ԱՄՆ-ն Թուրքիային չի պատժի Հայոց ցեղասպանությունն ընդունելով

ԱՄՆ-ն Թուրքիային չի պատժի Հայոց ցեղասպանությունն ընդունելով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ Հայոց ցեղասպանությունը ընդունելով` Թուրքիային պատժել` «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպի համար: «Չեմ կարծում, որ մենք պետք է շաղկապենք այն հարցերը, որոնք միմյանց հետ որևէ առնչություն չունեն: Դրանք մենք առանձին-առանձին` յուրաքանչյուրն իր հերթին կքննարկենք», - ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ –ն շատ զգուշավոր է այդ հարցում և ուզում է Թուրքիայի բարձր վարկանիշը ԱՄՆ-ում պահպանել:

Գորդոնը նշել է, որ Մ.Նահանգների և Թուրքիայի միջև տարբերություն կա, սակայն նրանք նաև շատ նմանություններ ունեն և աշխատում են տարբեր բնագավառներում:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին նշել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայն է Իսրայելի առաջարկությանը` միջադեպը հետաքննելու համար հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկված կլինեն ամերիկացի փորձագետներ:

PanARMENIAN.Net ին Վաշինգտոնի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ներկայում հայ և հրեական լոբբիի միջև խորհրդակցություններ են ընթանում` Հայոց ցեղասպանության 252 բանաձևը առաջ քաշելու ուղղությամբ: Հրեական լոբբին երկար ժամանակ տորպեդահարում էր այդ բանաձևի ընդունումը Թուրքիայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների պատճառով: Բայց հիմա այն կոնգրեսականները, ովքեր աջակցում էին Թուրքիային` վերանայում են իրենց դիրքորոշումը: Պետք է նշել նաև, որ Իսրայել-Թուրքիա բարեկամության խումբը Քնեսեթում դադարեցրել է իր գործունեությունը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---