ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական միջադեպով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական միջադեպի առիթով: Այդ մասին Պետդեպարտամենտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Քեյսին: Նրա խոսքերով, Բաքու է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը քննարկել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ հեռախոսազրույցում: Ինչպես հաղորդել է ինքը Բրայզան, Երեւանում նա մտադիր է հանդիպել Հայաստանի կառավարության պաշտոնյաների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ` նպաստելու համար նրանց միջեւ երկխոսության հաստատմանը ներքաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով, որն առաջացել է նախագահական ընտրություններից հետո:



Թոմ Քեյսին ընդգծել է նաեւ, որ հակամարտության գոտում միջադեպի կրկնություն չի եղել: «Մենք հուսով ենք, որ նման իրավիճակը կպահպանվի»,-ասել է նա:



Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ այժմյան մարտական բախումները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումների միջեւ մտահոգում են Բուշի վարչակազմին:



«Կատարվածը ցույց է տալիս, որ կողմերին անհրաժեշտ է համագործակցել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ` իրավիճակի դիվանագիտական կարգավորման նպատակով»,-ասել է Քեյսին:



Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզայի հինգշաբթի օրը Երեւանում ունենալիք խորհրդակցություններին, ապա Թոմ Քեյսին հաստատել է, որ առաջին հերթին խոսքը գնալու է նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, որի արդյունքները ընդդիմությունը վիճարկում է:



«Այժմ, երբ իրավիճակը հանդարտվել է, ամերիկյան իշխանությունների տեսակետից, չափազանց կարեւոր է, որ վերացվի մարտի 1-ին Երեւանում հայտարարված արտակարգ դրությունը: Մենք նաեւ մտահոգված ենք այն սահմանափակումներով, որոնք դրվել են մամուլի, այդ թվում «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանների գործունեության վրա, եւ կցանկանայինք, որ այդ սահմանափակումները վերանային: Դա կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլ առավելապես Հայաստանի ժողովրդի համար` լրատվությանը հասու լինելու համար»,-ասել է Թոմ Քեյսին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---