Պրահայում ստորագրվել է «Արեւելյան գործընկերության» հռչակագիրը

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» Պրահայում ընթացող գագաթնաժողովի մասնակիցները հրավիրում են Եվրամիության խորհրդարանականներին եւ գործընկեր երկրներին աջակցել Եվրախորհրդարանի առաջարկների եւ Եվրահանձնաժողովի ԵՄ-Արեւելյան հարեւաններ Խորհրդարանական վեհաժողով ստեղծելու մասին առաջարկության իրականացմանը: Փաստաթուղթը ստորագրել են ԵՄ 27 երկրները եւ ծրագրում ընդգրկված 6 պետությունները` Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան:



Հռչակագրում առաջարկվում է Եվրահանձնաժողովին նպաստել Քաղաքացիական հասարակության հիմնադրամի ստեղծմանը: Մասնակիցները նաեւ կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին ու այլ ֆինանսական ինստիտուտներին ներդրումներով աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը «Արեւելյան գործընկերության» մանդատի շրջանակներում: Հռչակագիրը նաեւ կոչ է անում տարբեր ֆինանսական ինստիտուտներին լրացուցիչ դոնորական օգնություն հատկացնել նախագծերի իրակակնացման համար: Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնվել են քարոզել գործընկերության առանցքային սկզբունքներն ու նպատակները մասնակից երկրների հանրության շրջանում:



Ըստ անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանայի, ծրագիրը կօգնի մասնակից երկրներին ինտեգրվել Եվրոպային եւ բարեփոխումներ անցկացնել:



Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն պատմական պահ է անվանել ծրագրի մեկնարկը: Եվրահանձնաժողովի անդամ Բենիտա Ֆերերո-Վալդները, որը հովանավորում է արտաքին կապերը, հայտարարել է, որ ափսոսում է ՌԴ-ի դիրքորոշման վերաբերյալ, որը մտահոգություն էր հայտնել ծրագրի առնչությամբ` պնդելով, որ դա կարող է վերածվել Եվրոպայում ազդեցության նոր ոլորտների ստեղծմանը: Ֆերերո-Վալդներն ընդգծել է նաեւ, որ Բելառուսի եւ Մոլդովայի բացակայությունը գագաթնաժողովին չի նշանակում, թե այդ երկրները չեն ցանկանում մասնակցել «Արեւելայն Գործընկերությանը»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---