Միջազգային ճգնաժամային խումբը կոչ է անում Հայաստանին ու Թուրքիային կարգավորել հարաբերությունները

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որտեղ կոչ է անում Հայաստանին ու Թուրքիային բոլոր ջանքերը գործադրել հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՄՃԽ մամլո ծառայությունում: «Այս պատասխանատու պահին երրորդ կողմը պետք է խուսափի այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված գործընթացին»,-հայտարարել է Թուրքիայում եւ Կիպրոսում ՄՃԽ նախագծերի ղեկավար Հյու Փոուպը:



Ինչպես նշվում է ՄՃԽ-ի հաղորդագրության մեջ, ղարաբաղյան հակամարտությունը նախկինի պես որոշակի ռիսկ է պարունակում Երեւանի ու Անկարայի միջեւ վերջնական համաձայնության գալու առումով: «Թուրքիան պետք է համոզի իր դաշնակցին` Ադրբեջանին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն հասնելու համար, Հայաստանն, Ադրբեջանի հետ մեկտեղ, պետք է ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական սկզբունքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «գրավյալ տարածքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Միեւնույն ժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ Երեւանն ու Անկարան չպետք է սպասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Իր հերթին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանն ու մյուս երկրները պետք է նպաստեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը»,-ասվում է ՄՃԽ հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---