կոսովոյի դեպքում իրոք չկա: Իսկ երկրամասի անկախության ճանաչման միակողմանի ակտը կարող է ազդել եւ, համոզված եմ, կազդի հակամարտությունների, այդ թվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Ինչպիսի՞ն է ՌԴ-ի իրական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:

Այդ հարցը ինձ չէ, որ պետք է ուղղվի: Առնչություն չունենալով ռուսական իշխանությանը, կարծում եմ, որ այդ դիրքորոշումը համապատասխանում է պաշտոնապես հռչակվածին: Միեւնույն ժամանակ Մոսկվան չափազանց շատ է տեղի տալիս պաշտոնական Բաքվին, երբ վերջինս քմահաճորեն պահանջում է Ռուսաստանից տաբու կիրառել ռուսական ԶԼՄ-ներում Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակման դեպքում, շարունակել ԼՂՀ-ի բազմամյա հեռախոսային, հեռագրային եւ փոստային շրջափակումը Ռուսաստանի կապավորների կողմից: Նույն ոլորտից է պաշտոնյաների վախը ՌԴ-ի եւ ԼՂՀ-ի կազմակերպությունների, քաղաքների միջեւ կապեր հաստատելու հարցում:

Վերջերս Դուք ավարտեցիք Ղարաբաղի մասին գիրքը: Ի՞նչն է այնտեղ գլխավորը:

Ըստ իս, գլխավորն այնտեղ ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական-գաղափարական ասպեկտների շարադրումն է: Հնարավոր չէ արդարության հասնել, չտեղեկացնելով աշխարհին հակամարտության ճշմարիտ պատճառների եւ հետեւանքների մասին, չմերկացնելով հակառակորդի սուտը: Իսկ այս ոլորտում Հայաստանում գործն այնքան էլ լավ չի դրված: Ես տեսել եմ ԱԳՆ-ի բազում պաշտոնյաների, որոնք առանց լրացուցիչ հուշումների չէին կարողանում քարտեզի վրա գտնել Լեռնային Ղարաբաղը: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Միայն Լենինի «սովորել, սովորել, սովորելը» կփրկի, քանի դեռ ուշ չէ: Չէ որ, ինչպես ասել է Վլադիմիր Վիսոցկին.«Մաքուր ճշմարտությունը ժամանակի հետ կհաղթի, եթե անի նույնն, ինչ անում է Կեղտոտ սուտը»: Այս խոսքերը ես որպես բնաբան եմ ընտրել իմ գրքի համար:

Անկախության 17 տարիները ԼՂՀ-ի համար` դա շատ է թե քիչ:

Դա, անշուշտ, քիչ չէ: Կարեւրոն այն է, որ այդ տարիները զուր չեն անցել: Չէ որ կան նաեւ տեւական հետընթաց զարգացման օրինակներ նույն հետխորհրդային տարածքում, որոնց հետեւանքները մենք բոլորովին վերջերս տեսանք:

Պետք է, որ Հայաստանն առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը:

Կարծում եմ, քանի դեռ Հայաստանն ինքը պաշտոնապես չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, հազիվ թե ինչ-որ այլ երկիր գնա այդ քայլին: Ամեն դեպքում, «երրորդ» երկրի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ ինչ-որ էական արդյունքներ չեն երեւում, եթե ընդհանրապես նման աշխատանք տարվել է: Սակայն Երեւանի կողմից պաշտոնական Ստեփանակերտի ճանաչումը պետք է մտածված լինի, ժամանակին եւ ամրագրված համապատասխան վճռականությամբ: Ի դեպ, ԼՂՀ պաշտոնական ճանաչումը կնշանակի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի որպես ԼՂԻՄ-ի ի սկզբանե թերի ՀՀՇ-ական հայեցակարգից, որը փաստորեն որդեգրվեց նաեւ ՀՀ հաջորդ իշխանությունների կողմից: Չէ որ ԼՂՀ վարչական եւ փաստացի սահմանները ամենեւին չեն համընկնում նախկին ԼՂԻՄ-ի սահմանների հետ:

Իսկ առայժմ կարելի է պաշտոնական հայտարարություն անել դե-ֆակտո ԼՂՀ-ի ճանաչման մասին եւ որոշ պայմանագրեր կնքել նրա հետ, այդ թվում նաեւ պաշտպանության մասին: Չէ որ չճանաչված լինելու փաստը չխանգարեց նմանատիպ քայլի գնալ ԱՄՆ-ին Թայվանի հանդեպ դեռեւս 1972թ.: Իսկ չէ որ Հայաստանի Հանրապետությունն ու ԼՂՀ-ն «մեկ ազգ` երկու պետություն են», ինչպես սիրում էր ասել Հեյդար Ալիեւը Թուրքիայի ու Ադրբեջանի մասին:

Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի քարոզչական գործունեությունը:

Այդ գործունեությունը որքան լկտի է, այնքան էլ համառ: Այն ամրապնդված է նաեւ լուրջ ֆինանսական հոսքերով: Չէ որ, ասենք, բավական չէ ինտերնետ-կայքը լցնել լրատվությամբ, պետք է այնպես անել, որ այնտեղ զետեղված տեղեկատվությունը հղումների ճիշտ համակարգ ունենա: Ադրբեջանի քարոզչական մեքենայի ամենօրյա սուտը իբր հայկական կողմից տեղի ունեցող գնդակոծումների մասին հաղորդագրությունների որոնման ժամանակ ի հայտ է գալիս ռազմաքաղաքական նորությունների առաջին շարքում: Այսինքն, այստեղ ակնհայտ է ծրագրավորողների աշխատանքը, իսկ դա փող է: Իսկ փոքրաթիվ հայկական կայքերի հղումների համակարգը թույլ է: Ադրբեջանական քարոզչությունը, գործելով «կապիկի» սկզբունքով, փորձում է հայկական կողմին ներքաշել անարդյունք բանավեճերի մեջ ամենատարբեր հարցերի շուրջ, ինչից պետք է խուսափել: Պետք է սեփական գիծը տանել եւ աշխատել, օրինակ, համառորեն եւ միապաղաղ բացատրել աշխարհին, որ ոչ մի Ադրբեջան Հարավային Կովկասի քարտեզում չի եղել ընդհուպ մինչեւ 1918թ., երբ այդ բուֆերային կազմավորումը սինթեզվեց թուրք ինտերվենտների կողմից իրական Ադրբեջանի, որը Իրանի նահագներից մեկն է, կլանման նպատակով: Ուստի այսօրվա նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն ոչ մի իրավունք չունի ոչ Լեռնային Ղարաբաղի որպես ամբողջության, ոչ Նախիջեւանի, ոչ էլ ինչ-որ այլ բանի հանդեպ:
---