Յըլմազ Օզդիլ. Հայ գաղթականների արտաքսման դեպքում Թուրքիան «նացիստական Գերմանիայի» կվերածվի

PanARMENIAN.Net - Թուրքիան «նացիստական Գերմանիայի» կվերածվի երկրից վտարելով Հայաստանից եկած 100 հազար անօրինական գաղթականներին: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet թերթի վերլուծաբան Յըլմազ Օզդիլը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանն այն մասին, որ հնարավոր է երկրից Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ արտաքսվեն: «Եթե մենք հայերին արտաքսենք այն բանի համար, որ նրանք այստեղ են գաղթել եւ, իբր, մեզնից խլում են աշխատատեղերը, ապա «նացիստական Գերմանիայի» կվերածվենք»,- ասում է Օզդիլը CNN-Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում: Լրագրողի կարծիքով, Թուրքիայի կառավարության մոտ «բացակայում է հայկական քաղաքականությունը»:

Նրա խոսքով, հայտարարելով այն մասին, որ Անկարան մտադիր է վտարել անօրինական հայերին, երկիրը վարկաբեկում է հայկական արմատներով իր քաղաքացիներին:

Օզդիլը չհամաձայնեց նաեւ թուրքական իշխանությունների դիրքորոշման հետ այն կապակցությամբ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծեն երկու երկրների պատմաբանները:

«Պատմաբաններն այն չեն լուծի: Թուրք պատմաբանները մի բան կասեն, հայերը` մեկ ուրիշ բան: Դա ոչ թե պատմական ու քաղաքական, այլ իրավական խնդիր է»,- ասում է թուրք փորձագետը: Ընդ որում, նա առաջարկում է Թուրքիայի ԱԳ նախարար նշանակել ընդդիմության ներկայացուցչին: Նա գտնում է, որ ընդդիմությունը «դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող ավելի շատ քաղաքական գործիչներ» ունի, եւ առաջարկում է գրեթե հարյուրամյա վաղեմության խնդիրը լուծել Հաագայի միջազգային դատարանում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---