Չախալյանի գործը. Թբիլիսիի դատարանն այսօր եւս չի լսել փաստաբան Պատրիկ Արապյանին

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի Վարչական գործերի կոլեգիայում տեղի է ունեցել Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանի որպես Վ.Չախալյանի դատապաշտպան գրանցումը մերժելու հարցով առաջին դատավարությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: «Այսօրվա դատական նիստում դատավորն ընդամենը գրանցեց կողմերի ներկայությունը եւ անմիջապես հայտարարեց, թե լսումը հետաձգվում է մինչ մայիսի 29-ը»,-ասել է Ռ.Թաթոյանը: Նրա խոսքերով, դատավորը չի նշել հետաձգման պատճառը: Սա վրաց իշխանությունների կամայականության հերթական վկայությունն է: Նրանք ընտրել են դատավարության ձգձգման ռազմավարությունը: Սակայն Պ.Արապյանը բազմիցս է նշել, որ անկախ դատարանի որոշումից, ինքը պաշտպանելու է Վ.Չախալյանի իրավունքները»,-ասել է «Երկիր» միության ներկայացուցիչը:



Չախալյանների ընտանիքի շահերը լսումներում ներկայացնում էր փաստաբան Նինո Անդրիաշվիլին, որը «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության իրավաբաններից է, որի նպատակը Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունն է:



Փետրվարի 16-ին Վրաստանի արդարադատության նախարարությունն առանց որեւէ հիմնավորման հրաժարվեց գրանցել Պատրիկ Արապյանին որպես Չախալյանների պաշտպան: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին Վրաստանի արդարադատության նախարար Զ.Ադեիշվիլիին հասցեագրված նամակում առաջարկել է վերականգնել Չախալյանների ոտնահարված իրավունքը եւ թույլ տալ ֆրանսիացի փաստաբանին մասնակցել դատավարությանը, սակայն վրաց իշխանություններն անտեսեցին նրա խորհուրդը:



Ապրիլի 11-ին եւ 28-ին Փարիզում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ցուցարարներին ընդունեց Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան եւ խոստացավ, որ վրաց իշխանությունները դրական լուծում կտան Պ.Արապյանի գրանցման հարցին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---