Հայ Դատը համահայկական համաժողով է անցկացնում Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ Դատի Գրասենյակի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ հուլիսի 10-11 Ստեփանակերտում կկայանա համահայկական համաժողով` նվիրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության լուծման հարցերին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք որոշել ենք կազմակերպել այդ համաժողովը` ելնելով նրանցի, որ հայ հասարակությունն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցություններով: Բացի դրանից, նման համաժողովի անցկացումը Ստեփանակերտի համար լավ առիթ կլինի` ներկայացնելու սեփական դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ»,- ընդգծել է Մանոյանը:



Ինչպես հաղորդել է Հայ Դատի գրասենյակի ղեկավարը, համաժողովի աշխատանքներին կմասնակցեն մոտ 120 մասնակիցներ աշխարհի 20 երկրներից: Երկու օրվա ընթացքում կկայանան քննարկումներ, հասարակական, քաղաքական գործիչների ելույթներ, իսկ համաժողովի ավարտին մասնակիցները կներկայացնեն ամփոփումը: «Համաժողովն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են նաեւ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցություններ»,- հայտնել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---