Թուրքիայի վարչապետ. ԵՄ-ն չպետք է յուրօրինակ "քրիստոնեական ակումբ" լինի

PanARMENIAN.Net -
Անկախ բոլոր խոչընդոտներից, Թուրքիան համբերատար կգնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով: Թուրքիան չի հրաժարվի իր նպատակներից, քանի դեռ ԵՄ բոլոր անդամները չեն հայտարարել, որ մեր երկիրը չի անդամակցելու Միությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` հավելելով, որ նրանց համբերությունն անսահման չէ:



Ընդգծելով Թուրքիայի կառավարության վճռականությունը ԵՄ-ին անդամակցելու հարցում` Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդներին, որոնք փորձում են խանգարել Թուրքիայի լիիրավ անդամակցությանը ԵՄ-ին:



Շեշտը դնելով նրա վրա, որ ԵՄ-ն չպետք է յուրօրինակ "քրիստոնեական ակումբ" լինի, Էրդողանը զգուշացրել է ԵՄ-ի այն շրջանակներին, որոնք իսլամը մերժող հայացքներ ունեն,-հաղորդում է Euornews-ը:



ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիան սկսել է 2005թ.:



1963թ. Թուրքիան պայմանագիր կնքեց ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ, որտեղ ճանաչվում էր երկրի միությանն անդամակցելու իրավունքը:



1978-1979թթ. Թուրքիային հրավիրում էին անդամակցել Եվրոպական տնտեսական ընկերակցությանը Հունաստանի հետ միասին, սակայն Թուրքիան հրաժարվեց:



1980թ. ռազմական հեղաշրջումից հետո, Եվրոպան կասեցրեց հարաբերություններն Անկարայի հետ եւ բանակցությունները վերսկսվեցին միայն 1983թ. հետո: Այնուամենայնիվ, 1997թ. գագաթնաժողովում ԵՄ-ն հրաժարվեց ճանաչել Թուրքիային ԵՄ անդամակցության թեկնածու` այդ իրավունքը նա ստացավ միայն 2000թ., այն պայմանով, որ երկիրը կբարեփոխի օրենսդրությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:



2002թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատեց Թուրքիայի խորհրդարանն, իսկ 2004թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը խորհուրդ տվեց բանակցություններ սկսել Թուրքիայի հետ ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ:



Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդացնում է այն, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Կիպրոսը, որն անդամակցում է ԵՄ-ին 2004թ.: 1974թ. Թուրքիան զավթեց կղզու հյուսիսային մասը, այդ ժամանակվանից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային` հունական մասի կառավարության լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---