Արաբական Միացյալ Էմիրություններում նշել են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ԱՄԷ Շարժա Էմիրությունում գտնվող Սրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցական համալիրի սրահում կայացավ Հայոց ցեղասպանության96-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հուշ երեկո, որին մասնակցեցին ԱՄԷ-ումՀայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը, ազգային իշխանական կառույցների ղեկավար կազմը, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։

Հուշ-երեկոյի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը, որից հետո ցուցադրվեց Մեծ Եղեռնին նվիրված «Աղետ» փաստավավերագրական տեսաֆիլմը։

Այնուհետև, Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն։ Ավարտից հետո եկեղեցու բակում կանգնեցված՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող խաչքար-հուշարձանին ծաղկեպսակ և ծաղիկներ դրվեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության, համայնքային կազմակերպությունների և ներկաների անունից, որին հաջորդեց մոմավառության ավանդական արարողությունը։

Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկոները կշարունակվեն ապրիլի 29-ին և 30-ին ԱՄԷ Շարժա և Աբու Դաբի քաղաքներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---