Աշոտ Ղուլյան. Հուսով եմ` Բաքվում, վերջիվերջո, կհասկանան, որ ԼՂՀ-ն 1991-ից ի վեր ինքնուրույն է լուծում բոլոր հարցերը

Աշոտ Ղուլյան. Հուսով եմ` Բաքվում, վերջիվերջո, կհասկանան, որ ԼՂՀ-ն 1991-ից ի վեր ինքնուրույն է լուծում բոլոր հարցերը

PanARMENIAN.Net - «Ես քվեարկեցի ավելի պրոֆեսիոնալ խորհրդարանի օգտին, որն իր որակներով պետք է տարբերվի նախորդ գումարումներից: Դրա հետ մեկտեղ Արցախի խորհրդարանական ժողովները բավական բարձր մակարդակի են եղել»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ, Արցախի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը: Ինչպես նա նկատել է, միջազգային դիտորդների ներկայությունը դրական գործոն է, որն ապահովում է ընթացող ընտրությունների թափանցիկությունը և ապացուցում ԼՂՀ բաց լինելը: «Ես հուսով եմ, որ դիտորդների գնահատականները կհաստատեն մեր ձգտումները և կհանգեցնեն Արցախի միջազգային ճանաչմանը»,- ասել է արցախյան խորհրդարանի խոսնակը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի խորհրդարանը ԼՂՀ միջազգային ճանաչման համար, Ղուլյանը նշել է, որ Արցախի օրենսդրական մարմինը լավ հարթակ է քննարկումների համար և գործող խորհրդարանում առաջին անգամ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ լսումներ էին կազմակերպվել: «Ես վստահ եմ, որ նման պրակտիկան կշարունակվի նաև հետագայում»,- հայտնել է Ղուլյանը: Նա ավելացրել է նաև, որ Արցախի խորհրդարանը լավ կապեր է հաստատել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ խորհրդարանների հետ: «Նման կապերը մեզ տարբեր քննարկումներ անցկացնելու հնարավորություն են ընձեռում, և ես վստահ եմ, որ ապագայում նման կապերն ընդլայնվելու են»,- հայտնել է Աշոտ Ղուլյանը:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները Արցախում խորհրդարանական ընտրությունների առիթով` Ղուլյանը հայտնել է, որ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ 20-ամյա պետականության պատմություն ունեցող ԼՂՀ-ում բոլոր նման հարցերը լուծվում են անկախ հարևան երկրների կարծիքից: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանը, վերջիվերջո, կհասկանա, որ ԼՂՀ-ն 1991-ից ի վեր ինքնուրույն է լուծում բոլոր հարցերը»,- հայտնել է արցախյան խորհրդարանի խոսնակը:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---