Մտավորականների քաղաքացիական նախաձեռնությունը ստացել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աջակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների Նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով:



Ողջունելով հյուրերին, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու ձգտումը:



«Մենք գտնվում ենք աշխարհագրական յուրօրինակ տարածաշրջանում, որը յուրահատուկ է իր մշակութային բազմազանությամբ եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ: Ցավոք, մեր տարածաշրջանը հարուստ է նաեւ չլուծված խնդիրներով եւ միայն փոխադարձ վստահության, համագործակցության մթնոլորտը կարող է մեզ թույլ տալ մեր ազգերի համար լավ ապագայի հույս ունենալ: Դրանից ելնելով, մենք միշտ այն կարծիքին ենք եղել եւ շարունակում ենք լինել, որ համագործակցության ու երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի բարդ հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել: Հենց այս համատեքստում ենք մենք ընկալել մեր դեսպանների նախաձեռնությունը եւ ողջունել ենք այս ձեռնարկի անցկացումը»,- ասել է Հանրապետության Նախագահը: Նա հատկապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցչի` Միխայիլ Շվիդկոյի դերն այս գործում:



Նախաձեռնության մասնակիցները երկրի ղեկավարի հետ զրուցել են հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփումներ ստեղծելու անհրաժեշտության եւ դրա իրականացման ուղիների մասին:



ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները նշել են, որ իրենց քաղաքացիական նախաձեռնության նպատակն է կողմերի համար միմյանց հետ շփվելու, փոխվստահություն ձեւավորելու հնարավորություններ ստեղծել: Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեպանի, ժամանակն է ընդառաջ քայլ կատարել ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ` այդ գործում մեծապես ներգրավելով երկու ժողովուրդների մտավորական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր կարող են իրենց շփումներում գտնել ընդհանրության եզրեր:



Նախաձեռնության հեղինակներիխոսքով` պետությունների ղեկավարների մակարդակով վարվող քաղաքական երկխոսությանը զուգահեռ քաղաքացիական նախաձեռնությունների իրականացումը հնարավորություն կտա հաստատել կանոնավոր շփումներ, իսկ վստահության մթնոլորտի ձեւավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:



Երկու ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է համարվել վերահաստատել հայ եւ ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունները` այդ շփումներին մասնակից դարձնելով նաեւ երիտասարդ սերնդին:



Նախագահ Սարգսյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց Ստեփանակերտում ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---