ՎՀՀԿ. Նորաշեն եկեղեցին պետք է վերադարձվի օրինական տերերին

PanARMENIAN.Net - «Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու բակում շինարարական աշխատանքները դադարեցվել են մայիսի 18-ին Վրաստանի հայ համայնքի միջամտությունից հետո»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի (ՎՀՀԿ) նախագահ Կարեն Էլչյանը: Սակայն, նրա խոսքերով, հարցը դեռեւս «կախված է օդում»: ՎՀՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի անկախության հռչակումից ի վեր երկրի իշխանությունները խոստանում են հայ համայնքին կրոնի մասին օրենք ընդունել: «Սակայն օրենքը դեռ չի ընդունվել: Կրոնական կազմակերպությունները, բացառությամբ Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ), կարող են գրանցվել միայն որպես ոչ կառավարական կամ հասարակակական: Այդպիսով, Վրաստանում փաստորեն մեկ եկեղեցի գոյություն ունի` ՎՈՒԵ: Այդ կետը դեռեւս իրավական ձեւակերպում չի ստացել, սակայն կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ընդգծել է Էլչյանը:



Նա նաեւ նշել է, որ եթե Վրաստանի իշխանությունները եւ Հայ Առաքելական Եկեղեցին միջոցներ չձեռնարկեն հայկական եկեղեցիների «վրացականացումը» դադարեցնելու համար, ապա ՎՀՀԿ-ն ստիպված կլինի իրադրությամբ թելադրվող քայլերի դիմել: Ճիշտ է, ինչում դա կոնկրետ կարտացոլվի, Էլչյանը չասաց: «Վրաստանում ընդամենը 6 հայկական եկեղեցի կա, որոնցից երկուսը` Սուրբ Գեւորգն ու Սուրբ Աստվածածինը գործող են, գտնվում են Հավլաբարում: Եթե մենք կարողանանք պահպանել Նորաշենը, ապա մենք կունենանք գործող երեք եկեղեցի»,- ասել է նա, հավելելով, որ հայկական եկեղեցիները մինչեւ հիմա չեն վերադարձվել օրինակակն տիրոջը` ՀԱԵ-ին:



Վրաստանում ՀԱԵ թեմն անցյալ շաբաթ անհանգստություն եւ վրդովմունք է հայտնել Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին: Հայր Տարիելն ու իր գլխավորած մի խումբ աշխատավորներ մետաղյա ցանկապատ են կառուցում Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) համար բնորոշ կրոնական խորհրդանշաններով: «Հայկական թեմը տվյալ քայլը դիտարկում է որպես Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի այլ չորս եկեղեցիների պատկանելության մասին հարցի քաղաքակիրթ կարգավորման վերաբերյալ ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի միջեւ հաստատված համաձայնության խախտում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:



Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին որպե ս ՀԱԵ եկեղեցի եւ հիմնադրման օրվանից մտնում էր Վրաստանում հայկական թեմի կազմի մեջ: XX դարի 30-ական թվականներին եկեղեցին մյուս կրոնական կառույցների հետ միասն փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց այն իր օրինական, պատմական տիրոջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---