Սինան Օգան.

Հայաստանն ու Թուրքիան չպետք է անցյալով ապրելով հարվածի տակ դնեն ներկայիս եւ գալիք սերունդները

PanARMENIAN.Net - Վրաստանի «հնգօրյա պատերազմը» եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան որոշակի առաջընթաց ազդարարեցին հայ-թուրքական հարաբերություններում: Երկու երկրներում գնալով ավելի շատ շահագրգռված անձինք են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում ծավալված հակամարտության պատճառով Անկարայի կողմից 1993թ. փակված հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին: Ինչպե՞ս եւ ի՞նչ սցենարով կզարգանան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Ստեղծված իրադրությունն ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը:
Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան

Թուրք-հայկական հարաբերությունները երկար եւ խոր արմատներ գցած պատմություն ունեն: Հարցը նրանում է, թե այդ հարաբերությունների ո՞ր կողմերը կարող են քննարկվել այսօր: Արդյո՞ք մենք կարող ենք դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կողմերը, թե՞ պետք է սահմանափակվենք 1915թ. տեղի ունեցած որոշ իրադարձությունների քննարկմամբ, որոնք կազմում են հայ-թուրքական հարաբերությունների մի մասը: Եթե մենք փորձենք գտնել պատմության ներկայիս հարցերի պատասխանները եւ դրանք որպես մեկնարկային կետ վերցնենք, ապա հայ-թուրքական հարաբերություններն ապագա չունեն: Պատմության մեջ տարբեր պետությունների միջեւ խնդիրներ եւ պատերազմներ շատ են եղել: Բայց այսօր մենք տեսնում ենք, որ բոլոր այդ երկները բարեկամական հարաբերություններ ունեն: Օրինակ, Ռուսաստանն ու Գերմանիան թշնամիներ են եղել 60 տարի առաջ, բայց հիմա նրանք դաշնակիցներ են:

Ինչու՞ Թուրքիան ու Հայաստանն այսօր բարեկամներ չեն դարձել: Այդ պետություններից մեկը չի կարողանում մոռանալ, որ միայն պատմաբաններն են որոշում, թե ինչն է ճշմարիտ եղել, իսկ ինչը` ոչ: Եւ եթե մենք հիմնվելու ենք պատմաբանների դատողությունների վրա, ապա կարող ենք փոխել ներկայիս ողջ աշխարհը: Հետեւաբար հայ-թուրքական հարաբերությունների ապագան կարող է միաժամանակ եւ լուսավոր, եւ մութ լինել: Ամենակարեւորն այն է, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել աշխարհը եւ հարաբերությունների զարգացումը:

Արդյո՞ք Թուրքիան կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը` արհամարելով Բաքվի տեսակետը

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները պարզապես երկու երկրների միջեւ հարաբերություններ չեն. մեր երկրների առաջնություններն ու շահերը շատ առումներով համընկնում են: Թուրքիան օժանդակում է Բաքվին այնքան ժամանակ, քանի դեռ շահերը համընկնում են: Ո՞վ իրավունք ունի Թուրքիային ասելու, թե ինչու է նա պաշտպանում իր շահերը: Բնականաբար` ոչ ոք: Այս հանգամանքներում Թուրքիան ի վնաս իր շահերին մեծ ռիսկի է դիմել` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նոր հարաբերություններ նախաձեռնելով Հայաստանի հետ: Հենց այդ նպատակով էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը սեպտեմբերի 6-ին ժամանեց Երեւան:

Թուրքիան իսկապե՞ս ցանկանում է դադարեցնել Հայաստանի մեկուսացումը, հատկապես էներգետիկ նախագծերում

Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում է ցանկանում: Մենք Հայաստանի հետ թշնամի չենք: Այդ իսկ պատճառով Թուրքիան մտադիր չէ Հայաստանը բացառել որեւէ նախագծից: Եթե տարածաշրջանում խաղաղություն տիրի, Հայաստանն, իհարկե, կարող է մասնակցել բոլոր տարածաշրջանային նախագծերին, այդ թվում` էներգետիկ: Նա կարող է ընդգրկվել նաեւ Nabucco նախագծի մեջ: Ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է:

Ի՞նչն է խանգարում մեր երկրների միջեւ երկխոսության կարգավորմանը, բացի 1915թ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունից

Ես, իհարկե, չեմ պատրաստվում քննարկել այդ հարցը: Մենք կարծում ենք, որ Թուրքիան ոչ մի ցեղասպանություն չի իրագործել, այդ թվում եւ հայերի ցեղասպանություն: Պատերազմի ժամանակ երկու կողմերում էլ ողբերգական դեպքեր են եղել: Դա բոլոր պատերազմների օրենքն է: Անհրաժեշտ է հաշվի առնել այդ գործոնները եւ պատմական իրադարձությունները թողնել պատմաբաններին: Երբ մենք այսօր նայում ենք հայ-թուրքական հարաբերություններին, մենք տեսնում ենք, որ հարցը ոչ միայն ցեղասպանության, այլեւ երկու երկրների միջեւ սահմանային համաձայնության բացակայության մեջ է: Հայաստանն իր հռչակագրում բացահայտ հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունի: Թուրքիան նույնպես ընդունեց համարժեք հռչակագիր: Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության քարոզչությունից: Նա նաեւ պետք է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրի: Եթե այդ ամենը տեղի ունենա, մենք կարող ենք բոլոր ոլորտներում լավ հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ: Հայաստանն ու Թուրքիան չպետք է անցյալով ապրելով հարվածի տակ դնեն ներկայիս եւ գալիք սերունդները:
---