Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում բոյկոտել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի հետ, որը կայանալու է սեպտեմբերի 19-ին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք, թե ինչի համար է թուրքական կառավարությունը ձեռնարկում այդ քայլը: Մենք հասկանում ենք, որ դա արվում է բացառապես օտար աչքի համար և Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների նմանակում է: Եթե մենք` հայերս, գնանք այդ սադրանքին, ապա կնշանակի, որ մենք նպաստում ենք թուրքական դիվանագիտության հաղթանակին և ոչ միայն մեր դիվանագիտության, այլ նաև հայկական պետականության պարտությանը»:

Ինչպես նշվում է հայտարարությունում, թուրքական ղեկավարությունը, խաղալով հայերի կրոնական զգացմունքների հետ, պատրաստվում է թատերական ներկայացում բեմադրել, որում գլխավոր դերն առաջարկում են խաղալ հայերին: «Նրանք փորձում են ցուցադրել իրենց կեղծ հանդուրժողականությունը: Լուրջ քայլեր կատարելու փոխարեն Թուրքիան շոու է կազմակերպում և ցուցաբերում իրական կամքի բացակայություն: Բացառված չէ, որ եկեղեցու գմբեթին խաչի փոխարեն կտեղադրվի թուրքական դրոշ, իսկ շուրջը կլինեն Աթաթուրքի դիմանկարները: Մենք` Ռուսաստանի ջավախահայերս, կարծում ենք, որ յուրաքանչյուր հայ, որը հարգում է իր ազգն ու սեփական արժանապատվությունը, պետք է զերծ մնա այդ ներկայացմանը մասնակցելուց, և կոչ ենք անում չմեկնել Աղթամար կղզի: Հաշվի առնելով այն, որ Սուբ Խաչն օծված չէ և եկեղեցու կարգավիճակ չունի, բոյկոտը միակ ճիշտ որոշումն է: Մենք, Ռուսաստանի ջավախահայերս, հանդես ենք գալիս «Ոչ սեպտեմբերի 19-ին» կարգախոսով»,- ասվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---