ԱՄՆ հրեական կազմակերպությունները լուրջ քննադատության են ենթարկել Էրդողանի դեմարշը Դավոսում

PanARMENIAN.Net - ԱՄՆ հրեական կազմակերպությունները լուրջ քննադատության են ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմարշը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները Էրդողանի պահվածքը գնահատել են որպես «խայտառակ արարք, որը կարող է օրինակ դառնալ Իսրայելի եւ հրեական ժողովրդի հանդեպ հետագա բռնության գործողությունների համար», գրում է թուրքական Hurriyet թերթը:



«Թուրք վարչապետի զայրույթի նման պոռթկումը Դավոսում յուղ է ավելացնում հակասեմիտիզմի աճող կրակի վրա: Չարդարացված գնահատականները եւ Իսրայելի նախագահի հանդեպ անհարգանքի արտահայտումը Էրդողանի կողմից եւս մեկ անգամ վկայում են այն մասին, թե որքան վտանգավոր է դառնում նման դիրքորոշումը Իսրայելի հանդեպ»,- հայտնել է Ամերիկա-Հրեական հանձնաժողովի տնօրեն Դեւիդ Հարիսը: Նրա խոսքով, թուրք-հրեական հարաբերությունները կենսապես կարեւոր են հանդիսանում եւ օժանդակվում են ԱՄՆ հրեական համայնքի կողմից: «Բայց մենք չենք կարող լռել Իսրայելի հանդեպ նման կտրուկ քննադատությունից հետո, հատկապես հաշվի առնելով հակասեմիտիզմի այն ալիքը , որը նկատվում է Թուրքիայում վերջին ժամանակներս»,- նկատել է Հարիսը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավոսում ցուցադրաբար լքեց Համաշխարհային տնտեսական համաժողովը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Էրդողանը հայտարարեց, որ իր անորոշության պատճառը բխում էր նրանից, որ Իսրայելի նախագահին ելույթի համար հատկացրին 25 րոպե, մինչդեռ իրեն տվեցին 10-15 րոպե:



Թուրքիան կտրուկ հակաիսրայելական դիրքորոշում բռնեց Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունից հետո` Իսրայելին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 16-ին հանդես եկավ Իսրայելը ՄԱԿ-ից հեռացնելու պահանջով: Անցյալ շաբաթ ԱՄՆ հինգ հրեական կազմակերպություններ նամակ ուղարկեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում անհանգստություն հայտնեցին Թուրքիայում հակասեմիտիզմի արտահայտման հետ կապված:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---