Սերժ Սարգսյան. Կոսովոյում գտնվող հայ խաղաղապահներն արել են հնարավորը` պաշտպանելով սերբական եկեղեցիները

Սերժ Սարգսյան. Կոսովոյում գտնվող հայ խաղաղապահներն արել են հնարավորը` պաշտպանելով սերբական եկեղեցիները

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ:

Հայաստանի նախագահը և Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա համագործակցությունը հետզհետե կընդլայնվի, իսկ հայ և սերբ ժողովուրդների շփումները շարունակաբար կընդլայնվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել` պետականության բացակայության պայմաններում հաճախ ստաձնելով ազգի համախմբման և առաջնորդելու բարձր առաքելությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, այսօր էլ հայերի, ինչպես և սերբերի համար, եկեղեցու դերն անփոխարինելի է:

Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ հանդիպմանը հանրապետության ղեկավարը հատկանշական է համարել նաև, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները:

Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս.Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել օդաչուների հարազատների հետ:

Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն` նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երևան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---