Այբարս Գորջուլուն.

Հենց Հայոց ցեղասպանությունն է հայ-թուրքական հարաբերությունների ամենադժվար լուծելի խնդիրներից մեկը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններն աստիճանաբար ավելի ակտիվ են դառնում: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումները, համատեղ ասուլիսներն ու սեմինարները խոսում են այն մասին, որ ավելի քան 70 տարվա ընթացքում որեւէ կապերի բացակայությունից հետո ջերմացում է նկատվում: Ճիշտ է, թուրքական հասարակությունը դեռեւս պատրաստ չէ որոշ` իր համար շատ զգայուն խնդիրների լուծմանը, բայց վաղ, թե ուշ նրանք կգտնեն լուծումը: Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս իրադրության մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական արտաքինքաղաքականության գծով TESEV կենտրոնի ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն:
Հիմա շատ են խոսում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբի մասին: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այդ հարցի առնչությամբ:

Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը պարզապես դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների հաստատում չէ: Դա նաեւ հայ եւ թուրք հասարակությունների միջեւ հարաբերությունների զարգացումն է, ինչը պակաս կարեւոր չէ, քան պաշտոնական կապերը: Եւ ՀԿ-ների, քաղաքագետների եւ լրագրողների խնդիրը կայանում է հենց նրանում, որպեսզի հարեւանների միջեւ կամուրջներ կառուցելու ճանապարհներ շոշափեն: Բայց կա շատ բան, որ խանգարում է, իսկ երբեմն նաեւ արգելակում շարժումն այդ ուղղությամբ:

Կոնկրետ ո՞ր գործոններն են խանգարում երկխոսություն սկսելուն:

Դա հիմնականում պատմությունն է: Հայաստանը մինչ օրս չի ճանաչում սահմանների մասին 1921թ. Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի հոդվածները: Թուրքիան պնդում է այդ համաձայնագրերի ճանաչման վրա` դա նախապայման համարելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Ճիշտ է, Հայաստանի Անկախության հռչակագրում ասվում է, որ ՀՀ-ն Թուրքիայի հանդեպ չունի տարածքային բողոքներ, բայց Կարսի պայամանագիրը մինչ օրս վավերացված չէ Հայաստանի կողմից: Ավելին, Հռչակագրում Թուրքիան անվանվում է Արեւմտյան Հայաստան, ինչը մեզ համար պարզապես անընդունելի է: Ես ձեզ կհիշեցնեմ, որ Հռչակագրի 11 հոդ. ասվում է. Հայաստանը օժանդակում է Օսմանյան կայսրության օրոք Արեւմտյան Հայաստանում կատարված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Բայց ներկայիս Թուրքական հանրապետությունը ոչ մի ընդհանուր բան չունի Օսմանյան կայսրության հետ եւ նրա իրավահաջորդը չէ: Մի խոսքով, սահմանների ճանաչումը կարեւոր նախապայման է հանդիսանում երկկողմ հարաբերությունների կարգավորման համար:

Այո, բայց դա չի ազատում թուրքերին ջարդերի համար պատասխանատվությունից, այնպես չէ՞: Եւ որքանո՞վ եք Դուք ազատ, որպեսզի օգտագործեք հենց «ցեղասպանություն» տերմինը:

Ինձ համար տերմինները խոչընդոտ չեն, ես հանգիստ ասում եմ հայոց ցեղասպանություն, թեեւ գիտեմ, որ Թուրքիայում շատերը կարող են թանկ վճարել նման բառերի համար: Ես ինձ համար խնդիրներ չեմ տեսնում: Առաջին աշխարհամարտի ժամանակ իմ պապը օգնում էր հայերին եւ ես նրանից եմ գիտեմ ցեղասպանության մասին: Բայց իրականում Թուրքիայում շատ քիչ մարդիկ կան, որոնք գիտեն 1915թ. իրադարձությունների մասին եւ զարմանում են, երբ նրանց ասում են, որ նրանք պետք է ժխտեն դրանք: «Ինչպե՞ս կարելի է ժխտել այն, ինչը չի եղել»,- հարցնում են նրանք: Դպրոցներում մեր պատմության այդ շրջանը գրեթե չեն անցնում: Կա եւս մեկ վտանգ. ենթադրենք` Թուրքիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան կարող է հաջորդել նյութական փոխհատուցման, տարածքների պահանջը, եւ, որպես հետեւանք, կխախտվի տարածաշրջանի հավասարակշռությունը, որն առանց այդ էլ հիմա բավական անկայուն է:

Բայց Դուք չեք կարող ժխտել շատ երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Ոչ, իհարկե: Բայց դժվար թե Օսմանյան կայսրությունում կատարված հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելը ինչ-որ կերպ ազդել է այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման վրա:Հիշեք, երբ 2001թ. Ֆրանսիայի Սենատը պաշտոնապես ճանաչեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը, այդ մասին բոլոր խոսակցությունները Ֆրանսիայում նվազեցին: Այսինքն, ճանաչվեց միայն պատմական փաստը եւ վերջ: Ես կարծում եմ, որ հենց Հայոց ցեղասպանությունն է հայ-թուրքական հարաբերությունների ամենադժվար լուծելի խնդիրներից մեկը: Տվյալ հարցի առնչությամբ Անկարայի քաղաքականությունը ուղղված է ոչ թե դեպի անցյալը, այլ ներկան եւ, ով գիտի, ապագան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիան միանշանակ օժանդակում է Ադրբեջանին` ընդ որում հանդիսանալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ անդամ: Ինչպե՞ս, ըստ Ձեզ, կարող է գոյություն ունենալ նման երկդիմի իրադրություն:

Մենք օժանդակում ենք Ադրբեջանին, որովհետեւ գտնում ենք, որ Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը: Թուրքիան 1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը` ի պատասխան Ադրբեջանի դեմ ագրեսիայի: Թուրքիան պարտավորվել է բացել սահմանը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի ստորագրման դեպքում:

Ինչու՞ եք դուք ագերսիա անվանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ դեպքում ինչպե՞ս անվանել թուրքական օկուպացիոն կորպուսի ներկայությունը Կիպրոսում:

Պատերազմը միջազգային իրավունքի նորմի խախտում է: Ես հենց դա էլ նկատի ունեմ: Իսկ ինչ վերաբերում է թուրքական ռազմական ներակայությանը Կիպրոսում, ապա հավաքակազմը պաշտպանում է կղզու թուրքական համայնքին:

Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիմադրություն չի հանդիսանում: Եւ ԼՂՀ Պաշտպանության բանակը պաշտպանում է իր հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, Դուք դրան չե՞ք առարկի:

Ոչ: Ես, առհասարակ, գտնում եմ, որ Թուրքիան կարող էր շատ բան անել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: Մենք նաեւ կցանկանայինք ղարաբաղյան հակամարտության միջնորդ դառնալ: Ավելին, սահմանի փակումը հանգեցրեց տարածաշրջանում ուժերի բեւեռացմանը` մի կողմից Թուրքիա-Ուկրաինա-Ադրբեջան-Վրաստան եւ մյուս կողմից` Ռուսաստան-Իրան-Հայաստան գծերով: Անկայունությունը Կովկասում, հատկապես օգոստոսյան պատերազմից հետո հանգեցրեց նրան, որ Թուրքիան ներկայումս Ռուսաստանի հետ խորհրդակցություններ է անցկացնում Կայունության պլատֆորմի շուրջ: Միջազգային հանրությունը նույնպես աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հանդեպ Թուրքիայի ձգտմանը: Վերադառնալով սահմանի բացման հարցին` կնկատեմ, որ դրանից փոխադարձ շահ կլինի: Եթե հիմա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան մոտ $300 միլիոն, ապա բացման հետ այն կմեծանա, ընդ որում, այդ գումարները ոչ թե նստվածք կտան ստվերային սեկտորում, այլ կփոխանցվեն երկրի բյուջե:

Ըստ ՁԵզ, սկիզբ առած երկխոսությունը ապագա ունի՞:

Ես ուղղակի համոզված եմ դրանում: Որքան շատ մենք հաղորդակցվենք, ավելի լավ ճանաչենք միմյանց, այնքան արագ կկարողանանք հաղթահարել այն հակասությունները, որոնք կուտակվել են երկար ժամանակի ընթացքում: Հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի եւ անընդհատ բնույթ կրի: Չկան հարցեր, որոնք չի կարելի քննարկել: Մենք պետք է խոսենք ամեն ինչի մասին` սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ փակ սահման: Միայն այդ դեպքում հայերն ու թուրքերը կարող են փոխըմբռնման հասնել:
---