Մեդվեդեւն առաջարկում է պարզեցնել ռուսական բանակի օգտագործումը երկրի սահմաններից դուրս

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դումային ներկայացրել է ազգային տարածքից դուրս զինված ուժերի կիրառման կարգին վերաբերող «Պաշտպանության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այդ մասին նախագահը հաղորդել է երկուշաբթի օրը Սոչիում խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների հետ կայացած «առանց փողկապների» հանդիպման ժամանակ:



Ինչպես ավելի ուշ ճշգրտել է Կրեմլի լրատվական ծառայությունը, ուղղումները նախապատրաստվել են փետրվարի 17-ին Դաշնության խորհրդի անդամների հետ նախագահի հանդիպման արդյունքում հանձնարարությունների ցանկի 5-րդ կետին համապատասխան: Դրանք ուղղորդված են «իրավական մեխանիզմի ստեղծմանը, որը պետության ղեկավարի համար հնարավորություն կապահովի օպերատիվ օգտագործել ՌԴ տարածքից դուրս ՌԴ Զինված ուժերի կազմավորումները»:



Ենթադրվում է նախագահին օժտել արտասահմանում տեղակայված ռուսական զորքերի վրա կատարված հարձակումների ետ մղման, մեկ ուրիշ պետության դեմ ագրեսիայի կանխման, ՌԴ քաղաքացիների պաշտպանության, ծովահենության դեմ պայքարի եւ նավագնացության անվտանգության ապահովման նպատակով արտասահմանում ռազմական ուժի օգտագործման վերաբերյալ միանձնաբար որոշում կայացնելու իրավունքով:



Նախկինում երկրի սահմաններից դուրս ռազմական ուժի օգտագործման համար նախագահը պետք է ստանար Դաշնության խորհրդի համաձայնությունը:



2006 թվականի հուլիսին ՌԴ Պետդուման հավանություն էր տվել օրենսդրությունում կատարված ուղղումներին, որոնք պետության ղեկավարին հնարավորություն էին ընձեռում «որոշումներ կայացնել ՌԴ տարածքից դուրս Ռուսաստանի զինված ուժերի կազմավորումների եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների օգտագործման վերաբերյալ` Ռուսաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիների, կամ էլ Ռուսաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ իրականացվող ահաբեկչական գործունեության դեմ պայքարի նպատակով»:



Այժմ ծայրահեղ իրավիճակների ցանկը համալրվել է «ագրեսիայի ետ մղմամբ» կամ երրորդ երկրների դեմ ենթադրվող ագրեսիայի կանխմամբ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---